Դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը կարծում է, որ հայոց լեզու, գրականություն, պատմություն առարկաները բուհական ծրագրից հանելը սխալ որոշում է, և ասում է, թե ինչու։
«Հայոց լեզու, հայոց պատմություն, կրոն։ Դրանց մասին նման որոշումներ ընդունելը ոչ թե սխալ է, այլ հայերեն չէ։
Եթե չհիմնվենք ազգային արժեքների վրա, եթե դրանք չդառնան մեր հիմնաքարը, հիմնասյունը, ապա մնացած ամեն ինչ օդում է, մերը չէ, կգա ու կգնա, ոչ մի հետք չի թողնի։
Հիմնականն ազգայինն է։
Կարդացեք նաև
Եթե կարողանանք դպրոցները բարձրացնել այն մակարդակին, որ այլևս բուհերում այդ առարկաներն ուսումնասիրելու կարիքը չլինի, միայն կգոռամ՝ բրավո։ Այն լեզուն, որն այսօր օգտագործում են մեր որոշ հեռուստաալիքներ, հայերեն չի։ Եվ ոչ միայն հեռուստաալիքները։
Դահլիճում նստած պատանիները նույն հայերենով շփվում են իրար հետ։
Բազմաթիվ օրինակներ կան։ Հարցը դա է, դրա վրա պետք է ուշադրություն դարձնել, թե սերունդը ոնց ենք դաստիարակում։ Եթե խոսում ենք այդ աղավաղված լեզվով, դրան արդեն ոչ մի բուհական ծրագիր չի օգնի»,-նշում է զրուցակիցը։
Կարծիք կա, որ եթե ֆիլմեր նկարահանվեին, օրինակ՝ մյուս ծանրամարտիկների սպորտային գործունեության, կյանքի մասին, կամ էլ պետական ֆինանսավորում հատկացվեր թատերական այլ ներկայացումների համար, ապա վերջերս բեմադրված պերֆորմանսի և նախկին ծանրամարտիկի կյանքի մասին պատմող ֆիլմի շուրջ նման աղմուկ չէր ստեղծվի։
Վիգեն Ստեփանյանն այս կարծիքի հետ համաձայն չէ։ «Մարդիկ ընդվզում են, ոչ թե աղմկում։
Դրանք շատ տարբեր հասկացություններ են։ Մարդիկ ընդվզում են, որովհետև ցանկացած ռեժիսոր այսօր դարակում պատրաստի մի 4-5 սցենար ունի և շատ ավելի հետաքրքիր թեմաներով։
Երբ տեսնում ես, որ նկարահանվում է մի գործ, որի հիմքում ոչ թե մարզիկի ճանապարհն է, սպորտի հետ կապված ինչ-որ պատմություն, այլ շեշտը հատուկ դրված է սեռը փոխելու վրա, իհարկե, ընդվզում ես, անձամբ ինձ դա հետաքրքիր չէ։
Դա շատ անձնական հարց է, որի մեջ մտնելն անգամ, շոշափելն ու առնչվելը ճիշտ չէ։
Ոչ ոք չգիտի, թե ինչ է կապված դրա հետ, գուցե իրոք մի ողբերգական պատմություն է։
Պերֆորմանսի առումով էլ անընդհատ ասվում է՝ ներկայացում, ներկայացում, ո ՞ւր է այնտեղ ներկայացում։ Անգամ վիրավորական է, որ դա ներկայացում են կոչում։
Բոլոր թատրոններն իրար հետ վերցրած այդքան ճաշակ ու ստեղծագործական միտք չունե ՞ն, որ արժանանան դրամաշնորհի, բայց մի խումբ գոռացող աղջիկներն՝ արժանանան։
Սա է խնդիրը, երբ բացահայտ տեսնում ես, որ արդարացի չէ, սխալ է և արվում է չգիտեմ ինչ հիմունքների վրա, բնական է, որ ընդվզում ես, ասում ես՝ եղբայր, այդպես չէ, հարցրեք, կյանք ենք դրել թատրոնի վրա, մի խելացի, կարևոր խորհուրդ տանք»,-կարծում է ՀՀ վաստակավոր գործիչը։
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում