ԲՀԿ պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին երբ այսօր հիշեցրինք «Օազիս» սրճարանում կրակոցները, «Դուետ» սրճարանում սպանության դեպքը, կտրականապես հերքեց, որ այդ եւ այլ կրիմինալ միջադեպերի հետ ինքը կապ ունի:
Aravot.am-ը հարցրեց՝ ձեր որդին ինչո՞ւ էր բանակից ազատվել, քրգործ է հարուցվել՝ նա պատասխանեց. «Իմ որդին ՀՀ չեմպիոն է եղել, միջազգային մրցաշարերի, իր ոտքի, իր որովայնի հետ կապված ամբողջությամբ բժշկական կոմիսիաներով, 37 կարերը իր վրա ժամկետանց են եղել, քրեական գործ չի հարուցվել, դուք օդի մեջը խոսում եք, այդպիսի բան չկա: Ժամկետանց է եղել, հետ է ընկել, ինստիտուտ է գնացել, 3 հատ երեխա ունի, հիմա էլ 37 տարեկան է, ի՞նչ եք ընկել ստից բաների հետեւից, մենք էնքան մաքուր ենք օր… ծիծաղս էլ է գալիս»:
Վարդան Ղուկասյանն ասում էր, թե իրեն զրպարտում են, խոսում էր դատի տալու մասին: Հարցրեցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ է ԱԺ ամբիոնից խոսել Գյումրիի թալանի մասին, իրե՞ն էլ եք դատի տալու, զրպարտե՞լ է՝ ի պատասխան Վարդան Ղուկասյանը մի պատմություն պատմեց. «Երբ տարիքով շատ մեծերի հետ երկրում ճանաչված մի անգամ նստած էինք, որեւիցե մեկը կողմից դարձավ ու նախկին երջանկահիշատակ վարչապետների հասցեին մի բան խոսեց, իսկ այդտեղից տարիքով հին պաշտոնյա մեկը ասեց՝ եթե իրեն չես հարգում, պաշտոնը հարգի: Ես պաշտոն հարգող մարդ եմ՝ ՀՀ թագավոր վարչապետ, կաթողիկոս հարգող եմ ու կոռեկտության մեջ եմ ինձ պահում: Ասել է, միգուցե հետագայում զգա, որ սխալվել է, բան չկա, ես իրեն լավն եմ ցանկանում»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ «Ալեքսանդրապոլ» հյուրանոցն ի՞նչ միջոցներով եք կառուցել, հարցրեցին իր խանութներից, օբյեկտներից: Ի պատասխան՝ Վարդան Ղուկասյանը հորդորեց հանքարդյունաբերության ոլորտում գործողների միլիարդների մասին մտածել. «Մենք բանկերի տակ տանջվում ենք, աղջիկ ջան, մենք հարուստ չենք…Իմ ապրած կյանքը բոլորի աչքի առաջ է եղել, գնացեք օֆշորների մասին մտածեք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ