Լրահոս
Օրվա լրահոսը

Նպատակն ու ցանկությունը ազգություն չեն ճանաչում

Նոյեմբեր 20,2019 13:00

«Ես 99%-ով հայ եմ, արտաքինով հնդիկ եմ, սրտով` հայ,»- այսպես է  իրեն ներկայացնում դերասան, հումորիստ, ազգությամբ հնդիկ Շաֆի Ալ Կապրիոն։

Շաֆին 17 տարեկան էր, երբ Հայաստան եկավ. «Ես փախչում էի իմ երկրից, ցանկանում էի գտնել կյանքում իմ տեղը, գտնել ինքս ինձ։ Քարտեզով նայում էի, թե ուր կարող եմ գնալ եւ աչքս ընկավ Արմենիա անունով երկիրը։ Այն ինձ դուր եկավ, որոշեցի գնալ եւ տեսնել` ինչ կա այնտեղ»։ Շաֆին Հայաստանում հայտնվեց մենակ ու դատարկաձեռն։ Սկզբում նրա համար դժվար էր այստեղ ապրելը` հայերեն չգիտեր, անգլերենով էլ շատ բան անել չէր կարող  եւ լեզու սովորելու անհրաժեշտություն առաջացավ։ Շուտով նաեւ սկսեց խոսել հայերեն, խոսել հայերի հետ։ «Հայերը լավ դաստիարակություն ստացած մարդիկ են։ Ոչ մի հայ մայր իր երեխային չի ասում սեւամորթի, մուգ մաշկ ունեցողի հետ մի շփվիր, ռասիզմ չի սովորեցնում։ Ժամանակի ընթացքում, միջավայրից ելնելով, փոխվում են նրանց ընկալումները, բայց ոչ նրանք ամբողջությամբ»,-ասում է մեր զրուցակիցը։

Հայերի եւ հնդիկների մասին խոսելիս Շաֆին նշում է, որ նրանք շատ նմանություններ ունեն` ընտանիք կազմելու, հարգանքի, մարդկային հարաբերությունների, նաեւ մշակույթի առումով, միայն թե լեզուն է ուրիշ եւ լեզուն է, որ տարբերակում է նրանց։ «Ութ տարուց ավելի է, որ ես ապրում եմ Հայաստանում, հարմարվել եմ այստեղ, աշխատանք ու բիզնես ունեմ։ Կարծում եմ՝ ես փոխել եմ հնդիկների վերաբերյալ այն կարծրատիպը, թե նրանք Հայաստան են գալիս միայն Բժշկական համալսարանում սովորելու համար։ Ո՛չ, մենք այստեղ տեսնում ենք մեծ հնարավորություններ ու պոտենցիալ»,-նշում է նա։

Հայաստանը Շաֆիի համար տպավորիչ եւ հետաքրքիր երկիր է։ Նա եղել է Հայաստանի բոլոր մարզերում. «Միայն մայրաքաղաքով ամբողջ երկրի մասին պատկերացում կազմել չի կարելի։ Մայրաքաղաքում մարդիկ ավելի սառն են ու անտարբեր, ինչը չեմ կարող ասել գյուղերի մասին։ Ամեն գյուղում փոխվում է լեզուն, ուտելիքը, մշակույթը, մոտեցումը, դա շատ գեղեցիկ է»։

Կար ժամանակ, երբ մարդիկ դժգոհում էին հնդիկների ներկայությունից, Հայաստանում նրանց թվի աճից ու այստեղ աշխատելու հանգամանքից։ «Հայերը ցանկանում են աշխատել, բայց ոմանք միայն ցանկանում են։ Աշխատելու համար պետք է տեղից շարժվել, պետք է աշխատել ոչ թե վեց, այլ տասնվեց ժամ։ Ամեն ինչ հեշտ չի տրվում։ Մենք, օրինակ, հումորային սցենարի մի էջի համար ծախսում ենք մի ամբողջ օր, շատ անգամ նույնիսկ չենք քնում ինչ-որ բանի հասնելու համար»,-հավաստիացնում է հնդիկ դերասանը։ Շաֆին Հայաստանում դեռ երկար կմնա, իսկ գնալու դեպքում էլ, կարծում է՝  լավ հուշեր ու տպավորություններ կտանի իր հետ:

 Լիլիթ ՀՈՎՍԵՓՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930