Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն անդրադարձավ անշարժ գույքի հարկման մասին օրինագծին, որն ընդունվեց երեկ՝ քառօրյա նիստի ժամանակ:
Նա ասաց, որ կադաստրային գնահատում է կատարվում, եթե 3 մլնից ցածր է, գույքահարկ չի վճարվում, ըստ գործող օրենքի, իսկ երեկվա նախագծով անշարժ գույքի կադաստրային գնահատման նոր կարգ սահմանվեց, որով շուկայական գներով է հարկվելու, դա նշանակում է, որ գույքահարկը շեշտակի ավելանալու է: Օրենքն ուժի մեջ է մտնելու 2021-ին. «Մենք միակ քաղաքական ուժն էինք, ով դեմ քվեարկեց այդ նախագծին»:
Հարցին՝ ո՞ւմ է այդ օրենքը վերաբերելու, տատիկների՞ն, ո՞ւմ համար է թանկանալու գույքահարկը: Խաչատրյանը պատասխանեց, որ Հարկային օրենսգիրքը սահմանում է, որ եթե անշարժ գույքի կադաստրային արժեքը չի գերազանցում 3 մլն-ը, ապա հարկ չի վճարում: Հիմա դա հանվում է, քառակուսի մետրերին էլ անդրադարձ չկա, կադաստրային գնահատմամբ շուկայականին մոտեցման կարգն է սահմանվում. «Վաստակաշատ մարդիկ կան, որոնք անշարժ գույք են ժառանգել ու ունեն սոցիալական խնդիր, մենք ասում էինք, որ եկեք սահմանենք առանձին: Կստացվի, որ մարդիկ կան, որ կմնան անպաշտպան: Խոսքը չի գնում միայն թանկարժեք տներին, խոսքը գնում է ցանկացած գույքային գնահատման մասին»:
Բոլոր գործակիցները, որոնք պիտի ազդեն անշարժ գույքի վրա, պետք է սահմանվեն օրենքով, մինչդեռ գոտիականությունը կառավարությունն է որոշելու, սա նշանակում է, որ լծակը մնում է գործադիրին:
Կարդացեք նաև
Բանկային գաղտնիքին վերաբերող օրինագծին, որը երեկ ընդունվեց առաջին ընթերցմամբ, «Լուսավոր Հայաստանը» նույնպես դեմ է քվեարկել: Այս օրենքով քննիչները նույնիսկ այն անձանց վերաբերյալ, որոնք մեղադրյալ չեն, երրորդ անձ են, բանկային գաղտնիքին կարող են տիրապետել, տրվում է բանկային գաղտնիքին հասանելիություն ապահովելու նպատակով խուզարկություն եւ առգրավում իրականացնելու իրավունք. «Քննչական մարմիններին կարող են հայտնի դառնալ ոչ միայն բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները, այլ տեղեկություններ մարդու մասնավոր կյանքից, առեւտրային գաղտնիք գուցե»:
Պետբյուջեի նախագծի վերաբերյալ այս խմբակցությունը ներկայացրել է 150-ից ավելի առաջարկներ: Արկադի Խաչատրյանն ասաց, որ դեռեւս վերջնական որոշում չունեն, թե ինչպես են քվեարկելու:
Խոսելով վարչապետ Փաշինյանի ելույթի մասին, որտեղ անդրադարձ կար «Լուսավոր Հայաստանին»՝ նա ասաց, որ «Մեղադրել «Լուսավոր Հայաստանին», որ դեմ է աշխատավարձերի, թոշակների բարձրացմանը, իրականության հետ աղերս չունի, լինել դեմ նվազագույն աշխատավարձի բարձրացմանը կամ ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանը, չի կարող: Ճիշտ կլիներ, որ իշխանական ուժերը կարողանային շնորհակալություն հայտնել ընդդիմությանը՝ կառուցողական քննադատության համար»:
Քրեական ենթամշակույթի մասին նախագծին ԼՀԿ-ն ձեռնպահ է քվեարկել: «Իմ քայլը» խմբակցությունից քննադատեցին, որ հանձնաժողովում չփորձեցին ասել, թե ի՞նչ իրավական բացեր կան նախագծում, դրանք շտկեիք, նոր մտներ օրակարգ, ի՞նչն էր պատճառը: Հարցին՝ ունե՞ք մտավախություն,որ դա որպես մահակ կօգտագործվի՝ Խաչատրյանը պատասխանեց
Լրագրողները հարցրեցին՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ակտիվացել է, հանրության հետ նրա երկխոսության տեղ կա՞՝ Արկադի Խաչատրյանը պատասխանեց, որ դա իր իրավունքն է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ