Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը Սպիտակ տանը հանդիպել է Թրամփին․ արդյունքը՝ ողբերգակատակերգություն

Նոյեմբեր 19,2019 22:40

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

 

Չգիտես, թե որտեղից սկսել մեկնաբանել այն ծիծաղելի մամուլի ասուլիսը, որը կայացել է  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև 2019 թ․ նոյեմբերի 13-ին Սպիտակ տանը։ Ցավոք, չգիտենք, թե ինչ են քննարկել երկու նախագահները փակ դռների հետևում ավելի վաղ կայացած հանդիպման ժամանակ։

Մինչև Էրդողանի Վաշինգտոն գալը, Կոնգրեսի մի քանի դեմոկրատ և հանրապետական անդամներ համատեղ նամակ էին ստորագրել՝ խորհուրդ տալով Թրամփին չհրավիրել Թուրքիայի նախագահին Սպիտակ տուն, ինչը Թրամփն անտեսեց։ Սա զարմանալի չէր, քանի որ նա բազմիցս Էրդողանին անվանել է «ընկեր» և «ուժեղ տղա, որն արժանի է հարգանքի»։ Բացի այդ, Թրամփը որպես նախագահի թեկնածու 2015-ին խոստովանել է, որ նա ֆինանսական շահեր ունի Թուրքիայում․ «Ես մի փոքր շահերի բախում ունեմ, քանի որ մի խոշոր, խոշոր շենք ունեմ Ստամբուլում։ Այն կոչվում է Թրամփի աշտարակներ՝ երկու աշտարակ մեկի փոխարեն․․․ Եվ ես շատ լավ ծանոթ եմ Թուրքիային։ Նրանք զարմանալի մարդիկ են: Նրանք անհավատալի մարդիկ են: Նրանք ուժեղ առաջնորդ ունեն»: Թրամփն իրենց համատեղ ասուլիսում Թուրքիային բնութագրեց որպես «ՆԱՏՕ-ի մեծ դաշնակից», «Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկեր» և ասաց՝ «ես նախագահի [Էրդողանի] մեծ երկրպագուն եմ»:

Թրամփը հրաժարվեց օրինականորեն պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ ՝ ռուսական С-400 հրթիռներ գնելու համար: Անցյալ շաբաթ NBC News- ը հաղորդեց, որ Ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը Մայամիում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ «նա հավատում է՝ կա անձնական կամ գործնական հարաբերություն, որը թելադրում է Թրամփի դիրքորոշումը Թուրքիայի վերաբերյալ, քանի որ նրա խորհրդականներից ոչ մեկը նրա հետ համաձայն չէ այդ հարցում»: Մեկ շաբաթ առաջ Ներկայացուցիչների պալատը ընդունել էր երկու բանաձև՝ վերահաստատելով Հայոց ցեղասպանության ճանաչումը ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 405 կողմ, 11 դեմ, և պատժամիջոցներ սահմանելով Թուրքիայի ու նրա որոշ առաջնորդների, այդ թվում ՝ Էրդողանի նկատմամբ, 403-16 ձայների քվեարկությամբ, այն բանից հետ, երբ Թրամփը ամերիկյան զորքերը հանել էր Սիրիայից՝ լքելով քուրդ գործընկերներին և թույլ տալով, որ թուրք զինվորականներն ու նրա ջիհադական դաշնակիցները սպանեն հարյուրավոր քուրդ քաղաքացիական անձանց ու արտաքսեն շուրջ 200 հազար քրդերի և այլոց թուրքական սահմանի հարավային շրջանից:

Սպիտակ տան մամուլի ասուլիսում տեղ գտան մի քանի ապշեցուցիչ պահեր։ Նախ և առաջ, Էրդողանն իր զայրույթն արտահայտեց Ներկայացուցիչների պալատի կողմից 2019 թ․ հոկտեմբերի 29-ին ընդունված Հայոց ցեղասպանության մասին բանաձևի վերաբերյալ: Նա կրկնեց սովորական թուրքական քարոզչական գիծը, որ պետք է լինի պատմական հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի Հայոց ցեղասպանության փաստերը, մինչդեռ Թրամփը լուռ հետևում էր։ Ոչ Էրդողանը, ոչ էլ Թրամփը, հավանաբար, տեղյակ չեն, որ այս հարցը ուսումնասիրվել է բազմաթիվ պատմաբանների, այդ թվում՝ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի կողմից, որը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ հաստատելով Հայոց ցեղասպանության հավաստիությունը։

Համատեղ ասուլիսում Թրամփը խրախուսեց Էրդողանին հարցման համար դիմել թուրք լրագրողին․ «Կցանկանայի՞ք որևէ մեկին ընտրել։ Բարյացակամ մարդու Թուրքիայից, բարյացակամ։ Միայն բարյացակամ լրագրողներին։ Մենք  կցանկանայինք տեսնել, այդպիսիններից շատ չկան»։ Թուրքիայում Էրդողանի նկատմամբ ոչ բարյացակամ լրագրող չի մնացել։ Միայն այս տարի 68 լրագրող է ձերբակալվել Թուրքիայում, որտեղ ավելի շատ լրագրողներ են բանտարկվել, քան աշխարհի ցանկացած այլ երկրում։

Այնուհետև Թրամփն արդարացրեց Էրդողանի կողմից քրդերի դեմ կատարված ոճրագործությունները՝ ասելով․ «Եվ, ի դեպ, իմ կարծիքով նախագահը [Էրդողանը] կարող է մի քանի խմբակցություններ ունենալ քրդերի մեջ, բայց ես կարծում եմ, որ նախագահը լավ հարաբերություններ ունի քրդերի հետ: Ներկայումս շատ քրդեր են ապրում Թուրքիայում, և նրանց մասին հոգում են»։ Սա բացարձակ սուտ է: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում թուրքական զինված ուժերը սպանել են Թուրքիայի 30 հազար քուրդ քաղաքացիների։ Բացի այդ, ընտրված 15 քուրդ քաղաքապետեր պաշտոնանկ են արվել Թուրքիայի կառավարության կողմից և ձերբակալվել շինծու մեղադրանքներով:

Սպիտակ տան մամուլի ասուլիսում Էրդողանը հանդես եկավ մեկ այլ սկանդալային հայտարարությամբ՝ ասելով, որ վերադարձրել է Թրամփի նամակը, որն իրեն ուղարկվել էր 2019-ի հոկտեմբերի 9-ին՝ իրենց հանդիպման ժամանակ այն թողնելով նախագահի սեղանին: Այդ նամակում Թրամփը Էրդողանին ասել էր. ««Ձեզ մի՛ երևակայեք ուժեղ տղա, հիմար մի՛ եղեք․․․»։

Էրդողանը ևս մեկ ապուշ մեկնաբանություն արեց 2019-ի նոյեմբերի 13-ին՝ Թուրքիայի կրոնական հարցերի տնօրինության Վաշինգտոնի կենտրոն կատարած այցի ընթացքում: Էրդողանը հայտարարեց, որ հայերը «քոչվոր» են եղել Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայերը «քոչվորների նման թափառել են տարբեր վայրերում։ Բռնի արտաքսումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նրանք որպես քոչվորներ այդ կերպ ապրում էին Թուրքիայում», կեղծորեն պնդել է Էրդողանը՝ անտեսելով, որ հայերը բնիկ ժողովուրդ են իրենց երկրում, որտեղ ապրել են հազարամյակներ, մինչև թյուրքական ցեղերի ներխուժումը Արևելյան Ասիայից և նրանց հայրենիքի նվաճումը:

Անհավատալի խոսակցություն է տեղի ունեցել Էրդողանի՝ Միացյալ Նահանգներ ժամանելուց մեկ շաբաթ առաջ: Թուրքական «Սաբահ» թերթը հաղորդել է, որ Թուրքիայի և ԱՄՆ նախագահների միջև 2019-ի նոյեմբերի 5-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանն ասել է, որ Թրամփը հարցրել է իրեն՝ «արդյոք ավելի նպատակահարմա՞ր չէ «ցեղասպանություն» անվանելու փոխարեն օգտագործել «պատերազմ» բառը»։ Զարմանալիորեն, Էրդողանն ասել է, որ ինքը մերժել է Թրամփի առաջարկությունն այն հիմնավորմամբ, որ «պատերազմ տեղի է ունենում երկու պետությունների միջև, իսկ հայ ժողովուրդը ենթարկվել է բռնի տեղահանության»։

Էրդողանն ասել է Թրամփին, որ «ջանքեր են գործադրվում, որպեսզի մեզ վախեցնեն այսպես կոչված հայկական օրինագծով և պատժամիջոցների սպառնալիքով»: Թրամփը հետաքրքրվել է Էրդողանից, թե ինչպես են ԱՄՆ նախկին նախագահները կարգավորել Հայոց ցեղասպանության հարցը, ինչին հետևել է Էրդողանի պատասխանը. «Մինչ այժմ ես աշխատել եմ Բուշի ու նրա որդու հետ և նույն կերպ Օբամայի հետ: Հիմա ես աշխատում եմ Ձեզ հետ: Այն ժամանակ նրանք այդ [ցեղասպանության մասին բանաձևը] ներկայացնում էին [Ներկայացուցիչների պալատի] հանձնաժողովին, իսկ հանձնաժողովը այն հետ էր ուղարկում։ Այս անգամ նրանք շրջանցեցին հանձնաժողովը և բանաձևն ուղարկեցին Կոնգրեսին»: Էրդողանն ասաց, որ Թրամփը պատասխանել է․ «Ես կուսումնասիրեմ այն և կխոսեմ բարեկամների հետ»:

Իհարկե, Էրդողանը կեղծ տեղեկություններ է հաղորդել Թրամփին: Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը նախկինում ՝ 1975 և 1984 թվականներին, հաստատվել էր Ներկայացուցիչների պալատի կողմից և մի քանի անգամ անցել Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովով։

Ծիծաղելի է, որ Թրափը Էրդողանից խորհուրդ է հարցնում, թե ինչպես անվանել Հայոց ցեղասպանությունը և ինչպես են ԱՄՆ նախորդ նախագահները կարգավորել ցեղասպանության հարցը: Թրամփի կողմնակից բոլոր «հպարտ» ամերիկահայերը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն այնպես կրթելու ԱՄՆ նախագահին Հայոց ցեղասպանության իրողությունների վերաբերյալ, որ նա չկերակրվի ցեղասպանությունը ժխտող Էրդողանի ստերով․․․

Նոյեմբերի 13-ին Էրդողանի հետ կայացած հանդիպումից և համատեղ մամուլի ասուլիսից անմիջապես հետո, Թրամփը հանրապետական սենատորների մի փոքր խմբի հրավիրեց Սպիտակ տուն՝ իր ներկայությամբ Էրդողանի հետ հանդիպելու։ Սա ակնհայտ խորամանկ քայլ էր Թրամփի կողմից՝ պատասխանատվությունը գցելու Սենատի վրա ցանկացած գործողության համար, որ սենատորները կարող են ձեռնարկել Թուրքիայի դեմ:

Այս հանդիպումից հետո, երբ սենատորները վերադարձան Սենատի նիստերի դահլիճ, սենատոր Ռոբերտ Մենենդեսը (դեմոկրատ, Նյու Ջերսի) առաջարկեց կասեցնել կանոնները և Հայոց ցեղասպանության ընթացիկ բանաձևը ուղղակիորեն ներկայացնել Սենատի լիագումար նիստում՝ շրջանցելով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։  Սենատոր Լինդսի Գրեհեմը (հանրապետական, Հարավային Կարոլինա) մերժեց սենատոր Մենենդեսի՝ համաձայնության գալու խնդրանքը։  Սենատի կանոններով, նույնիսկ մեկ սենատորի դեմ լինելը բավարար է, որպեսզի թույլ չտրվի շրջանցել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը: Սենատոր Գրեհեմը Սենատի իր խոսքում բացատրեց․ «Քիչ առաջ հանդիպեցի Թուրքիայի նախագահ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Թրամփի հետ և խոսեցի այն խնդիրների մասին, որոնց մենք բախվում ենք Սիրիայում Թուրքիայի ռազմական ներխուժման պատճառով: Ես լիահույս եմ, որ Թուրքիան և Հայաստանը կարող են միասին լուծել այդ խնդիրը»։ Սենատոր Գրեհեմը հավելեց, որ ինքը դեմ էր «ոչ թե անցյալի, այլ ապագայի պատճառով»։ Այս մեկնաբանություններն ավելի վատթարացրեցին նրա առարկությունը։

Սենատոր Գրեհեմի մերժումը որոշ մարդկանց մոլորության մեջ գցեց, որ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևը ջախջախված է: Այդպես չէ։ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այժմ պետք է քննարկի բանաձևը, իսկ հաստատելուց հետո այն փոխանցի Սենատի լիագումար նիստին:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930