Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր շարունակվում է «Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների» գործով դատական նիստը:
Հիշեցնենք նիստում պաշտպանական կողմը բացարկի միջնորդություն է ներկայացրել մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանին եւ Գեւորգ Բաղդասարյանին: Պաշտպաններից Հովհաննես Խուդոյանի հիմնավորմամբ, դատախազին բացարկը պայմանավորված է Մարտի 1-ից այս անջատված գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի գործողություններով: Պաշտպանական կողմի պնդմամբ, դատախազ Պետրոս Պետրոսյանը քննչական խմբի ղեկավարի նկատմամբ կանխակալ վերաբերմունք է ունեցել՝ պարբերաբար թույլ է տվել քրեադատավարական վարքի խախտումներ:
Այսօրվա նիստը սկսվեց գործով ամբաստանյալ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի՝ դատախազին բացարկի միջնորդությամբ:
Կարեն Մեժլումյանը հիշեցրեց, որ դեռ գործի նախաքննության ընթացքում ինքը միջնորդություն է ներկայացրել գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանին: Դեռ այն ժամանակ պաշտպանն ահազանգել էր, որ մայր գործում առկա են բազմաթիվ ցուցմունքներ, այդ թվում նաեւ ինքնախոստովանական, որ մարտի 1-ին տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ՝ խնդրելով դրանք ներառել սույն գործում: Սակայն այդ միջնորդությունը Հրաչյա Մուշեղյանը մերժել է:
Կարդացեք նաև
Պաշտպանը հիշեցրեց նաեւ, որ Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել 300.1 հոդվածով, որը 2008 թվականի իրադարձություններից մեկ տարի անց է ընդունվել եւ ոչ Սեյրան Օհանյանին, որպես մեղադրյալ ներգրավելու որոշման, ոչ էլ 1000 էջից ավելի մեղադրական եզրակացության մեջ որեւէ հղում չկա նախկինում գործած 300-րդ հոդվածին:
Կարեն Մեժլումյանը մի քանի միջնորդություններով քննիչին խնդրել է պարզաբանել, թե ինչպես է 2008 թվականին ուժի մեջ մտած հոդվածը կիրառվել ավելի վաղ տեղի ունեցած իրադարձությունների վրա, սակայն պարզաբանումներ չի ստացել, միջնորդություններն էլ մերժվել են: Ապա քննիչի որոշումը բողոքարկել է գլխավոր դատախազին, իսկ բողոքը մերժվել է մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի կողմից: «Քննիչն ու դատախազը թույլ են տվել կոպտագույն խախտումներ, չեն պարզաբանել՝ արդյոք հին հոդվածը կիրառել են, թե ոչ, իսկ այս դեպքում պաշտպանական կողմը զրկվել է արդյունավետ պաշտպանության իրավունքից»,- ասաց Կարեն Մեժլումյանը՝ հավելելով, որ այս գործողությունները վկայում են, որ դատախազը գործով շահագրգիռ է, ուստի ինքը բացարկ է հայտնում նրան:
Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն իր խոսքում հավելեց, որ դատախազները դատարանում են մեղադրանքը պաշտպանելու համար, բայց դա չի նշանակում, որ դա իրենք պետք է անեն ցանկացած գնով. «Դա չի նշանակում, որ իրենք մեղադրանքը պետք է պաշտպանեն, երբ համոզված չեն դրանում։ Այս իրավիճակում, դա այդպես չի: Դատախազներն իմանալով արդարացնող ապացույցների մասին, դրանք չեն ներառել քրեական գործի մեջ: Դատախազները մեղադրանքը պաշտպանում են ոչ պատշաճ մեթոդներով, իրականությունը խեղաթյուրելով»: Ըստ նրա, եթե դատախազը փորձում է իրականությունը խեղաթյուրել՝ ի վնաս ամբաստանյալի, ապա տվյալ վարույթում ընդհանրապես անելիք չունի, քանզի դա վտանգավոր է արդարադատության համար: Պաշտպանը համամիտ է նաեւ այն տեսակետի հետ, որ դեռ հայտնի էլ չէ, թե ինչ նյութեր կան, որոնք պետք է լինեին այս գործում եւ ինչպես դրանք կտանեին գործի ընթացքը: «Մեղադրանքը ձեւակերպված է այնպես, որ պաշտպանական կողմը հնարավորինս չկարողանա հասկանալ՝ ինչ քրեաիրավական որակումներ են եւ որտեղից են դրանք ծագել»,- ասաց Հայկ Ալումյանը՝ համաձայնելով Կարեն Մեժլումյանի հետ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ