Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային 1-ին եւ 3-րդ շենքերի բնակիչների խնդիրը արդեն երկար տարիներ է՝ չի լուծվում: Բնակիչները հույս ունեին, որ հեղափոխությունից հետո, նոր իշխանությունները մի բան կանեն: 4-րդ կարգի վթարային այս շենքերում 22 ընտանիք է բնակվում, գրեթե բոլոր ընտանիքներում անչափահաս երեխաներ կան, իսկ շենքն, ըստ ԱԻՆ-ի, անգամ նորոգման ենթակա չէ, էլ ուր մնաց, թե բնակվելուն պիտանի լինի:
Ամիսներ առաջ բնակիչները բողոքի ցույցեր էին անում կառավարության մոտ, մայիս ամսին անգամ համայնքի դպրոցի մուտքն էին փակել: Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը խոստացել էր խնդիրը լուծել:
Aravot.am-ի հետ զրույցում բնակիչներն ասացին՝ մինչ օր խնդիրը չի լուծվել, վրդովված են իշխանությունների անտարբերությունից. «Վարչապետն ասել էր, որ Երեւանում վերաբնակեցվել է 100-ից ավելի ընտանիք, որոնք նախկինում ապրում էին 4-րդ կարգի վթարային շենքերում: Իսկ մե՞նք: Հայաստանը մենակ Երեւանը չէ: Մարզպետն ասում է՝ բյուջե չունենք, հրատապ խնդիրը վթարային դպրոցների վերանորոգումն է: Ասում է՝ դիմել ենք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին՝ Սուրեն Պապիկյանին, ինքն էլ ասել է՝ բյուջե չկա: Այսինքն՝ մարդկանց, երեխաների կյանքի անվտանգության համար բյուջե չկա: Վարչապետը ելույթ է ունենում, ասում՝ մեր բյուջեում փող կա, իսկ էդ գումարը ինչի՞ վրա են ծախսում, սրանից առաջնային ի՞նչ հարց կա: Պետք է զոհեր լինե՞ն, ցավակցական ուղերձներ լինեն, որ նոր հասկանան խնդրի հրատապությունը»:
Կարդացեք նաև
Բնակիչներն ասում են.«Էրեխեքին ավտոների մեջ ենք քնեցնում, վախենում ենք տանը քնեցնել, ամեն վայրկյան կարող է շենքը փլվի»:
Ի պատասխան Aravot.am-ի հարցմանը, Արմավիրի մարզպետարանից հորդորեցին մարզպետի ամփոփիչ ասուլիսը դիտարկենք որպես պատասխան, նշելով՝ այն, ինչ ասվել է վթարային այդ շենքերի մասին, ավելացնելու ոչինչ չկա:
Մարզպետն մի երկու շաբաթ առաջ իր ամփոփիչ ասուլիսում ասել էր. «Մենք մարզում նման բազմաթիվ շենքեր ունենք, ցավոք սրտի, այդ շենքերի մեծ մասը դպրոցներ են, դպրոցներից 5-ը վերակառուցվելու են: Բնակիչների հետ հանդիպման ժամանակ որոշում կայացվեց, որ մարզպետարանն իրենց աջակցի հողատարածքներ ձեռք բերելու եւ տրամադրելու ուղղությամբ: Ներկայումս մարզպետարանում տարվում են աշխատանքներ հողի կատեգորիան փոփոխելու ուղղությամբ, որ տարբեր ընտանիքներին հենց համայնքում հողատարածքներ տրամադրենք: Շենքի շատ բնակիչներ արդեն իսկ ունեցել են հողհատկացումներ, կամ այս տարիներին ունեցել են հնարավորություն դուրս գալու: Բայց մենք փորձում ենք ցանկացած աջակցությամբ, գործիքակազմով իրենց աջակցել»:
Մեզ հետ զրույցում այս շենքի բնակիչներից Մկրտիչ Սահակյանն արձագանքելով մարզպետի հայտարարությանն, ասաց. «Անպարտաճանաչ մարդիկ են, մարզպետից սկսած՝ մինչեւ վերջին աշխատողը: Մոտ 7 ամիս է խաբում են այդ հարցով, ասում են՝ մենք այդ խնդիրը կլուծենք, ու չեն լուծում: Սա էլ հո բյուջեի հետ չի՞ կապված, հողի կատեգորիան պիտի փոխեն, 7 ամիս է՝ բան չեն անում: Մենք մարզպետի հետ հանդիպման ժամանակ, պայմանավորվել էինք, որ այդ 22 ընտանիքներից, որոնք հողատարածքներ ունեն, մարզպետարանը նվիրատվություն անի, այսինքն, դրանք մենք վաղուց մշակում ենք, վարձակալությամբ ենք վերցրել համայնքից: Առաջարկել ենք նվիրատվություն անեն, որ մարդիկ էդ իրենց տարածքում կարողանան դոմիկ դնեն, ընտանիքները տեղափոխեն, դուրս գան վթարայինից, մինչեւ պետությունը բնակարանի հարցը կլուծի: Համաձայնվել են, ու մինչեւ հիմա, քանի ամիս ա, հարցը չի լուծվում: Սկզբում ասացին՝ գնա գյուղապետարանում վկայական հանի, գնացի 20-30 հազար դրամ մուծեցի, համայնքի անունով վկայական հանեցի, հետո ասացին՝ չէ, չի լինի, պիտի ներկայացվի կառավարություն: Մինչեւ ե՞րբ են մեզ խաբելու: Ամառը մի կերպ դիմացանք, հիմա դեմը ձմեռա, անձրեւ, ձյուն, էդ տներում ապրել չի լինում»:
Սահակյանի խոսքերով՝ 2014 թվականին կառավարությունը այս համայնքի կրկին 4-րդ կարգի վթարային շենքերից մեկի որոշ բնակիչներին 6.6 միլիոն դրամ փոխհատուցում է տրամադրել, եւ դրանից հետո այլեւս ոչ մի փոխհատուցում չի եղել, թեեւ խոստացել էին եռամսյակը մեկ շարունակել փոխհատուցումը:
«Հաշվել ենք՝ 22 ընտանիքին օգնելու, էրեխեքի կյանքը փրկելու համար էս պետությունն ընդամենը 145 միլիոն դրամ պիտի ծախսի: Ամեն ընտանիքում 3-4 փոքր երեխա կա, սա կարեւո՞ր չի, առաջնային չի՞ էս ղեկավարության համար: Մենք չենք հավատում, որ մտքներին դնեն՝ 145 միլիոնը չեն կարող հատկացնել»:
Բնակիչներն այլեւս չգիտեն, թե ինչ միջոցի դիմեն, որպեսզի վարչապետի ուշադրությունը գրավեն, ասում են՝ բողոքի ցույցեր արեցին, բան դուրս չեկավ, հիմա նույնիսկ խուսափում են գնալ կառավարության շենքի մոտ ցույց անել, ոչ թե հուսահատությունից, այլ. «Վախում ենք, որ մարդիկ տեսնեն ցույց ենք անում, ասեն՝ ըհըն, քոչարյանականներն են»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ