Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ականների սուր արձագանքը՝ «Իմ քայլին». Հիշեցնում են, թե Դավիթ Սանասարյանն ինչ էր ասել Ալեն Սիմոնյանի՝ քրեական հեղինակությունների հետ կապի մասին

Նոյեմբեր 20,2019 13:48

Երեկ ընդդիմադիր խմբակցությունների քվեարկությունը քրեական ենթամշակույթ կրող անձանց եւ խմբավորումների մասին նախագծին ցույց տվեց, որ չեն կիսում իշխանական մեծամասնության մոտեցումը:

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ հարցրեցինք «Իմ քայլի» պատգամավորներին, թե այդ քվեարկությունից ի՞նչ են եզրակացնում, որ ընդդիմադիր պատգամավորները չե՞ն ուզում այսպես ասած «ճշտով տղերքի», «հարց լուծողների» հետ թարսվե՞լ, տալ-առնելի՞ք ունեն, թե՞ իսկապես նախագծում իրավական բացեր կան, որոնք թույլ են տալու դա մահակ օգտագործել ցանկացածի բանտ տանելու համար: Սուրեն Գրիգորյանը պատասխանեց, որ մի ամբողջ խմբակցության հասցեին չպետք է նման բան ասել ու պետք չի խորանալ այլ պատգամավորների քվեարկության մեջ:

Մարիա Կարապետյանը պատասխանեց, որ «Լուսավոր Հայաստանի» մոտեցումն անհասկանալի է, երբ գաղափարին կողմ են ու ձեռնպահ են քվեարկում, կարող էին առաջարկներ ներկայացնել, մինչեւ երկրորդ ընթերցում եթե չընդունվեին, երկրորդ ընթերցմանը նոր դեմ քվեարկեին. «Կողմ քվեարկելը կլիներ հզոր ազդակ հանրությանը, որ իրենք դեմ են երեւույթին: Իսկ ԲՀԿ-ից ասում են՝ պետք է լինի հստակ պատժելի արարք: Հիմա հարց՝ ՔԿՀ-ներում կամ բանակում մոլախաղերի համար գումար հավաքելը հստակ արա՞րք է, թե՞ չէ, պատժելի կարո՞ղ է լինել, թե՞ չէ»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի արձագանքը «Իմ քայլի» պատգամավորների քննադատություններին՝ քրեական հեղինակությունների հետ կապեր ունենալու մասին բավականին սուր էր. «Եթե ուզում ենք հիշել նախկինից ինչ-որ դեպքեր, էդքան հեռու չգնանք: Եկեք, օրինակ, հեղափոխության ակտիվ ջատագովներից, հեղափոխության մասնակիցներից ՊՎԾ-ի լիազորությունները դադարեցրած ղեկավարի հարցազրույցը լսենք, որտեղ ասում էր, թե ով ինչ ձեւով է մասնակցել եւ այլն: Ինչ վերաբերում է մեզ, նման հարցերում անձնական կապերը բացարձակ կապ չունեն, հանցագործ մարդը պետք է պատժվի, կապ չունի ում ծանոթն է, ում խնամին է»:

Լրագրողները ճշտեցին՝ նկատի ունեք Դավիթ Սանասարյանի հայտարարությունը Ալեն Սիմոնյանի՞ վերաբերյալ՝ Արտյոմ Ծառուկյանը պատասխանեց. «Ես արդեն ասեցի»:

Հիշեցնենք, որ Սանասարյանն ասել էր՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ թիվ 4 ընտրատարածքում օգտվել է տեղի քրեական հեղինակությունների աջակցությունից, քաղաքացիներին ստիպել են, որ Սիմոնյանի օգտին քվեարկեն: Մինչդեռ Ալեն Սիմոնյանը դա հերքել է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930