Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Իմ քայլի» պատգամավորը հիշեցնում է քրեական հեղինակության հետ Սերժ Սարգսյանի տեսանյութը, հակադարձում են՝ բա Նորատուսցի Ալիկի համար Սասուն Միքայելյանը չէ՞ր երաշխավորում

Նոյեմբեր 20,2019 13:32

Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները խոսեցին քրեական ենթամշակույթ կրող անձանց ու խմբավորումների մասին օրենքի նախագծից:

Սուրեն Գրիգորյանը հայտարարեց. «Իշխանության մեջ գտնվող տարբեր անձինք հաճախ հանդիպում էին, էդ վիդեոն մենք բոլորս հիշում ենք, որ կար քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ: Երբ որ պետությունը թույլ է ու նման վարքագիծ է դրսեւորում այս հարցում, պետք չի զարմանալ, որ նման երեւույթներ կարող են առաջ գալ»:

Ավելի ուշ Սուրեն Գրիգորյանը անուններով խոսեց. «Օրինակ, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: Առնվազն մի տեսանյութը ես եմ հիշում»: Խոսքը հարսանիքի՝ խնջույքի վայրում նրա եւ մի քրեական հեղինակության գտնվելու վերաբերյալ տեսանյութի մասին էր:

Լրագրողները հիշեցրին՝ կներեք, բայց որոշ ժամանակ առաջ ձեր գործընկեր Սասուն Միքայելյանն էր ստորագրություն տվել ու միջնորդում քրեական հեղինակություններից մեկի՝ Գեղարքունիքի մարզից Նորատուսցի Ալիկի՝ Ալիկ Բանդուրյանի ազատ արձակման համար, սա՞ ինչպես կմեկնաբանեք՝ Սուրեն Գրիգորյանը պատասխանեց. «Ոչ վաղ անցյալում մեր գործընկեր Սիսակ Գաբրիելյանը հանդես է եկել Արսեն Բաբայանի կալանքի խափանման միջոցը փոխելու, դա չի նշանակում, որ Գաբրիելյանը դրական է վերաբերվում պարոն Բաբայանի կողմից ենթադրաբար կատարված արարքների վերաբերյալ, թացը չորից պետք է տարբերել»: Զարմանքին, որ Նորատուսցի Ալիկին ու Արսեն Բաբայանին իրար հե՞տ եք համեմատում՝ Սուրեն Գրիգորյանը պատասխանեց. «Ես չեմ ասում՝ պարոն Բաբայանը քրեական հեղինակություն է: Ցանկացած անձ, անկախ նրանից՝ քրեական հեղինակություն է, թե ոչ, մարդ է, ում ազատությունը պետք է սահմանափակվի բացառապես օրենքով նախատեսված դեպքերում ու օրենքի չափանիշներով: Եթե պարոն Միքայելյանը գտել է, որ անգամ քրեական հեղինակություն լինող անձի ազատազրկման հիմքեր չկան, անձնական երաշխավորագիր է ներկայացրել, սա պետք չի երբեք դիտարկել, որ ուրեմն ինքը խրախուսում է այն երեւույթները….վաղը կարող է անձը մեղադրվի խարդախության մեջ, ես անձնական երաշխավորագիր ներկայացնեմ, դուք դրանից չեք կարող եզրակացնել, որ ես արդարացնում եմ խարդախությունը ու կողմ եմ այդ երեւույթներին»:

Հարցին՝ ասացիք, որ Սերժ Սարգսյանը քրեական հեղինակությունների հետ հանդիպելու սովորություն ուներ ու այդ մասին վկայող նաեւ տեսանյութեր կան, բայց դուք կարո՞ղ եք բացառել, որ այսօրվա իշխանության որեւէ ներկայացուցիչ կապեր չունի քրեական հեղինակությունների հետ՝ Սուրեն Գրիգորյանը պատասխանեց. «Ես բացառում եմ, որ այսօրվա իշխանության ներկայացուցիչներից որեւէ մեկը կապեր ունենա քրեական հեղինակության հետ: Եթե այնպես է ստացվել, որ կան անձնական բնույթի հարաբերություններ երկար տարիներից, չի կարելի ասել, որ ճանապարհին տեսնում եք իրար, ճանապարհը փոխեք: Դուք համեմատում եք երկրի նախագահի հետ: Երկրի նախագահը մի քիչ ավելին է, քան պետական պաշտոնյա: Ես նման ընկեր չունեմ, ովքեր այդ աշխարհի ներկայացուցիչ են, բայց եթե անգամ ունենայի ու լինեի մի օր երկրի բարձրագույն ղեկավարը, կդադարեցնեի շփումները, առնվազն հրապարակային շփումները, որպեսզի մարդկանց մոտ սխալ տպավորություն չստեղծվի»:

Մարիա Կարապետյանը, Հովհաննես Հովհաննիսյանը խոսեցին քրեական ենթամշակույթի տարածման հարցում մեդիայի դերի մասին, այն ֆիլմերի մասին, որտեղ բռնություն կա ու վստահեցրին, որ նման ֆիլմերի ցուցադրությունը պետք է արգելվի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930