Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ռուսի քմահաճույքի պատճառով վտանգված է մեր ազգային անվտանգությունը»․ ահազանգ Գյումրու լոկոմոտիվային դեպոյից

Նոյեմբեր 19,2019 19:45

Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները երեկվանից շոկի մեջ են․ նրանք անակնկալի են եկել՝ գնալով աշխատանքի ու տեղեկանալով, որ իրենց հարկադիր հանգիստ են ճանապարհել՝ փոխարենն աշխատանքի բերելով ազգությամբ ռուս մեքենավարների։

Aravot.am-ի հետ զրույցում լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները տեղեկացրեցին, որ իրենք, անհանգստացած մեր երկրի ազգային անվտանգությամբ, դիմել են ուժային կառույցներին՝ Շիրակի մարզի դատախազությանը, ոստիկանությանը և ԱԱԾ-ին։ Ըստ նրանց, հանցագործության մասին հայտարարության մեջ նշել են, որ ռուս մեքենավարների՝ տեղանքին անծանոթ լինելու պատճառով ոչ միայն փչանում է մեր երկրի գույքը, որի արժողությունը մոտ 2 միլիոն դոլար է, այլ վտանգ է սպառնում մեր երկրի քաղաքացիների կյանքին։

«Ռուս մեքենավարներ են բերել երեկ, նրանց անօրինական ձևով աշխատեցնում են, մեզ էլ անօրինական ձևով հարկադիր հանգստի են ուղարկում։ Ռուս մեքենավարները մեր տեխնիկայից արդեն երկու հատը վառել են, չգիտենք փորձի պակա՞սն է, թե՞ ինչն է․․․

Մեր աշխատանքային պայմանագիրը չի ավարտվել, մեզ արձակուրդ են գրել, որպեսզի ռուսներին աշխատեցնեն։ 10 հոգու բերել են Ռուսաստանից ու հայերից օրական 10 հոգու հանգստի են ուղարկում՝ ամեն մեկին 48 ժամով։ 48 ժամանոց հանգստի մասին մեզ տեղեկացնում են 30 ժամ հետո։ Զգում ենք, որ մեզ աշխատանքի չեն կանչում, զանգում, հարցնում ենք, թե՞ ինչու աշխատանքի չեք կանչում, ասում են՝ դու խաբա՞ր ես, արդեն օր ու կես է՝ հանգստի մեջ ես։

Ղեկավարության հետ, բնականաբար, հանդիպել ենք, ասում են՝ լավ ենք անում։ Մեզ խոսակցություններ են հասել, որ մտադրություն ունեն բոլոր հայերիս աշխատանքից ազատել։ Ռուսները, ըստ ընդունված կարգի, պիտի անցնեին փորձաշրջան, բայց իրենց երեկ կեսօրին սամոլյոտից իջեցրել են ու արդեն իրիկուն սկսել են պոյեզ քշել ու հերթով սկսել են մեր տեխնիկան վառել, երկու միլիոն դոլարանոց տեխնիկան շարքից հանել։

Իսկ որ ամենավտանգավորն է, իրենք վնասում են մեր երկրի ազգային անվտանգությունն․ այդ նույն ռուսը չգիտի՝ ո՞րն է ճանապարհը, որտե՞ղ է լուսակիրը, պահի տակ հնարավոր է իր արգելակումը սխալ անի ու Աստված չտա՝ խփի ուղևորատար գնացքին։ Չենք էլ ուզում մտածել, քանի հոգի այս դեպքում կզոհվի, ջհանդամ լինի տեխնիկան, դա մի կողմ թողնենք, բա մարդկային կյանքերը․․․ Ռուս մեքենավարը բացարձակ տեղյակ չէ՝ որտեղ է ինքը։

Մենք բողոքի ակցիայի դեռ դուրս չենք եկել , բայց նախազգուշացրել ենք՝ եթե հարցը չլուծվի, դիմելու են ծայրահեղ միջոցների, առայժմ դիմել ենք օրենքին։

48 հոգի գործազուրկ է դառնում։ Մեզ ներկայացնում են, թե փորձի փոխանակման են եկել ռուս մեքենավարները, բայց իրենք մի հրաման են տվել, որի մեջ փորձի փոխանակման մասին ոչ մի խոսք չկա։

Ռուսի քմահաճույքի պատճառով մեր ազգային անվտանգությունն է վտանգված, չենք լռելու, չենք թույլ տալու, որ մի հատ ռուս մեքենավար մեր ազգաբնակչության քթից արյուն բերի, սա ի գիտություն բոլորին»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ «Ցայգ» հեռուստաընկերության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930