Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ բալետի հայկական տարբերակը հիացրեց»

Նոյեմբեր 20,2019 12:30

Ասում է ճանաչված կոմպոզիտոր Ալեքսեյ Շորը

Ազգային օպերային թատրոնում 2018թ. ներկայացվեց կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի «Բյուրեղապակյա դղյակ» բալետային ներկայացումը՝ Եկատերինա Միրոնովայի սցենարով ու ռեժիսուրայով, Ալեքսանդր Սոմովի խորեոգրաֆիայով, մասնակցությամբ համաշխարհային բալետի աստղ Իվան Վասիլեւի, ճանաչված բալետի արտիստ Մարիա Վինոգրադովայի, «Բոլշոյ» թատրոնի դեմքեր՝ պրիմա պարուհի Մարիա Ալլաշի, օպերային երգչուհի Աննա Ագլատովայի, ճանաչված դերասանուհի Մարիա Գոլուբկինայի եւ այլոց: Ներկայացումը ղեկավարում էր ճանաչված անուն Պավել Կլինիչեւը: «Առավոտի» հետ զրույցում Եկատերինա Միրոնովան ասել էր, որ երեւանյան բեմելը համաշխարհային պրեմիերա է, քանի որ ընդամենը մեկ անգամ են ներկայացրել այս բալետը՝ 2017թ., Մալթայում: Օրերս «Բյուրեղապակյա դղյակը» ներկայացվեց բացառապես Ազգային օպերային թատրոնի բալետային խմբի արտիստների մատուցմամբ: Այն պատրաստել էին փոխադրող բալետմայստերներ, վաստակավոր արտիստներ Ռուբեն Մուրադյանն ու Սոնա Առուստամյանը, նկարչական ձեւավորումը փոխադրել է վաստակավոր նկարիչ Ավետիս Բարսեղյանը: Բեմադրող դիրիժորն է Հարություն Արզումանյանը:

«Առավոտը» զրույցի հրավիրեց կոմպոզիտոր Ալեքսեյ Շորին:

– Մաեստրո, այս օրերին Երեւանում եք ոչ միայն ձեր բալետի պրեմիերայի առիթով, այլեւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան) իր՝ «Ժամանակակից դասականներ» նախագծի շրջանակներում ներկայացրեց ձեր ստեղծագործություններից: Կենդանության օրոք դասական համարվելու համար դուք ստեղծագործել սկսել եք կարծես շա՜տ ուշ, ինչպե՞ս դա ստացվեց:

– Ծնվել եմ Կիեւում, 1970թ., Չեռնոբիլի աղետից հետո տեղափոխվել Մոսկվա:  Հատուկ մաթեմատիկական դպրոցում ուսում ստանալուց հետո մաթեմատիկոսի մասնագիտություն ձեռք բերեցի Մոսկվայի պետական համալսարանում: Խորհրդային երկրի փլուզումից հետո ծնողներիս հետ արտագաղթեցի Իսրայել, իսկ 1994-ին տեղափոխվեցինք Նյու Յորք: Մինչեւ 2016թ. աշխատել եմ իմ մասնագիտությամբ: Դասական երաժշտությունը եղել է իմ տարերքը: Այս պահին չեմ կարող հիշել երբ, բայց դա 2010-11 թվականներին էր, երբ սկսեցի ներսումս եղած հարմոնիան «դուրս հանել», ու առաջինն այդ մասին հայտնեցի ընկերոջս՝ ճանաչված ջութակահար Դեյվիդ Ահարոն Քարփենթերին: Նա հենց տեղում տեսաձայնագրեց ու տեղադրեց Youtube-ում, ինչը շատ կարճ ժամանակահատվածում հավաքեց շուրջ կես միլիոն դիտում: Չեմ թաքցնում, ինձ համար դա  ոգեւորող էր, այնքան ոգեւորող, որ մի կողմ դրեցի սիրածս մաթեմատիկան…

Երաժշտությունս հնչել է աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում, ստեղծագործություններիս կատարումներով հանդես են եկել ու գալիս համբավավոր երաժիշտներ: Պատիվ է ինձ համար համագործակցել կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու, ջութակահար, դիրիժոր Մաքսիմ Վենգերովի, օպերային դիվա Լյուբով Կազարնովսկայայի, տավղահար Ալեքսանդր Բոլգաչովի հետ… Ձեզ կհետաքրքրի՝ նրանց թվում կա՞ն հայ արվեստագետներ: Իհարկե՝ կան, բայց ինչ-ինչ պատճառներով նրանք Հայաստանում չեն բնակվում. դաշնակահար Նարե Արղամանյանը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը… Ինձ համար մեծ պատիվ է այն փաստը, որ 2018-ին ինձ շնորհվեց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսորի կոչում: Ասեմ նաեւ, որ Հայաստանի  պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ կոմպոզիտոր եմ:

– Գանք ձեր «Բյուրեղապակյա դղյակին»…

– Որպես հեղինակ ինձ ուրախացնում է այն փաստը, որ այս ներկայացումը աշխարհի հեղինակավոր թատրոններում է:

– Մենք դիտել ենք այն ռուս արվեստագետների մատուցմամբ, հիմա էլ ձեր բալետը Երեւանի թատրոնի բեմում է, բայց որոշ փոփոխություններով:

– Հիացած եմ Երեւանի թատրոնի բալետի արտիստներով: Ինձ համար հայտնություն էր ձեր բալետի պրեմիեր պարող Ռուբեն Մուրադյանը, որը ոչ միայն բեմադրեց առանձին կտորներ, այլեւ իր գործընկերոջ՝ Սոնա Առուստամյանի  հետ, փաստորեն, իսկապես նորովի ներկայացրեց «Բյուրեղապակյա դղյակը»: Հավանաբար հիշում եք՝ Միրոնովայի սցենարով ու ռեժիսուրայով, Սոմովի խորեոգրաֆիայով իրականացված բալետիս մեջ ընդգրկված էին նաեւ կենդանիներ, կար խոսք… Բայց պետք է անկեղծ գտնվեմ եւ բարձրաձայնեմ, որ հայկական տարբերակը ինձ հիացրեց: Բրավո, լավ աշխատանք են կատարել: Հիացած եմ գլխավոր դերապարերով հանդես եկած Ռուբեն Մուրադյանի ու Մերի Հովհաննիսյանի արվեստով, Դիանա Հարությունյանի վոկալով: Այս պահին, կներեք, չեմ կարող հիշել մյուսների անունները, ինձ հիացրեց կորդեբալետը, որ ունեք բարձրարվեստ ու բարձրակարգ արտիստներ՝ փաստ է: Թույլ տվեք առանձնահատուկ հիշատակել դիրիժոր Հարություն Արզումանյանի անունը. նա կարծես իմ սրտից էր խոսում…

– Ինչո՞վ բացատրել այս բալետի պահանջարկը:

– Սա այն դեպքն է, երբ պետք է երախտիքի խոսքս անպայման ուղղեմ սցենարիստին՝ տիկին Միրոնովային: Չգիտեմ՝ գուցե մարդկանց հետաքրքրում է ռուսական բալետի դպրոցի հիմնադիր, Ռուսաստանի կայսրուհի Աննա Իոանովնայի կերպարը, որը նման չէր մնացած կայսրուհիներին ու հաճույք է ստացել ոչ ստանդարտ, շատերի համար անսովոր մտահղացումներ իրականացնելուց: Տեսաք, չէ,՞ կայսրուհին որոշում է Նեւա  գետի վրա կառուցել բյուրեղապակյա  դղյակ ու հենց այդտեղ կազմակերպել ծաղրածու զույգի ամուսնության հանդեսը…

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
19.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ashot says:

    Այնուամենայնիվ, հեղինակը ուսումնառության կարիք ունի … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930