Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամուլսարի հարցը զգայուն հարց է, դրա վերաբերյալ խոսակցության ընթացքում մարդիկ տոնայնություն կարող են փոխել, դա նորմալ է». Տիգրան Ուլիխանյանը՝ փակ հանդիպման մասին

Նոյեմբեր 19,2019 17:10

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները օրերս հանդիպում են ունեցել Ջերմուկի եւ Գնդեվազի բնակիչների հետ Ամուլսարի հանքի շահագործման հարցով։ Այդ հանդիպումը փակ է եղել լուսաբանման համար: Հանդիպմանը ներկա են եղել շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, Քննչական կոմիտեի պետի տեղակալ, Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Արսեն Այվազյանը եւ այլ պաշտոնյաներ: Իսկ պատգամավորներից հանդիպմանը մասնակցել են Մարիա Կարապետյանը, Միքայել Զոլյանը, Գայանե Աբրահամյանը, Մերի Գալստյանը եւ Տիգրան Ուլիխանյանը:

Aravot.am-ի հետ զրույցում Տիգրան Ուլիխանյանը որոշ մանրամասներ պատմեց հանդիպումից: Նախ, լուրեր կային, որ հանդիպումը թեժ մթնոլորտում է անցել, բարձր տոնով խոսակցություն է եղել: Տիգրան Ուլիխանյանն ասաց. «Ամուլսարի հարցը նուրբ, զգայուն հարց է, դրա վերաբերյալ խոսակցության ընթացքում մարդիկ տոնայնություն կարող են փոխել, դա շատ նորմալ է: Հենց նրա համար էինք էդ անկեղծ միջավայրը ստեղծել՝ առանց լուսաբանման, որպեսզի էդ անկեղծութունը լինի: Բայց ես չէի գնահատի դա թեժ խոսակցություն»:

Թե ի՞նչ ինտրիգային իրավիճակ է եղել՝ Ուլիխանյանը պատասխանեց. «Ոչ մի ինտրիգ չի եղել: Բարձր տոնով…միկրոֆոնով էին խոսում»:

Իսկ թե ի՞նչ պայմանավորվածություն են ձեռք բերել հանդիպման արդյունքում՝ պատգամավորը պատասխանեց. «Այս աշխատանքները չափազանց քիչ են՝ ընդհանուր հայտարարի գալու համար, սա անմիջական զրույցների սկիզբն է: Տեղեկույթը, տեղեկատվությունը ժամանակի եւ տարածության մեջ խեղաթյուրվելու հատկություն ունեն, եւ մենք պետք է ուղիղ խոսենք մեր քաղաքացիների հետ երես առ երես, որպեսզի հասկանանք իրական մտահոգությունները եւ ներկայացնենք նաեւ պետության դիրքորոշումը: Ես կասկած չունեմ, անհրաժեշտ ժամանակ հատկացնելու պարագայում այդ խնդիրը համախոհության կարգով լուծվելու է»:

Պատգամավորը պատմեց, որ բավականին շատ տեղեկատվություն են փոխանակել ու հանդիպումների մեջ իրենք երկխոսությունն են ապահովել՝ գործադիրի ու հասարակության անդամների. «Մենք, կարելի է ասել, միջնորդական առաքելություն ենք մեր վրա վերցրել, որպեսզի ապագայում չլինի այնպիսի մարդ, որը լսված չլինի եւ ՀՀ պետական իշխանության դիրքորոշումները իրեն հայտնի չլինեն»:

Հարցին՝ Ջերմուկի, Գնդեվազի բնակիչների դիրքորոշումները Ամուլսարի հարցում մեղմացա՞ն ձեզ լսելուց հետո, թե՞ իրենք վճռական իրենց տեսակետն են պնդում դեռ՝ նա պատասխանեց. «Այդպիսի գնահատական ես չեմ կարող տալ, որովհետեւ չգիտեմ ոնց չափեմ՝ մեղմացա՞ն, թե՞ չմեղմացան: Վստահ եմ, իրենց համար էլ էր օգտակար, համենայնդեպս, հանդիպումից հետո նրանց ջերմ վերաբերմունքը մեր նկատմամբ, ջերմ առանձնազրույցները վկայում են նրա մասին, որ Գնդեվազի, Ջերմուկի ու ընդհանրապես այդ ոլորտին առնչվող բոլոր ներկայացուցիչների վստահությունը դեպի պետություն անպայման մեծանում է»:

Տիգրան Ուլիխանյանը նաեւ ընդգծեց. «Պետությունը ծախս է անելու, որպեսզի սեփական չափիչ սարքերը ունենա, որպեսզի որոշումներ կայացնելիս ունենա փաստացի կոնկրետ սեփական տվյալները: Բոլոր տվյալները պետք է ունենա սեփական փորձով, սեփական ձեռքերով հավաքագրված ճշգրիտ ինֆորմացիա, որովհետեւ այսօր մենք ոչ միայն Ամուլսարի, այլ նաեւ շատ այլ թեմաների վերաբերյալ որոշումներ կայացնելիս օգտագործում ենք ելակետային տվյալներ, որոնց նկատմամբ վստահությունը 100 տոկոսանոց չէ: Սա լուրջ խնդիր է եւ կոնկրետ Ամուլսարի հարցով մենք ելակետային տվյալների հավաքագրման հետ կապված խնդիր ունենք: Լուծելու ենք այդ խնդիրը, ունենալու ենք 100 տոկոսով փաստարկված տվյալներ, որոնց հիման վրա իրականացնելու ենք ճիշտ որոշումներ»:

Հարցրեցինք՝ կա տեսակետ, որ Ամուլսարի հարցի հետ կապված իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկել է, կա՞ նման բան՝ Տիգրան Ուլիխանյանը պատասխանեց. «Ես դա չեմ տեսնում, բայց նաեւ ուզում եմ շեշտել, որ մենք վարկանիշի հետեւից չենք ընկնում, մենք աշխատում ենք ՀՀ քաղաքացիների կյանքը բարելավելու ուղղությամբ: Մենք կարող է կայացնենք որոշումներ, որոնք շատ պոպուլյար չեն ՀՀ պետական իշխանությունն այսուհետ եւ միշտ ընկած է լինելու իր ժողովրդի բարեկեցությունը բարելավելու հետեւից, ոչ թե իր սեփական վարկանիշի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930