Արցախի հակամարտության լուծումը հնարավոր է միայն Արցախի ինքնորոշումը և Ադրբեջանից նրա անկախությունը ճանաչելու ճանապարհով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը՝ «Պոզներ» հաղորդման շրջանակում լրագրող Վլադիմիր Պոզների հետ զրույցում:
Հաղորդավար Վլադիմիր Պոզները հիշեցրել է, որ վերջերս Արցախ կատարած այցից հետո Զատուլինը սուր քննադատության ենթարկվեց Ադրբեջանում, և հետաքրքրվել է՝ ինչպես է նա տեսնում հակամարտության լուծումը:
«Այդ կարգավորման հիմքում փոխզիջումն է: Ինքը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ Արցախի Հանրապետությունը, ոչ մեկի կողմից ճանաչված չէ, այն գոյություն չունի և չի ապրում: Եվ ցանկանում եմ ասել՝ ոչ մի բանի դիմաց և երբեք նա չի համաձայնի որևէ ձևի, անգամ ֆորմալ կերպով Ադրբեջանի կազմ վերադառնալուն: Անգամ այն պահին, երբ փլուզվում էր Խորհրդային Միությունը, Ադրբեջանի ճանաչումը նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքներով անիրական էր, քանի որ այդ պահին՝ 91-ին արդեն երեք տարի հակամարտությունը շարունակվում էր, Ադրբեջանը լիարժեք կերպով չէր վերահսկում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը: Ուստի պետք է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը և Ադրբեջանից անկախությունը»,- ասել է Զատուլինը:
Նա նաև նշել է, որ Արցախի կողմից փոխզիջում կարող է լինել պատերազմի ընթացքում ինքնապաշտպանական ուժերի կողմից գրավված Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքների հանձնումը: Զատուլինը հստակեցրել է, որ խոսքը 7 շրջաններից 5-ի մասին է, քանի որ դրանցից երկուսը Հայաստանը կապում են Արցախի հետ:
Կարդացեք նաև
Զատուլինը հավելել է, որ այդ փոխզիջումային տարբերակի իրագործումը երկու երկրներում էլ թույլ չեն տալիս «սանձարձակ ազգայնականները». Ադրբեջանում կարծում են, որ պետք է ստանան ամբողջ Ղարաբաղը, իսկ Հայաստանում՝ որ արյունով ազատագրված տարածքները չի կարելի հանձնել:
https://www.youtube.com/watch?v=Rip3JBaLTLA
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ