Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճիշտ արեց 6-րդ վարչությունը, որ հասկանա՝ էս ինչ փողեր են լվում, էս ինչ Ավինյան, ինչ խորհրդական». Ալեքսանդր Սիրունյան

Նոյեմբեր 19,2019 23:07

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանի ներկայացուցիչ՝ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը պնդում է, թե իրականությանը չեն համապատասխանում Տիգրան Ավինյանի հայտնած տեղեկությունները, թե Ոստիկանության 6-րդ վարչությունը ստուգումներ է իրականացնում Էլոյանի անվան հետ կապվող ընկերությունում:

Հիշեցնենք, որ Կադաստրի պետական կոմիտեի արդեն  նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը հրաժարականից առաջ Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ գրառում էր կատարել«2019 թվականի մայիսին Հայաստանում գրանցվում է նույն՝ (Eloyan Architects) անունով կազմակերպություն այս անգամ (Տիգրան Ավինյանի խորհրդական՝ Ավետիք Էլոյանի) եղբոր՝ Զարեհ Էլոյանի անունով, իհարկե, այն կարող է լինել զոքանչի կամ վարորդի անունով։

Այս կարճ ընթացքում նորաստեղծ ընկերությանը պատվիրակվում է Հայաստանի անկախության շրջանի խոշորագույն նախագծերից, իսկ այս պահին իրականացվող ամենախոշոր նախագիծը՝ շվեցարահայ Վարդան Սերմաքեշի կողմից իրականացվող ավելի քան 60 հա տարածքով նոր քաղաք Աբովյան քաղաքի հարևանությամբ։ Ի դեպ թե սա, թե Սերմաքեշի մի շարք ներդրումային ծրագրերը համակարգում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը։ Համաձայն օդում կախված լուրերի՝ Eloyan Architects-ն այժմ ներգրավված է նաև նոր ֆուտբոլային ստադիոնի, Դալմայի տարածքում բազմահարկ բնակելի թաղամասի և մի շարք այլ նախագծերում։ Դրան ավելացնենք հանրահայտ 70 հարկանի շենքի նախագիծը»:

Պետրոսյանի հայտնած այս տեղեկությունը ստուգելու համար, ըստ փոխվարչապետ Ավինյանի,  6-րդ վարչությունը ստուգումներ էր սկսել Էլոյանի ընկերությունում:

«Իրականությանը չի համապատասխանում, ընդամենը Զարեհ Էլոյանին հրավիրել են, պարզաբանումներ են խնդրել, մենք էլ տվել ենք՝ ինչը, ինչից հետո  է, էդքան բան. պարզաբանում, թե ինչ կապ ունես այդ նախագծի հետ, խոսքը բարձրահարկ շենքի մասին է, Զարեհն ասել է՝ ես կապ չունեմ:  Այդ նախագիծը գոյություն չունի էլ, դա միայն գաղափար է, էսքիզ: Էդ որ ասում են՝ Էլոյանը նախագիծ է անում, Էլոյանները ոչինչ դեռ չեն անում, այդ գաղափարը ներդրողի գաղափարն է, էսքիզային փուլում է, իսկ էսքիզն արվել է երեք տարի առաջ ամերիկաբնակ ճարտարապետ Ավետիք Էլոյանի կողմից, վա՞տ է արել այդ մարդը: Մի նենց աղմուկ է հանել պարոն Պետրոսյանը, ճիշտ արեց 6-րդ վարչությունը, որ հասկանա՝ էս ինչ կոռուպցիայի մասին է խոսքը, էս ինչ փողեր են լվում, էս ինչ Ավինյան, ինչ խորհրդական, ինչ նախագիծ, ինչ 70 հարկ: Ներդրողն է որոշելու՝ երբ է  կառուցվելու,  եւ ով է գծելու»:

Փաստաբանի խոսքով, ոստիկանության 6-րդ վարչությունը Էլոյանների ընկերությունում ստուգումներ անելու հիմքեր չունեն. «Ի՞նչ ստուգում, ամեն Սարհատ Պետրոսյանի ասելուց հետո մի հատ օբյե՞կտ պետք է ստուգեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930