Լրահոս
Օրվա լրահոսը

Գործող իշխանությունները ծառի արմատը միտումնավոր թեք են տնկել: Իսկ հավանականությունը, որ այն կուղղվի, շատ ավելի փոքր է. Սիրանուշ Սահակյան. «Փաստ»

Նոյեմբեր 20,2019 11:07

Դեռ ամիսներ առաջ փորձագիտական շրջանակները բարձրաձայնել էին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմի ընտրության կարգի վերանայման անհրաժեշտության մասին։ Այդուհանդերձ, կազմը չընտրվեց մրցութային եղանակով, թեպետ այդ առնչությամբ ևս իրենց առաջարկներն էին ներկայացրել միջազգային որոշ կառույցներ։

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանի հետ զրուցել ենք հանձնաժողովի անդամների ընտրության, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա խնդիրների մասին։ Ս. Սահակյանը նախ շեշտեց, որ ցանկացած մարմնի լեգիտիմության համար կարևոր են մարմնի ձևավորման և կազմավորման սկզբունքները։

Ուժեղ և պաշտպանված ինստիտուտ ունենալու համար, ըստ նրա, նախադրյալ է պետք. «Միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքը հանգեցրեց Հայաստանի հակակոռուպցիոն օրենսդրության էական բարելավմանը։

2018թ. դեկտեմբերին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) հստակ ազդակներ փոխանցեց իշխանություններին։ Այնտեղ նշված էր, որ ՀՀ իշխանությունները պետք է հստակ չափանիշներ մշակեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամների առումով և ապահովեն այդ գործընթացի թափանցիկությունը։

Դրանից հետո պետք էր ապահովել հանձնաժողովի անդամների օբյեկտիվ և թափանցիկ նշանակումները, այդ թվում՝ ապաքաղաքական ընտրություններ իրականացնել, որպեսզի վերջիններս զերծ մնան հնարավոր քաղաքական ազդեցություններից։ Մենք տեսանք, որ այս հանձնարարականն անտեսվեց, և դրա փոխարեն հետընթաց ունեցանք։ Ընդգծվել էր, որ նախորդ իշխանությունների ժամանակ ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը և հանրային ծառայության ոլորտի բարեփոխումներն առաջադիմական են, կարևորվել էր որոշ առաջադիմական դրույթների կենսագործունեությունը։ Կարևորագույն սկզբունք դիտարկվեց մերիտոկրատիան, որտեղ այս առաջնային ոլորտի կառավարումը պետք է հանձնվի ունակ մարդկանց՝ անկախ ֆինանսական կարողությունից, սոցիալական ծագումից ու այլ կապերից։ Բայց այդ ամենից հետո տեսանք զարգացում, ըստ որի՝ մրցութային ընթացակարգը պարզապես չգործարկվեց, և անգամ մրցութային հանձնաժողով ձևավորելու քայլեր և որոշումներ չեղան, որոնք մրցույթ կազմակերպելու նախադրյալներ կստեղծեին»։

ՀԿ համահիմնադիրը այս համատեքստում խնդիր է համարում նաև այն հանգամանքը, որ հետաձգվեց «Հանրային ծառայության մասին» օրենքի առաջադեմ դրույթների գործողությունը։ Նա որոշ օրինակներ ընդգծեց, որոնք փորձաքար կլինեն վերոնշյալ հանձնաժողովի համար։

«Մենք արդեն իսկ հրապարակային դաշտում ունենք լուրջ խնդիրներ, որոնք վերաբերում են շահերի բախմանը։ Ունենք Տիգրան Ավինյանի խորհրդականի օրինակը, Սարհատ Պետրոսյանի կողմից բարձրաձայնված հարցերի օրինակը, ունենք նաև վիրավորական արտահայտություններ բարձրագույն պաշտոնատար անձանց կողմից։Մենք կտեսնենք, թե այդ միջադեպերը որքանո՞վ են ստանում իրենց արժանի արձագանքը, և դրանով իսկ կստանանք այն հարցի պատասխանը, թե նրանք որքանո՞վ են անկախ և ազատ գործելու։ Եթե ունակ կլինեն արձագանքելու՝ կփարատեն ընթացակարգային չարաշահումների հետևանքով իրենց՝ ոչ լեգիտիմության հարցը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հակառակ պարագայում հանձնաժողովն ուղղակի ձախողման է դատապարտված։

«Հայաստանյան մոդելի դեպքում, երբ վերջնական ընտրությունը վերապահված է քաղաքական մարմնին, հանձնաժողովի ապաքաղաքականացվածության երաշխիքը հրապարակային ու թափանցիկ մրցույթ կազմակերպելն էր, որտեղ ինքնառաջադրման միջոցով արժանի մարդիկ կմասնակցեին գործընթացին, իսկ նրանց հետ կազմակերպվող քննարկումները, հարցազրույցները կլինեին հրապարակային։ Այդ ամենի արդյունքում հանրությունը վստահություն կձևավորեր առ այն, որ ամենաուժեղ թեկնածուներն իրենց արժանիքների համար են հայտնվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում և, քաղաքական ազդեցություններից զերծ մնալով, լավագույնս կլուծեն խնդիրները։ Եթե մրցութային ընթացակարգը շրջանցվել է, և առաջադրումներ են եղել նախասիրությունների հիման վրա, մենք ապաքաղաքական մարմնի և գործունեության որևէ երաշխիք չունենք։

Այս առումով կառույցը բավարար լեգիտիմություն չունի, և այս պահին արդեն քաղաքական հարցերում ունի մեծ խոցելիություն։ Մենք ունենք այսպիսի իրավիճակ. գործող իշխանությունները ծառի արմատը միտումնավոր թեք են տնկել և չեն ցանկացել ուղիղ ծառ տնկել, որպեսզի բավականին փարթամ ու մեծ ծառ լինի։ Իսկ հավանականությունը, որ այն կուղղվի, շատ ավելի փոքր է»,-շեշտեց Ս. Սահակյանը։

Անդրադառնալով Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին՝ նա շեշտեց. «Կոռուպցիայի գոյության մասին խոսում են ցուցանիշները, որոնք վկայում են, որ կոռուպցիայի դեմ պայքարի առումով նշանակալի տեղաշարժեր չեն եղել, իսկ ցուցանիշը շարունակում է նույնը մնալ։ Կոռուպցիայի կանխարգելման կամ պայքարի հաջողությունը պայմանավորվում է մի քանի գործոններով։ Առաջինն ինստիտուցիոնալ համակարգն է, բայց ինստիտուցիոնալ համակարգը չգործարկվեց բարելավված ձևով։ Ավելին, վերափոխվեց, որպեսզի համապատասխան չլինի միջազգային ստանդարտներին։ Դա արվեց Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության՝ պետությանն ուղղված հանձնարարականների ուղղակի անտեսմամբ։ Այստեղ վտանգվեց նաև պետության վարկանիշը։ Մենք ունենալու ենք գնահատական, որ Հայաստանը շրջանցել է ՏՀԶԿ հանձնարարականները, և ապագայում դեռ պետք է բարելավի իր օրենսդրությունը, որպեսզի ունենա համապատասխան կառույց։

Երկրորդ կարևոր գործոնը կոռուպցիոն հանցագործությունների բացահայտվածության աստիճանն է, դրանցում քաղաքական տարրի բացակայությունը։ Բայց մենք այս առումով ևս այլ իրավիճակ ենք արձանագրում. տեսնում ենք իրավիճակային, անհատական արձագանքներ, որոնց հետևում պատվեր կա։ Այս պարագայում ևս չկա վստահություն, որ կոռուպցիոն բոլոր միջադեպերն իրենց համապատասխան զարգացումն են ստանում։

Երրորդ գործոնն այն է, թե պետությունն այս ոլորտի վերաբերյալ ինչպիսի տեսլական ունի, և ինչպիսի հիմնավոր հանրային քաղաքականություն է մշակում։ Եթե ուսումնասիրենք հակակոռուպցիոն ոլորտի ռազմավարական փաստաթղթերը, ապա կտեսնենք, որ ի հայտ բերված հստակ խնդիրներ չկան, խնդիրների հաղթահարման երկարաժամկետ տեսլական ևս չկա»։

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930