Երեկ՝ նոյեմբերի 18-ին, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը հանդիպումներ են ունեցել 2020թ. Արցախում կայանալիք ընտրություններին նախագահի հավանական թեկնածուներ Վիտալի Բալասանյանի և Ռուսլան Իսրայելյանի հետ:
Մեկնաբանելով կայացած հանդիպումները, Դավիթ Իշխանյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ Արցախում գրանցված 20-ից ավելի կուսակցություններից 15-ի հետ հանդիպումներից հետո սկսվել է միասնական օրակարգի և համաձայնեցված թեկնածուի շուրջ հանդիպումների երկրորդ փուլը: Նրա խոսքով՝ բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում հանդիպելու են ԱՀ նախագահի 5 հավանական թեկնածուների հետ:
«Երեկ կայացած հանդիպումների ընթացքում նախ մտքեր են փոխանակվել ՀՅԴ առաջարկած միասնական օրակարգի շուրջ ստեղծված համախոհությունը տրամաբանական եզրահանգման հասցնելու գործընթացի ուղղությամբ: ԱՀ նախագահի հավանական թեկնածուների հետ է քննարկվել արդյո՞ք նրանք հնարավոր համարում են համաձայնեցված թեկնածու դառնալու հավանականությունը, հնարավոր է արդյո՞ք միավորումը այլ թեկնածուի շուրջ և հավանական համարում են արդյո՞ք համախմբումը ՀՅԴ կողմից առաջարկված թեկնածուի շուրջ»,- ասել է Դավիթ Իշխանյանը:
Ըստ Դ. Իշխանյանի՝ հանդիպումները կայացել են անկեղծ, անկաշկանդ և փոխըմբռնման մթնոլորտում:
Կարդացեք նաև
Հավելենք, որ Վիտալի Բալասանյանի հետ հանդիպմանը ներկա էին նաև «Արդարություն» կուսակցության, իսկ Ռուսլան Իսրայելյանի հետ հանդիպմանը՝ «Անկախության սերունդ» կուսակցության ներկայացուցիչներ: