Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չկա բանավեճ ղարաբաղյան հարցի վերաբերյալ», բայց պարզ չէ՝ ինչ փաթեթի շուրջ դա չկա

Նոյեմբեր 20,2019 12:00

Փաշինյանը պատասխանում է քննադատների դիրքորոշմանը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որոշակի խառնաշփոթ է ստեղծվել: Սովորաբար, նորություն չի եղել, որ պաշտոնական Երեւանն ու Բաքուն ներկայացրել են յուրաքանչյուրը՝ կարգավորման իրենց համար շահեկան սկզբունքները: Այժմ, սակայն, Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն սկզբունքների, այլեւ կարգավորման կոնկրետ փաստաթղթի գոյության մասին են իրարամերժ հայտարարություններ անում:

Նախ` անդրադառնանք անցյալ շաբաթ ՀՀ վարչապետի ներկայացրած գնահատականներին: Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-12-ը աշխատանքային այցով Ֆրանսիայում էր, որտեղ մասնակցում էր Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։

«Ադրբեջանը ցանկանում է ունենալ տարածքներ, առանց ժողովրդի»

Փարիզի Խաղաղության համաժողովում Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստանի անվտանգության թեմայով: «Ի՞նչ պետք է իմանաք մեր երկրի անվտանգային միջավայրի վերաբերյալ. շատ տարօրինակ փաստ պետք է արձանագրեմ, մեր չորս սահմաններից երկուսը փակ են, մյուս երկուսն, այսպես ասած, կիսափակ են։ Ինչո՞ւ կիսափակ, որովհետեւ հարավից մենք սահման ունենք Իրանի հետ, եւ ինչպես գիտեք, կա որոշակի լարվածություն Իրանի շուրջ, մեր հյուսիսային սահմանը Վրաստանի հետ է եւ լարված հարաբերությունները Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ որոշակի բացասական ազդեցություն են ունենում»։

Արդեն երկրորդ անգամ Փաշինյանն Իրանի եւ Վրաստանի հետ սահմանները մատնանշում է որոշակիորեն անկայուն: Այնուհետեւ նա անցել է մեր երկրի համար ամենակարեւոր մարտահրավերին՝ Լեռնային Ղարաբաղի հարցին, եւ անկեղծացել է, թե դառնալով ՀՀ վարչապետ՝ անակնալի է եկել, որ «միջազգային հանրության շրջանում ԼՂ հարցի վերաբերյալ մի շարք թյուրըմբռնումներ կան»։

Նա անդրադարձ է կատարել պատմությանը, հակամարտության առաջացման պատճառներին, հիշեցրել, որ պատճառը Ստալինյան ռեժիմի որոշումն էր՝ Ղարաբաղը հանձնել նոր կազմավորված Խորհրդային Ադրբեջանին: Ապա՝ հիշեցրել է, որ Միխայիլ Գորբաչովի իշխանավարման տարիներին Ղարաբաղի բնակչությունը որոշեց ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան դուրս գալ Ադրբեջանի կազմից։ «Այդպես, Ադրբեջանին զուգահեռ Լեռնային Ղարաբաղը եւս սկսեց անկախացման գործընթաց։ Եվ ինչպես Ադրբեջանը անջատվեց ԽՍՀՄ-ից, այնպես էլ ԼՂ-ն անջատվեց Ադրբեջանից։ Արդյունքում, Ադրբեջանը որոշեց ռազմական ուժ կիրառել` պարտադրելով եւ ճնշելով ԼՂ ժողովրդին. նա պատերազմ սկսեց։ Կային ԼՂ-ում շատ տարածքներ, որտեղ էթնիկ զտումներ սկսեցին, եւ արդյունքում ԼՂ-ի հայերը՝ բնակչության մոտ 80-85%-ը, սկսեցին ինքնապաշտպանություն։ Եվ պարզվեց, որ նրանք ի վիճակի են դա անել։ Նրանք ստիպեցին Ադրբեջանին համակերպվել իրավիճակի հետ։ 1995թ.-ին` մայիսի 12-ին, հրադադարի համաձայնագիր ստորագրվեց Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ։ Դրանից հետո, եւ նույնիսկ դրանից առաջ, սկսվել էր բանակցային գործընթացը, մշակվեց բանակցությունների ձեւաչափ։ Համաձայն միջազգային ատյանների որոշումների՝ այն ունեցավ երեք կողմ՝ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան»,- պատմել է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ երկար ժամանակ ԼՂ-ն ընդգրկված էր բանակցային գործընթացում՝ որպես կողմ. «Ի դեպ՝ որոշ հանդիպումներ կայացան Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ղեկավարների, նաեւ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարների միջեւ»։

Ըստ Փաշինյանի՝ հակամարտությունը դեռ լուծված չէ, որովհետեւ առաջինը` 1998-ին ԼՂ-ն դուրս մղվեց բանակցային գործընթացից, իսկ արդյունքում այժմ Ադրբեջանը հրաժարվում է բանակցել ԼՂ-ի հետ. «Մյուս կողմից, Ադրբեջանի կառավարությունը պնդում է, որ ԼՂ-ն պետք է Ադրբեջանի մաս կազմի։ Բայց դա շատ տարօրինակ պնդում է, որովհետեւ հնարավոր չէ հասկանալ՝ ինչպես կարող է Ադրբեջանի կառավարությունը համարել ԼՂ-ն իր տարածքային ամբողջականության մի մաս՝ սակայն հրաժարվել խոսել նրա հետ։ Տարօրինակ չէ՞։ Ադրբեջանի ղեկավարներն ասում են, որ ուզում են ԼՂ-ն Ադրբեջանի մաս տեսնել, բայց հրաժարվում են ԼՂ-ի ժողովրդի հետ բանակցել։ Ի՞նչ է դա նշանակում։ Միայն մի բան. դժբախտաբար, Ադրբեջանի իշխանությունները մտադիր չեն խոսել այդ մարդկանց հետ եւ բանակցել նրանց հետ, քանի որ նրանք ցանկանում են ունենալ տարածքներ, բայց ոչ ժողովուրդ: Ավելի ճիշտ՝ տարածքներ, առանց ժողովրդի»:

Նրա փոխանցմամբ՝ Արցախ այցելող օտարերկրացիները հայտնվում են Ադրբեջանի սեւ ցուցակում, իսկ որեւէ երկրի քաղաքացի, ով կրում է հայկական ազգանուն կամ հայկական ծագում ունի, չի կարող մուտք գործել Ադրբեջան: «Այդպես եղավ ԱՄՆ քաղաքացի, Bloomberg-ի լրագրողուհու, թուրքական նվագախմբի երաժշտի, ութ տարեկան երեխայի եւ ռուսաստանցի ութսունամյա թոշակառուի դեպքում: Վերջերս էլ մի վարորդ ձերբակալվել էր միայն նրա համար, որ հայկական երաժշտություն էր լսում մեքենայում: Առավել տխրահռչակ դեպք կատարվեց «Արսենալ»-ի խաղացող Հենրիխ Մխիթարյանի հետ, ով բաց թողեց Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը Բաքվում, որը կայացավ ընդամենը մի քանի ամիս առաջ: Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ արգելեցին Մխիթարյանի անունը կրող վերնաշապիկները, եւ դրանցով զբոսնող մարդիկ ոստիկանների կողմից կանգնեցվեցին Բաքվի փողոցներում: Հաջորդը ի՞նչ է լինելու»։

Ապա, Փաշինյանը ներկայացրել է պաշտոնական Երեւանի դիրքորոշումը՝ վստահեցնելով, որ պետք է իրական ջանքեր գործադրել խնդիրը լուծելու համար։ «Մենք ունենք, այսպես ասած, հավասար հնարավորություններ Ադրբեջանի ղեկավարների, Լեռնային Ղարաբաղի ղեկավարների հետ՝ խնդիրը լուծելու համար։ Իմ պաշտոնավարման ամենասկզբում ես հայտարարեցի, որ ԼՂ հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, ԼՂ-ի եւ Հայաստանի ժողովուրդների համար։ Ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ով հայտարարեց, որ ԼՂ հարցի ցանկացած լուծման տարբերակ պետք է Ադրբեջանի ժողովրդի համար եւս ընդունելի լինի։ Եվ մեր երկրի ընդդիմությունը հարցնում է՝ ինչո՞ւ պետք է Հայաստանը հոգ տանի Ադրբեջանի ժողովրդի շահերի մասին։ Իմ պատասխանը շատ պարզ է. որովհետեւ ես վստահ եմ՝ եթե մենք այդ հարցին կայուն լուծում ենք ուզում, ապա պետք է հաշվի առնենք դրանում ներգրավված բոլոր կողմերի շահերը։ Ես այդ հայտարարությունն արեցի՝ հույսով, որ կլսենք համանման հայտարարություն Ադրբեջանի ղեկավարության` իմ գործընկեր Իլհամ Ալիեւի կողմից։ Եթե համանման մի հայտարարություն լսեինք պարոն Ալիեւի կողմից, դա իսկական բեկում կմտցներ բանակցային գործընթացում։ Ես ուզում եմ այս շատ կարեւոր հարթակից, շատ կարեւոր խորագիր կրող միջոցառման վայրից (Փարիզի խաղաղության ֆորում) կոչ անել մեր գործընկերներին` նմանօրինակ հայտարարություն անել, որ խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդների համար։ Իհարկե, սա հեշտ խնդիր չէ, բայց եթե մենք ստանձնել ենք պատասխանատվություն մեր ժողովուրդների ապագայի համար, ինչը նշանակում է նաեւ տարածաշրջանի ապագայի, ինչը նշանակում է մեր աշխարհի ապագայի համար, մենք պետք է իրական ջանքեր գործադրենք իրական փոփոխությունների հասնելու համար»,- ասել է Փաշինյանը:

Փաշինյանը պատասխանել է քննարկմանը մասնակից ադրբեջանցի բլոգերի հարցին: «Դուք Ձեր հարցում նշեցիք, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս. ճիշտ չէ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ստանձնած առաքելությունը հենց դա է. միջնորդել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոնման հարցում։ Եվ ինչո՞ւ է Ադրբեջանը ներգրավված այս բանակցությունների գործընթացում՝ որպես կողմ, եթե Ղարաբաղն արդեն իսկ միջազգայնորեն ճանաչված իր հատվածն է։ Դա տարօրինակ չէ՞»,- նկատել էր Փաշինյանը:

Այստեղ, իհարկե, որոշակի անճշտություն կա. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են որպես միջնորդ՝ կողմերին ներկայացնելով իրենց մշակած առաջարկները, որոնք վերաբերում են հակամարտության կարգավորման սկզբունքներին, ոչ միայն Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակին: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է ընդունելի լինի, նախեւառաջ Արցախի ու Հայաստանի հասարակությունների համար, եւ ինչպես վերջերս Փաշինյանն է կրկնում՝ նաեւ Ադրբեջանի հասարակության համար: Միջնորդներն, իրականում, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ որոշելու մանդատ չունեն:

«Ես ակնկալում եմ գտնել կոնֆլիկտի այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Ադրբեջանի, Ղարաբաղի եւ Հայաստանի ժողովուրդների համար,- հավելել է Փաշինյանը, շարունակելով,- ես սա հայտարարել եմ Ստեփանակերտում, եւ մեկ տարի է՝ սպասում եմ լսելու նմանօրինակ մի հայտարարություն Ադրբեջանի կառավարությունից։ Անձնապես խնդրել եմ պարոն Ալիեւին բեկում մտցնել այս գործընթացում։ Բայց, դժբախտաբար, նա շարունակում է հայտարարել, որ Զանգեզուրը, Սյունիքը, Սեւանա լիճը կամ մայրաքաղաք Երեւանը Ադրբեջանի տարածքներ են։ Որեւէ մեկը մեզ հետ չի կարող ուժի լեզվով խոսել։ Իսկ ինչ էիք սպասում, որ ես հայտարարեմ, այն դեպքում, երբ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, որ գրավելու են ոչ միայն Ղարաբաղը, այլ նաեւ Զանգեզուրն ու Երեւանը: Մեր առաջարկը խաղաղությունն է, մենք չենք սպառնում որեւէ մեկին տարածաշրջանում, մենք ուզում ենք պատրաստել մեր հասարակությանը խաղաղության համար»:

Այսպիսով, կրկին, Փաշինյանը հասկացնել է տվել, որ գնդակը Ալիեւի դաշտում է, եւ նրանից պատասխան է սպասում: Սակայն, Փաշինյանը խոսելով Արցախի հարցում իր պատկերացումների մասին, այնուամենայնիվ, խուսափում է հստակեցնել հարցը՝ թե Հայաստանի իշխանությունը, այսինքն՝ վարչապետն ու արտգործնախարարը ադրբեջանական կողմի հետ ի՞նչ տարբերակ են քննարկում: Ավելին՝ Փաշինյանը վստահեցնում է նաեւ, որ Հայաստանի եւ Արցախի դիրքորոշումները նույնական են այսօր: Եթե դա ընդհանուր դիրքորոշումներին, պատկերացումներին է վերաբերում՝ հասկանալի է: Սակայն, եթե հստակ չի, թե կարգավորման ինչ տարբերակ են այսօր կողմերը քննարկում, ուրեմն հնարավոր չի վստահ պնդել, որ ՀՀ եւ Արցախի իշխանությունների, ինչպես նաեւ հասարակությունների դիրքորոշումները նույնական են:

«Հայաստանի ու Արցախի պատկերացումները ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են հարյուր տոկոսով»

Նոյեմբերի 12-ին ի պատիվ աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի`տրվել էր ընդունելություն, որին մասնակցել էին Ֆրանսիայի հայ համայնքի հոգեւոր եւ աշխարհիկ կառույցների ներկայացուցիչները: Այստեղ իր ելույթում Փաշինյանը դարձյալ անդրադարձել էր ղարաբաղյան հակամարտությանը, ինչպես նաեւ՝ Հայաստանի արտաքին քաղաքականությանը: Նա, մասնավորապես, վստահեցրել էր, որ ԼՂ հարցում ձեւավորվում է բոլորովին նոր ասելիք եւ բովանդակություն: «Եվ կարող եմ ասել, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք աշխատում էինք ԼՂ հարցի իրական բովանդակությունը, այն, որ մենք մեր ներսում կրում ենք, դնել որպես արձանագրում միջազգային հանրության սեղանին: Մինչեւ բոլորովին վերջերս տպավորություն էր, որ այդ խոսակցության մեջ միայնակ ենք, բայց հիմա կարող եմ արձանագրել, որ մեր ասելիքը ընկալվում, հասկացվում է միջազգային հանրության կողմից, եւ ես սա համարում եմ հաջողություն»:

Թեեւ Փաշինյանի քննադատները մատնանշում են, որ նախկինում Հայաստանն ու միջազգային հանրությունը մի կողմում էին, իսկ Ադրբեջանը, որպես ռազմատենչ ու ապակառուցողական կողմ՝ մյուս կողմում, եւ այսօր այդպես չէ, Փաշինյանն իր հերթին այսօր վստահեցնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ավելի խորությամբ են ընկալում եւ ընդունում մեր դիրքորոշումները: «Նրանց համար կարծես մեր դիրքորոշումներն ավելի հասկանալի են, եւ այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանի ու Արցախի պատկերացումները ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են հարյուր տոկոսով: Այսպիսի իրավիճակ չի եղել երբեք, մենք չենք ունեցել մի իրավիճակ, երբ Հայաստանի ու Արցախի պատկերացումները մինչեւ վերջին նյուանսը նույնական լինեն, կամ առնվազն այնքան նույնական չեն եղել, որքան այսօր: Սա նշանակում է, որ մենք մոտենում ենք հաջորդ կարեւոր արդյունքին, որ հայ ժողովրդի շրջանում հայկական իրականության մեջ չկա բանավեճ ղարաբաղյան հարցի վերաբերյալ եւ մենք շուտով կհասնենք այն վիճակին, որ հայության դիրքորոշումները Ղարաբաղի հարցի կարգավորման հարցում նույնական են», արձանագրել է Փաշինյանը:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 19.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930