«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին այսօր Aravot.am-ը հարցրեց՝ վերջին շրջանում անընդհատ սկանդալների մեջ եք հայտնվում, երբ հարցազրույց եք տալիս, ինչի՞ց է՝ նա ի պատասխան գլխով արեց, թե չգիտի:
Հիշեցնենք, որ վերջին հարցազրույցներից մեկում Հովիկ Աղազարյանն ասել էր. «Ես Աղազարյան Հովիկն եմ, քրիստոնյա, բայց ես հավատացյալ չեմ: Ու ինձ համար շատ ցավալի է, որ իմ յոթ տարեկան թոռնիկը աղոթում է. սա կոչվում հոգեորսություն: Պետք չէ, եկեղեցու պատմության անվան տակ ուրիշ բաներ են սովորեցնում, աղոթել և այլն»: Նրա խոսքով՝ «Նորմալ չի, որ յոթ տարեկան թոռնիկս խաչակնքում եւ դիմում է Աստծուն»:
Այսօր մեզ հետ զրույցում Հովիկ Աղազարյանը պարզաբանեց, որ ինքը «Հայր մերն» ասելուն դեմ չի, դեմ է աղոթելուն. «7 տարեկան երեխան չի կարա հասկանա, թե ինչ է նշանակում աղոթել եւ Աստծո հետ հաղորդակցվել: Իսկ ձեր ասած սիրուն ժպիտով խոսքը, որ հայտնվում եմ սկանդալի մեջ, սկանդալ՝ նկատի ունեմ այն հարձակումները իմ նկատմամբ, դրանով ցուցաբերում են քրիստոնեական հանդուրժողականությո՞ւն, հա՞, է՞դ է քրիստոնեական հանդուրժողականությունը: Միգուցե ես սխալվել եմ, միգուցե սխալվում եմ, միգուցե մոլորյալ եմ, բա ո՞ւր է իրենց քրիստոնեական հանդուրժողականությունը՝ մեկ: Եվ երկրորդը՝ ձեր համար ո՞րն է ավելի ընդունելի՝ էն մա՞րդը, որն ասում է, թե ես ընդունում եմ քրիստոնեական արժեքները, բայց հավատացյալ չեմ, աշխատում եմ այդ արժեհամակարգով, թե՞ այն մարդը, որը մինչեւ ժամը 6-ը մեղքեր է գործում, եկեղեցի է գնում մեղքերի համար թողություն խնդրում, որ հաջորդ օրը նորից նույն կյանքով ապրի: Ո՞վ է ավելի ընդունելի, դուք որոշեք»:
Հարցին՝ այսինքն, դուք գերադասում եք չաղոթել, բայց հոգու խորքում հավատալ Աստծուն ու այդ արժեհամակարգո՞վ ապրել՝ Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Ո՛չ: Ես գերադասում եմ չաղոթել եւ ապրել քրիստոնեական արժեհամակարգով»:
Կարդացեք նաև
Թե աղոթելն ինչո՞վ է խանգարում՝ պատգամավորը պատասխանեց. «Աղոթեք դուք, ես չեմ աղոթում, որովհետեւ աղոթելը շատերի համար իր մեջ կրում է հաղորդակցվել Աստծո հետ՝ իրենց մեղքերին թողություն տալու համար, մեղք մի գործիր, աղջիկ ջան»:
Ճշտեցինք, այսինքն, դուք ընդհանրապես մեղք չե՞ք գործում, որ այդ հաղորդակցվելու կարիքը չեք զգում՝ Աղազարյանը պատասխանեց. «Գործում եմ: Եվ ավելի լավ է՝ ես իմ մեղքերի հետ ապրեմ, որ միշտ զգամ մեղք գործելը վատ բան է, հաջորդ անգամ չգործեմ, ոչ թե Աստծո կողմից թողտվություն ստանամ ու լիցենզիա՝ հաջորդ մեղքը գործելու համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ