Լրահոս
Օրվա լրահոսը

Գազալցակայանների սեփականատերերը շուտով դարձյալ կհայտնվեն նախարարության տեսադաշտում՝ զուգարանների պատճառով. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 20,2019 11:47

Հայաստանում հասարակական զուգարանների հարցը դեռ շարունակում է մնալ չլուծված, իսկ գազալցակայաններում զուգարանների սանիտարական հիգիենիկ վիճակը դարձյալ ոչ բարվոք է։ Թեեւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը համակարգում է գազալցակայաններում հասարակական զուգարանները բարվոք վիճակի բերելու խնդիրը, բայց հանրապետությունում դեռ մեծ թիվ են կազմում այն գազալցակայանները, որոնք կա՛մ չունեն զուգարան, կա՛մ էլ դրանք գտնվում են սարսափելի անմխիթար վիճակում։

ՀՀ ներգնա տուրիզմի անլուծելի թվացող խնդիրներից գլխավորը հասարակական զուգարանների բացակայությունն ու անմխիթար վիճակն է։ Զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների պատմելով՝ ճանապարհներին այնպիսի զուգարանների են պատահում, որ ամաչում են առաջարկել զբոսաշրջիկին, անգամ եթե դրանք գտնվում են գազալցակայանների տարածքում։ Մինչդեռ տնտեսվարողներն, օրենքով սահմանված կարգով պարտավոր են ունենալ բարվոք վիճակում գտնվող սանհանգույցներ։

Ինչպես հայտնի է, գազալցակայաններում հասարակական զուգարանները բարվոք տեսքի բերելու հարցով մտահոգված էր Կարեն Կարապետյանի կառավարությունը։ Իսկ, ահա, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը անցած տարի անցավ գործնական քայլերի։ Հիշեցնենք՝ նա հրահանգել էր գազալցակայանների ղեկավարներին պատշաճ տեսքի բերել եւ պահանջվող ստանդարտներին համապատասխանեցնել իրենց տարածքում գտնվող զուգարանները, սակայն նախարարի այս հրահանգը դժգոհությունների առիթ է տվել գազալցակայանների տերերի շրջանում, որոնք չեն ցանկանում իրենց միջոցներով բարեկարգել զուգարանները՝ նշելով, որ դա լրացուցիչ բեռ է իրենց համար։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրանց մի մասը սեփական միջոցներով քիչ թե շատ բարեկարգել է գազալցակայանի տարածքում գտնվող զուգարանը, իսկ մեծ մասը այդ հարցում դանդաղում է. չեն ցանկանում ծախս անել։

Միաժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը գրություններ է ուղարկել մարզպետարաններ այն մասին, որ կրկին ուսումնասիրվեն մարզի տարածքում գտնվող հասարակական զուգարանները։ Այսինքն՝ գազալցակայանների սեփականատերերը շուտով դարձյալ կհայտնվեն նախարարության տեսադաշտում:

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930