Լրահոս
Օրվա լրահոսը

Կարատեի մարզիչի գործով պաշտպանները բացարկ հայտնեցին դատախազին՝ միջնորդելով նրան հեռացնել գործի վարույթից

Նոյեմբեր 20,2019 13:30

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վ.Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է Սամվել Այվազյանի վերաբերյալ քրեական գործով նախապատրաստական փուլը:

Դատակոչվելու է քսաներկու վկա, որից երեքն էին ներկայացել դատարան:

Չէր ներկայացել նաեւ այս գորով տուժող Շալիկո Մանուչարյանը` «Շալո» մականունով հայտնի, որի կապակցությամբ պաշտպանական կողմը հայտնեց, թե նա իրեն քրեական հեղինակություն չի համարում, տուժող չի համարում, չի ճանաչել ամբաստանյալին եւ առհասարակ իրեն մեկուսացրել է այս քրեական գործից:

Սամվել Այվազյանին մեղադրանք էր առաջադրվել վանաձորցի քրեական հեղինակություն, գործով տուժող Շալիկո Մանուչարյանի՝ Շալոյի մահափորձի  համար:

Հիշեցնենք, դատարան ուղարկված տասներեք հատորանոց գործի մեղադրական եզրակացության համաձայն՝ «Սամվել Այվազյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա Եվգենի Կաչակի եւ գործով չպարզված մի խումբ անձանց հետ ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ապօրինաբար կյանքից զրկել Վանաձոր քաղաքի բնակչին, որի համար Ղազախստանի Հանրապետությունից ՀՀ է հրավիրել ընկերոջը՝ Եվգենի Կաչակին: Վերջինս երկար տարիներ ծառայել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության ջոկատում, ՀՀ ոստիկանության զորքերում՝ որպես դիպուկահար, ինչի մասին քաջատեղյակ է եղել Սամվել Այվազյանը, քանի որ նախկինում միասին աշխատել են Ղազախստանի Հանրապետությունում՝ Ալմա Աթա քաղաքի «Եվրոպոլիս» ընկերությունում՝ որպես թիկնապահ»:

Պաշտպանական կողմի փաստաբանները` Ա. Ծառուկյանն ու Գ.Հովհաննիսյանն ասացին, որ մեղադրող Սարգսյանն ակնհայտ շահագրգիռ անձ է, քանի որ քննիչ Վազգեն Մամիկոնյանն ակնհայտ ապօրինություններ է թույլ տվել, իսկ նա որպես հսկող դատախազ չի օգտագործել իր գործիքակազմը՝ կասեցնելու քննիչի ապօրինությունները:

Մասնավորապես, նշվեց, որ մինչ քրեական գործ հարուցելը, քննիչը կապի մեջ է գտնվել եւ իր հեռախոսով վայբեռ համակարգի միջոցով աշատանքային ժամերից դուրս շփվել առանցքային վկայի, Ղազախստանի Հանրապետությունում գտնվող Եվգենի Կաչակի մտերմուհու՝ Ի. Իվանովնայի հետ, նրան ուղարկել որոշակի նախաքննական տվյալ հանդիսացող տեղեկություններ:

Այդ տվյալներն, ինչն արգելված է եղել պաշտպանների կողմից հրապարակելը, քննիչը ուղարկել է այդ կնոջը` առանցքային վկային:

Ի դեպ, ԱԱԾ ուղարկած հանցագործության մասին հաղորդման համաձայն, նշված քննիչը 11 ամիս դատարան է ներկայացրել անձանց հարցաքննության արձանագրությունների առաջին էջերը, առաջին ատյանի դատարանում գործը լսվել եւ որոշում էր կայացվել՝ առանց հիմնավոր կասկածը հիմնավորող որեւիցե նյութի (նյութերի բացակայությամբ) եւ հիմքերի, ինչպես նաեւ հարցաքննության արձանագրությունների առաջին էջերով, առանց դրանց բովանդակությանը ծանոթանալու: Նշվեց նաեւ, որ առերեսումը, որը կատարվել է Սամվել Այվազյանի եւ Ի. Իվանովնայի միջեւ, փաստաթղթերը ռուսերեն են, եւ մինչ օրս չեն թարգմանված:

Մինչդեռ, ըստ պաշտպանների, եթե հսկողությունը դատախազի լիներ պատշաճ,  ապա ակնհայտ կդառնար Ս. Այվազյանի անմեղությունը: Մինչդեռ, դատախազը կողմնակալ է:

Պաշտպանական կողմը հիշեցրեց վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ս. Մարաբյանի նախագահությամբ հոկտեմբերի 25-ին հրապարակված որոշման մասին. Սամվել Այվազյանի խափանման միջոցը փոխվել է, եւ նա դատարանի դահլիճից անհապաղ ազատ էր արձակվել, քանի որ ամիսներով որեւէ քննչական գործողություն չի կատարել քննիչը, ինչն արձանագրել էր դատարանը:

Դատախազ Սարգսյանն առարկեց իրեն բացարկ հայտնելու եւ վարույթից հեռացնելու դեմ, ասաց՝ անհասկանալի քայլ է, միջնորդությունն արվել է զուտ ասվելու համար, եւ նույն տրամաբանությամբ պաշտպանները կարող էին ինքնաբացարկ հայտնել դատավորին, ինչը չարվեց, ասաց, որ տասներկու դատական ակտ կա այս գործով, եւ ինքն էլ կարող է պնդել, որ փաստաբանները պատշաճ չեն իրացրել իրենց գործողությունները:

Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, մինչ այդ հայտարարեց, թե չի կարող ասել՝ երբ կհրապարկի, երբ պատրաստ կլինի, հիմա չի կարող ասել, տասը րոպեից եկեք,  եզրափակիչ մասը հրապարակելու, քանի որ ամեն մի նման գործ Եվրադատարանում կարող է հայտնվել:

Որոշումը կհրապարակվի դեկտեմբերի տասնյոթին նշանակված հաջորդ նիստին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930