Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդլայնվել է հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը. Արդարադատության նախարարություն

Նոյեմբեր 20,2019 10:41
haytararutyun

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի և ««Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկվում է՝

  • ընդլայնել հայտարարատուների շրջանակը,
  • ներդնել ծախսերի հայտարարագրման ինստիտուտը,
  • ճշգրտել հայտարարագրման ենթակա գույքի տեսակները,
  • վերանայել գույքը հայտարարագրելիս ներկայացվող տեղեկատվությունը,
  • ճշգրտել պաշտոնատար անձանց կողմից ստացվող փոխառությունների և վարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:

Այսպիսով՝

  • Նախագծով վերանայվել է հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը: Առաջարկվում է հայտարարագրման պարտականություն նախատեսել նաև 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների և աշխատակազմի քարտուղարների համար: Միաժամանակ, առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն սահմանել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի, համայնքի ղեկավարի, համայնքի ավագանու անդամի, Երևան քաղաքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններին մասնակցող թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վրա:
  • Հայաստանում և արտասահմանում պաշտոնատար անձի ունեցած ֆինանսական միջոցների բացահայտումը հեշտացնելու նպատակով Նախագծով առաջարկվում է նախատեսել պաշտոնատար անձի կողմից լիազոր մարմնին իր անունից համապատասխան տեղեկության վերաբերյալ հարցումներ կատարելու մասին լիազորագիր տալու պահանջ: Լիազորագրի ձևանմուշը սահմանվելու է ՀՀ կառավարության կողմից: Այս կարգավորման ներդրումը հնարավորություն կտա խնայել լիազոր մարմնի ռեսուրսները, և լիազոր մարմինը ապահովված կլինի հավաստի տեղեկատվություն ստանալու հնարավորությամբ: Գույքի հայտարարագրման ժամանակ Նախագծով հայտարարատուի վրա դրվում է պարտավորություն՝ ներկայացնելու նաև արտասահմանում գտնվող գույքի վերաբերյալ տեղեկատվություն:
  • Նախագծով առաջարկվում է սահմանել պաշտոնատար անձի կողմից փաստացի տիրապետվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցները, թանկարժեք գույքը հայտարարագրելու պահանջ, ինչը հնարավորություն կտա հայտարարագրման վերաբերյալ վերոնշված խնդիրները լուծել:
  • Առաջարկվում է ընդլայնել նաև գույքի հայտարարագրման ժամանակ ներկայացվող տեղեկատվության շրջանակը: Տեղեկատվություն է ներկայացվելու նաև անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, արժեթղթերի ձեռքբերման գործարքի արժեքի, գործարքի մյուս կողմի վերաբերյալ, ինչպես նաև սահմանվել է բանկային ավանդի և բանկային հաշվի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու պահանջ: Առաջարկվում է նվազեցնել Օրենքով սահմանված թանկարժեք գույքի դրամական շեմը:
  • Առաջարկվում է ներդնել ծախսերի հայտարարագրման ինստիտուտ: Նաև առաջարկվում է սահմանել հայտարարագրման ենթակա ծախսերի տեսակները, և ծախսերի վերաբերյալ ներկայացվող տեղեկատվության շրջանակը: Դրա շնորհիվ լիազոր մարմինը հնարավորություն կունենա ստանալու ամբողջական տեղեկատվություն հայտարարատու պաշտոնատար անձի գույքային դրության վերաբերյալ և կնպաստի հնարավոր խախտումների բացահայտմանը:
  • Առաջարկվում է տարանջատել հայտարարագրման ենթակա եկամուտների որոշ տեսակներ, մասնավորապես՝ ստացված վարկերը և փոխառությունները: Սա պայմանավորված է նշված երկու եկամուտների տեսակների բովանդակային տարբերությամբ: Նախագծով առաջարկվում է նվազեցնել Օրենքի 41-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դրամական շեմը:

Այս փոփոխությամբ ակնկալվում է կատարելագործել հայտարարագրման ինստիտուտը, որը հնարավորություն կտա ապահովել հայտարարատու պաշտոնատար անձանց գործունեության թափանցիկությունը: Հայտարարագրման ենթակա տեղեկատվության, հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց վերանայված շրջանակն ապահովելու է հայտարարատու պաշտոնատար անձի գույքային դրության վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, ինչը հնարավոր խախտումների բացահայտման արդյունավետ գործիք է:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930