Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եթե գիտեք Միքայել Հարությունյանի տեղը՝ ասեք. Պետրոս Պետրոսյանը՝ Ռուբեն Սահակյանին

Նոյեմբեր 19,2019 16:39

«Ներկայացված փաստարկները բացարկի ինստիտուտի հետ ոչ մի կապ չունեն»,- այսօր դատարանում հայտարարեց «Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների» գործով մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, պաշտպանական կողմը մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկի միջնորդություն է ներկայացրել: Նախորդ նիստում դատախազին բացարկի միջնորդություն էին ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները՝ Քննչական խմբի ղեկավարի կանխակալ եւ կողմնակալ փաստերն ընդունելու համար:

«Զարմացած եմ, որ Քրեական օրենսգրքի երկու հոդվածների ներկայացումը զարմանալի է պաշտպանական կողմի համար: Քրեական օրենսգրքի 300 եւ 300.1 հոդվածների շուրջ մենք պետք է դատական նիստի ընթացքում խոսենք»,- ասաց Գեւորգ Բաղդասարյանը, որի կարծիքով, դատարանը պետք է մերժի պաշտպանների միջնորդությունը՝ մեղադրող դատախազին բացարկ հայտնելու մասին:

«Գործը գտնվում է քննության փուլում եւ պետք չէ հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե ես ոչ մի բանի չեմ հետեւում»,- հակադարձելով պաշտպանների՝ իրեն բացարկ հայտնելու միջնորդության հիմքերին, ասաց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը:

Պաշտպանները, հիշեցնենք, դատախազին մեղադրում են քննչական խմբի ղեկավարի գործողություններին պատշաճ չհետեւելու եւ այս գործով կանխակալ վերաբերմունք ունենալու մեջ:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանի հայտարարությանը, որ դատախազությունը անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել գործով վկա Միքայել Հարությունյանին հարցաքննելու համար, մինչդեռ այդ հնարավորությունը կար, Պետրոս Պետրոսյանն ասաց, որ դա անել չէին կարող, քանի որ Միքայել Հարությունյանի հասցեն չունեին: Եվ հիշեցրեց, որ Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված:

Նա Ռուբեն Սահակյանին հորդորեց՝ եթե գիտի, թե որտեղ է գտնվում Միքայել Հարությունյանը, ապա թող ասի. «Կտեղեկացնենք մեր ռուս գործընկերներին ու կհարցաքննենք: Եթե նրա տեղը հայտնի չէ, ինչպես կարող ենք հարցում ուղարկել մեր միջազգային գործընկերներից որեւէ մեկին ու նա կօգնի նախատեսված ընթացակարգով հարցաքննություն անել»:

Պետրոս Պետրոսյանը նույնպես կարծում է, որ պաշտպանների՝ իրեն բացարկ հայտնելու միջնորդություններն անհիմն են. «Սրանք ապատեղեկատվություն տարածելու վերաբերյալ փոքրիկ հնարքներ են»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930