Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանը՝ «Օազիս» սրճարանի կրակոցների, «Դուետ» սրճարանում սպանության, իր ու իր ընտանիքի հետ կապված կրիմինալի մասին. «Խայծը գցում եք, ամբողջ ռեսպուբլիկայով խայտառակում եք»

Նոյեմբեր 19,2019 14:35

«Ինձ հարցաքննելու խնդիր չկա, պետք է ուրիշ տեղ հարցաքննեն»,- այսօր ԱԺ-ում այսպես Գյումրիի նախկին քաղաքապետ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը պատասխանեց, երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե նրան հարցաքննության չե՞ն կանչել՝ Նազելի Բաղդասարյանին ոչ անմիջականորեն սպառնալու գործով:

Նա լրագրողներին ասաց, թե «դուք եք սպառնացել, ինչքան գիտեմ, դուք եք արել, ինչ ուզենաք, կասեք, էլի»: Երբ հարցրեցին՝ դուք ոչ անմիջականորեն ասե՞լ եք՝ երեխա ունես, զգույշ եղիր, Վարդան Ղուկասյանն արձագանքեց. «Բայց ինքը ասո՞ւմ է, որ նման բան է եղել: Ասե՞լ է, որ ես իրա երեսը տեսել եմ, էդպիսի բան եմ ասել, էդ ձեր ստերը, որ տարածում եք, վերջում կզգաք, որ ես էդպիսի բան չեմ ասել: Ձեր նպատակն ի՞նչ է,  երեխեք, որ մեզ վարկաբեկեք, խայտառակե՞ք: Ինչի՞ եք էսքան հավաքվել, ոնց որ հայ-թուրքական հարցը լինի, ինչի՞ եք էսքան խառնվում, որ, մի հատ ձեր տերերին ասեք՝ ինձանից հեռու մնան, ես շատ շնորհքով մարդ եմ, հայրենասեր, հավատացյալ, երկիր սիրող, ուղղակի զարմանալի է, Ալիեւին էսքան հարց չեք տալիս, ոնց որ մեզ»:

Հարցրեցին՝ բա ձեր տերն ո՞վ է՝ ՀՀԿ-ն է՞, թե՞ ԲՀԿ-ն՝ նա պատասխանեց. «Իմ տերն Աստված է, իսկ քո տերը, հավանական է, շատերն են: Ես էն մարդկանցից եմ, որ տեր չեմ փնտրել, մի բան էլ ես եմ ուրիշներին տեր լինում, իսկ դու մի տասը հատ կունենաս»:

Aravot.am-ը հարցրեց՝ ինչ դուք հայտարարել եք, որ Գյումրին ամենա ոչ կրիմինալ քաղաքն է եղել ձեր՝ քաղաքապետ լինելու օրոք, սոցցանցերում մարդիկ չեն դադարում հիշել այն բոլոր կրիմինալ դեպքերը, որոնք կապվում են ձեր, ձեր որդու, ձեր բարեկամների հետ: Մասնավորապես, հիշում են «Օազիս»-ում ձեր կրակոցները, «Դուետ» սրճարանում սպանության դեպքը, ինչպե՞ս կմեկնաբանեք դրանք:

Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Հիմա հերթով ասեմ. «Օազիս» սրճարանում որ նմանատիպ բան եք ասում, դուք, ձեր լրատվական կառույցները նմանատիպ զրպարտանք ներկայացնելով՝ դուք տարածեցիք, գցում եք խայծը, հետո պարզում եք, չեք պարզում, ոչ մի նմանատիպ գործ իմ հետ կապված չի եղել, ոչ մի քրգործ չի հարուցվել: Մյուսն ասեմ՝ «Դուետ» սրճարանի հորեղբոր տղան իմ փեսան է, դրանից հետո ո՞նց կարող է նման բան լինի, նմանատիպ բոլոր բաները էդ դուք եք արել, ձեր տերերն են անում: Մահացածը իմ փեսայի հորեղբոր տղան է, ամբողջ էդ ընտանիքը իմ հարազատությունն է: Մյուսը՝ էն երեխան, որ նռնակից մահացավ, բերիք նորից կապեցիք մեր վրա, հիմա որ ես ձեզ ասեմ՝ դուք բռնաբարություն եք արել, մարդ եք սպանել, է, ինչքա՞ն կարելի է սուտ բաներ ասել, ամոթ է, էլի, վերջը ուրիշ չափ ու սահման էլ կա: Հետո ինչ, որ ձեզ մի հատ դատի չեմ տալիս, պիտի սե՞նց անեք, մի հատ խայծը գցում եք, ամբողջ ռեսպուբլիկայով խայտառակում եք, դրանից հետո Վարդան Ղուկասյան, դե հմի դրա տակից դուրս արի: Այսինքն, ես մշտական պիտի դատարաններից դուրս չգամ, ձեզ դատի տամ»:

Ըստ Վարդան Ղուկասյանի, երբ տեսնում են, որ մեկի հետեւից ժողովուրդ է գնում, ուզում են անպայման խայտառակել ու վարկաբեկել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930