Քաղաքագետ Գագիկ Համբարյանն, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Քրեական ենթամշակույթ կրող անձանց վերաբերյալ» օրենքի նախագծին, համաձայն որի՝ մինչև 20 տարվա ազատազրկում է նախատեսվում, կարծիք հայտնեց, որ նման օրենքի ընդունումը չպիտի լինի ինքնանպատակ։ Ըստ քաղաքագետի, օրենքով գողերը, որոնք իրենց գործունեությունը մեծամասամբ ծավալում են հայրենիքից դուրս, երբեմն այնպիսի վեճեր են հարթում, շահերի պաշտպանություն իրականացնում Սփյուռքի մեր հայրենակիցների, արտագնա աշխատանքի մեկնածների համար, որը չի կարողանա անել մեր երկրի արտաքին գործերի նախարարությունը։
«Առաջին հայացքից, որ նայում ես, կարելի է ծափողջյուններով ընդունել նման օրենքի ընդունումը, բայց հաշվի առնելով մեր ժողովրդի մենաթալիտետը և այն իրավիճակը, որ կա մեր երկրում, կարող եմ ասել, որ այս օրենքը որևիցե օգուտ չի կարող տալ։ Օրինակ են բերում Վրաստանին, Վրաստանի համար այս օրենքը շատ կարևոր էր ինչ առումով, ես ինքս Վրաստանի հետ սերտ կապեր եմ ունեցել և լավ հիշում եմ, թե 90-ական թվականներին ինչ իրավիճակ էր այնտեղ, կոնկրետ Թբիլիսիում, երբ որ ամեն մի շենք ուներ իր օրենքով գողը։
Եթե Հայաստանի Հանրապետությունում այդ վիճակը լիներ, ես ինքս էլ կողջունեի, բայց հիմա, եթե այդ օրենքը հատուկ ընդունում ենք մի քանի հոգու Հայաստանից վտարելու համար, կարելի է առանց այդ օրենքի էլ վտարել և վերջացնել, ինչպես ժամանակին դա արեց ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը։ Դա մեկ, երկրորդը՝ այդ մարդկանց գործունեության, այսպես ասած, «դիապազոնը» շատ լայն է, և այդ նույն օրենքով գողերը, որոնք հիմա գտնվում են Հայաստանում, երբևիցե Հայաստանով չեն ապրել։ Բացի դրանից, մենք պիտի ճշգրտենք՝ ի՞նչ են անում նրանք, որ այդքան դուր չի գալիս գործող իշխանություններին․ փորձում են սահմանափակել նրանց գործունեությունը և արդյո՞ք այն, ինչ նրանք անում են, կարող են այս իշխանություններն անել։ Օրինակ՝ շատ դեպքերում սովորական մարդիկ ինչո՞ւ են դիմում հենց օրենքով գողերին տարբեր հարցեր պարզելու համար, որովհետև երբ որ դիմում են պետական կառույցներին, այդ հարցը ոչ միայն լուծում չի ստանում, այլ շատ դեպքերում անարդարացի ընթացք է ունենում՝ ի վնաս դիմողի։ Իսկ նման դեպքերում, երբ որ դիմում են օրենքով գողերին, շատ օպերատիվ է լուծվում։ Իսկ պետական մակարդակներում լուծվում է մի քանի տասնյակ տարիների ընթացքում, եթե, իհարկե, լուծում են։
Մենք պետք է հասկանանք, թե մեր ժողովուրդը որ երկիր արտագնա աշխատանքի մեկնելու շնորհիվ է ապրում, պետք է հասկանանք, որ այդ ենթամշակույթը Ռուսաստանում շատ ընդունված է։ Հիշո՞ւմ եք ինչ հիստերիա բարձրացրեցին մեզ մոտ Ռոբսոնի պահով, ես գտնում եմ, որ Ռուբեն Թաթուլյանին պետք չէր դիվանագիտական անձնագիր տալ, բայց որևիցե մեկը, որը եղել է Սոչիում, կպատկերացնի, թե այնտեղի հայերը ինչ վիճակում կհայտնվեն, եթե չլինի Ռուբեն Թաթուլյանը։ Ես իհարկե, չեմ արդարացնում օրենքով գողերին, բայց օբյեկտիվ լինենք՝ դուք գիտե՞ք քանի տասնյակ հազարավոր մարդկանց Ռուսաստան արտագնա աշխատանքի կանչելով՝ փորձում են խաբել ու չտալ գումարը, և այդ բոլոր հարցերը լուծում են այն մարդիկ, որոնց դեմ օրենքը ընդունվում է»։
Կարդացեք նաև
Գագիկ Համբարյանի ասելով, եթե օրենքով գողերի ինստիտուտը շատ վատը լիներ, նրանք ԱՄՆ-ում ազատ ման չէին գա ու որպես օրինակ մեջբերում է Արմեն Ղազարյանին՝ Պզոյին։
«Եթե այդ օրենքով գողերի ինստիտուտը շատ վատը լիներ, ԱՄՆ-ում այսքան ազատ չէին ման գա, հիշո՞ւմ եք մի քանի տարի առաջ ինչ սկանդալ բարձրացավ Medicare-ի գործով հայտնի Արմեն Ղազարյանի՝ Պզոյի մասնակցությամբ։ Հիշո՞ւմ եք CNN, CBS-ն առավոտից երեկո լուրերի հիմնական թողարկմամբ ինչեր էին տալիս, հիշո՞ւմ եք՝ ինչ հոդված էր դրված Արմեն Ղազարյանի վրա, ցմահ էր, իսկ որտե՞ղ է հիմա Արմեն Ղազարյանը, բնակվում է նույն ժողովրդավարական ԱՄՆ-ում, վայելում է իր միլիոնները, դստեր հարսանիքին էլ անում է Երևանի ամենաշքեղ ռեստորանահյուրանոցային համալիրներից մեկում։
Հիմա, եթե այդ համակարգը շատ հմուտ կերպով գոյություն ունի ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Եվրոպայի շատ զարգացած երկրներում, Չինաստանում, դա չինական տրիադաներն են, Ճապոնիայում դա յակուձան է, մենք ո՞ւմ դեմ ենք ելել, ինչի՞ համար ենք ելել, ի՞նչ ենք ուզում ապացուցել։
Հիշո՞ւմ եք մի քանի տարի առաջ Ֆուկուսիմայի աղետը՝ ցունամին, գիտեք ճապոնական օրենքով գողերի մաֆիան, որը կոչվում է յակուձիա, իր անունից միլիարդավոր դոլարների օգնություն է տրամադրել տուժածներին։ Գիտեք, ես շատ հեռու եմ այդ կյանքից, բայց ուսումնասիրում եմ նրանց գործունեությունը, չեմ ասում, թե շատ լավ է, որ կան։ Նրանք, որ կան, դա իշխանությունների խնդիրն է, առավել ևս իրավապահ համակարգի, արդարադատության, բայց այդ խնդիրը կա բոլոր երկրներում,այդ թվում ժողովրդավարական ԱՄՆ-ում։ Գիտեք այնտեղ իտալական մաֆիան, մեքսիկների մաֆիան, սևամորթների մաֆիան, չինական մաֆիան, վիետնամականը, իռլանդականը ի՞նչ դիրքեր ունեն, և դա ոչ մեկի համար նորություն չէ, բոլորը համագործակցում են իշխանությունների հետ։ Հիմա մենք ի՞նչ ենք ուզում սրանով ապացուցել, ո՞ւմ ենք ուզում ապացուցել, որ մենք Հռոմի պապից կաթոլի՞կ ենք։
Ես ժամանակին ունկնդրել եմ Դոնարա Հարությունյանի՝ Լենինականի քաղկոմի քարտուղարի դասախոսությունը Շիրակի համալսարանում, ուսանողներից մեկը նրան հարց տվեց, թե օրենքով գողերն արդյո՞ք համագործակցել են իշխանությունների հետ։ Նա այնքան հետաքրքրիր դրվագներ պատմեց այդ համագործակցությունից։ Այս իշխանությունները գիտե՞ն, որ շատ դեպքերում թաղային հեղինակություններն ու գողական աշխարհի ներկայացուցիչներն են, որ զուսպ են պահում շատ երիտասարդների, որոնց կյանքի ընթացքը շատ սխալ ուղիով է գնում, և նրանք մեծ խնդիրներ կարող են ստեղծել և՛ իրենց, և՛ հասարակության համար։ Դոնարա Ասքանազովնան հենց այս պահով էր ասում, որ Խորհրդային Միությունում դպրոցականների և երիտասարդների խնդրահարույց հարցերը լուծվել են գողական աշխարհի ներկայացուցիչների ձեռքերով, որպեսզի այդ երեխաներին չձերբակալեն, չգցեն մանկական գաղութները և չխեղեն նրանց ամբողջ ճակատագիրը։ Ես հիմա ուզում եմ հարց տալ՝ նպատակը ո՞րն է այդ օրենքի ընդունման, ի՞նչ խնդիր ունի պետությունը նրանց հետ, ի՞նչ են արել, որ պետությունը չի կարող այլ մեթոդներով նրանց կարգի հրավիրել։ Եթե ապացույցներ ունեն, որ նրանք օգտագործվել են ընտրությունների ժամանակ իշխանությունների կողմից, թող դնեն դատեն, նոր իշխանությունները թող չօգտագործեն նրանց»։
Ըստ Գագիկ Համբարյանի, այդ պայքարի բացասական արդյունքները Սահակաշվիլիի հարազատ կուսակցությունը գոնե թե ճաշակել է։
«Սահակաշվիլիի վարկանիշի վրա բացասական ազդեց նրա՝ գողական աշխարհի դեմ պայքարի որոշ մեթոդները, երբ որ բանտերում փորձում էին այդ աշխարհի ներկայացուցիչներին նսեմացնել, հետույքներում ավել մտցնել։ Սահակաշվիլի հրաժարականից հետո նրա կուսակցությունը պարտվեց ընտրություններում, որովհետև այդ կադրերը հայտնվեցին։ Մենք չպետք է աչքը բուժելու փոխարեն աչքը հանենք, հասկանաք, որ այս աշխարհի ներկայացուցիչները շատ դեպքերում Սփյուռքում ապրող մարդկանց համար ավելին են անում, քան ՀՀ-ն ի վիճակի է անել տարբեր մակարդակներով։ Եթե որոշ «արդարամիտներ» դոշ են ծեծում Ռուբեն Թաթուլյանի դեմ, թող գնան տեսնեն, թե այդ մարդն ինչ հարաբերություն ունի Պուտինի հետ։ Գողական աշխարհի դեմ արշավ կազմակերպողներին հիշեցնեմ նաև, որ նույն գողական աշխարհի ներկայացուցիչներից Սվո Ռաֆն արցախյան պատերազմի ժամանակ բավական մեծ ռազմական օգնություն է ցույց տվել հայոց բանակին, և ոչ միայն նա, իսկ ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ ազերի ասկյարների կողմից սպանված և գլխատված Քյարամ Սլոյանի գլուխը, ըստ հավաստի տեղեկությունների, վերադարձվել է Հայաստան այդ նույն գողական աշխարհի ներկայացուցիչների ջանքերի շնորհիվ», -ասում է Գագիկ Համբարյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ