Ռուսական կողմից հերթական հայտարարությունն է հնչել 5-րդ սերնդի կործանիչների արտադրության հարցում ռուս-թուրքական համագործակցության հնարավորության վերաբերյալ:
Ռուսաստանի նախագահին առընթեր ավիացիայի զարգացման հանձնաժողովի անդամ Յուրի Սիտնիկը ռուսական «Սպուտնիկ» գործակալության թուրքական ծառայության հետ զրույցում նշել է, որ Մոսկվան շահագրգռված է համագործակցել Անկարայի հետ ռազմական ինքնաթիռների արտադրության հարցում:
Սիտնիկը նախ նշել է, որ Ռուսաստանն արտադրում է ոչ միայն 4++ սերնդի կործանիչներ, ուղղաթիռներ, տանկեր ու ՀՕՊ համակարգեր, այլև աշխատում է 5-րդ սերնդի մի շարք նորագույն զենքերի նախագծերի վրա՝ ավելացնելով, որ շատ չափանիշներով ամերիկյան F-35 ինքնաթիռներին գերազանցող ռուսական 5-րդ սերնդի կործանիչներն արդեն արտադրվել են ու փորձարկումներ են անցնում:
Սիտնիկի խոսքով՝ Թուրքիայի հետ համագործակցությամբ կարող են ոչ միայն 5-րդ սերնդի, այլ նաև՝ 6-րդ և 7-րդ սերնդի ինքնաթիռներ նախագծվել:
Կարդացեք նաև
«Ռուսաստանն ու Թուրքիան նոր սերնդի կործանիչների համատեղ արտադրության մեջ կարող են նոր թվային տեխնոլոգիաներ ու նոր մետաղական նյութեր օգտագործել: Արդյունքում այդպիսի սարքերը ամբողջությամբ անտեսանելի կդառնան ռադարների համար: Կարծում եմ այդ համագործակցությունը ծայրաստիճան օգտակար կարող է լինել»,- նշել է ռուս պաշտոնյան: