Այդ հարցը հաճախ են ինձ տալիս ծանոթ եւ անծանոթ մարդիկ, բայց սպառիչ պատասխան կարող են տալ միայն իրավաբանները: Կարող եմ խոսել միայն իմ ենթադրությունների մասին: Տպավորություն է ստեղծվում, որ Երկրորդ նախագահը եւ, հետեւաբար, նրա փաստաբանական թիմը չեն ուզում, որ այդ դատաքննությունը սկսվի կամ էլ՝ ցանկանում են, որ դա տեղի ունենա որքան հնարավոր է ուշ: Այլ կերպ չեմ կարող բացատրել խափանման միջոցը փոխելու անվերջանալի միջնորդությունները, ինչպես նաեւ բազմաթիվ բացարկներն ու ինքնաբացարկները:
Թվում է, որ պետք է հակառակը լինի. Քոչարյանն ու նրա փաստաբանները պնդում են, որ ոչ մի քրեական գործ չկա, որ այն, ինչ գրված է գործի բազմաթիվ հատորներում, Գյուլնազ տատի հեքիաթներ են եւ հենց որ դատաքննությունը սկսվի, դա բոլորի համար պարզ կդառնա: Եթե այդպես է, ապա նրանք պետք է որ խիստ շահագրգռված լինեն, բուն դատական պրոցեսը սկսվի որքան հնարավոր է շուտ եւ իրենք հիմնովին ջախջախեն մեղադրական կողմի բոլոր փաստարկները: Սակայն, արդեն կես տարուց ավելի է՝ նրանք ամեն ինչ անում են՝ դատավարությունը ձգձգելու համար:
Քաղաքական տրամաբանությունը նույնպես, կարծես թե, հուշում է, որ դատական ամբիոնը հենց այն տեղն է, որտեղ Երկրորդ նախագահը կարող է ոչ միայն հերքել մեղադրանքը, այլեւ խարազանել ներկա իշխանություններին եւ փորձել համախմբել նրա բոլոր հակառակորդներին: Սակայն դա տեղի չի ունենում՝ գուցե այն պատճառով, որ քաղաքական պայքարը Քոչարյանի տարերքը չէ, նրան ավելի հոգեհարազատ են ապարատային խարդավանքները, որոնցով նա, ի ցավ իրեն, այժմ չի կարող զբաղվել:
Այնուամենայնիվ, պետք է լինեն հիմնավոր պատճառներ, թե ինչու են Երկրորդ նախագահի փաստաբանները անընդհատ (եւ պետք է ասել՝ վարպետորեն) հետաձգում դատավարության սկիզբը: Առաջին պատճառը թերեւս այն է, որ Քոչարյանը սպասում է, որ հեղափոխական էյֆորիան նվազի, «նախկիններին պատժելու» խանդավառությունը թուլանա, մարդիկ շարունակեն բախվել առօրյա կյանքի դժվարություններին, եւ այդ ֆոնին հասարակության մեծ մասի բացասական վերաբերմունքը Քոչարյանի հանդեպ գոնե որոշ չափով կմեղմվի: Իսկ եթե դա տեղի ունենա, գուցե կհաջողվի կերտել «հալածյալ հերոսի» կերպարը:
Կարդացեք նաև
Ձգձգելու մարտավարության համար կա, ըստ երեւույթին, եւս մի պատճառ. հասարակության այն մասը, որն իշխանությունից «վճռական քայլեր» է պահանջում «նախկիններին» կախելու, քառատելու եւ վերջնականապես ոչնչացնելու առումով, թերեւս կարող է հիասթափվել, թե ինչու այդ ամենը տեղի չի ունենում իրենց ցանկացած արագությամբ. «է՜, չեն կարողանում սրանց հախից գան»:
Թե որքանով են Երկրորդ նախագահի այդ հաշվարկները ճիշտ, ինչպես ասում են, ցույց կտա ժամանակը: Ճիշտն ասած, վստահ չեմ, որ Քոչարյանի պարագայում ժամանակի վրա խաղալն օգուտ կբերի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հաջորդ ընտրություններից մեկ,երկու ամիս առաջ կլինի դատավճիռը….,որին Դուք է անհամբեր սպասում եք….
Անկարելի է որ հասկցած չլինէք շատ աւելի պարզ ու յստակ կացութիւնը: Հիմա որ բազմիցս ու շեշտակի կերպով հաստատուեցաւ որ այն «դատաւորները» որոնք Քոչարյանը պիտի «դատեն» պարզապէս գործադիր իշխանութեան ստորադաս քարտուղարներն են, պաշտպան իրաւաբանները սպասում են ՄԻԵԴ-ի որոշումներուն: Մինչ այդ, ամէն մի հայց եւ դիմում որ ներկայացնում են՝ դատարան ծպտուած քաղաքական ատեանին, ի նպաստ Քոչարյանին աւելի է զօրեղացնում օրինական թղթածրարները, ՄԻԵԴ-ում:
Անշուշտ, չի բացառվում որ՝ ա. ՄԸԵԴ-ն ալ քաղաքական մօտեցում ցուցաբերէ, ի վնաս Քոչարեանին (դա կախում ունի թէ որքան գոհ են արեւմտեան կառավարութիւնները Հայաստանի այժմու վարչակարգէն, կամ դեռ յոյսեր ունին այդ ուղղութեամբ…), կամ ել՝ բ. վարչակարգը անտեսէ նաեւ ՄԻԵԴի որոշումները:
Ռոբերտ Քոչարյանի իմաստասէր համակիրներս արդէն հասկացանք որ նա մնալու է բանտը, մինչեւ որ այս վարչակարգի ժամանակը անցնի: Ոչինչ: Այս ալ թող լինի իր կողմանէ յաւելեալ զոհաբերում մը, յանուն Ազգին եւ Հայրենիքին: Եւ հետեւաբար ու ըստ այնմ՝ յարգանքի յաւելեալ աղբիւր:
Կը մնայ որ ձեր այդտեղ, անաստուածները սխալած չլինեն, որպէսզի ամբողջ երկրին չվիճակուի երկնային պատիժ, այս ծայրագոյն անիրաւութեան համար:
Ամէն դէպքում, բարի վայելում եւ զուարճացում, որքան որ տեւէ, այս անձին նկատմամբ արտակարգ տարողութեամբ, բացառեալ ու բացարձակ ատելութիւն ունեցողներուն:
Մ. Հայդուկ Շամլեան, Կանադա
https://haytougchamlian.blog/
https://www.facebook.com/Blog-H-368796210632940