Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ի՞նչ կկատարվի քրեական աշխարհում». «օրենքով գողերին» առնչվող աղմկոտ օրինագիծն ԱԺ-ում է

Նոյեմբեր 19,2019 13:55

Քրեական աշխարհին, քրեական ենթամշակույթին եւ այսպես կոչված «օրենքով գողերին» առնչվող աղմկոտ օրինագիծն այսօր ԱԺ լիագումար նիստի օրակարգում է:

Խորհրդարանը քննարկում է «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ եւ լրացումներ կատարելու» եւ «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ» կատարելու մասին օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Ինչպես ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, օրինագիծը նախատեսում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական ենթամշակույթ ստեղծելու ու ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբին անդամակցելու դեպքում: Օրինագիծը խրախուսում է այն անձանց, որոնք կօգնեն քրեական ենթամշակույթի խմբերին բացահայտելուն, եթե, իհարկե, այդ անձինք հանցավոր արարքներ չեն գործել:

Նախարարի փոխանցմամբ՝ օրինագծով քրեական ենթամշակույթ կրող խումբ է համարվում քրեական աստիճանակարգությամբ օժտված անձանց միավորումը, որը գործում է իր իսկ սահմանած վարքագծի կանոններով եւ որի նպատակը հանցագործություն կատարելն ու դա հովանավորելն է, բռնության, սպառնալիքի եւ հարկադրանքի միջոցով վեճերը լուծելը, օգուտ կամ առավելություն ստանալը. «Օրինագիծը հիմնավորված է միջազգային փորձով եւ ներառում է նաեւ խնդրի վերաբերյալ ՄԻԵԴ դիրքորոշումը»:

Պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ է նշանակում քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը հարելը, եւ քննչական մարմինը ո՞նց է որոշելու՝ նման ռիսկ կա՞, թե ոչ, բակային ընկերությունը վաղը չէ մյուս օրը որպես այդպիսին դիտվելո՞ւ է, թե ոչ:

Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց. «Ապացույցների հիման վրա է որոշվելու: Խմբավորմանն անդամակցելու պարագայում ապացուցման ենթակա է խմբավորման գոյությունը եւ դրանում անձի դերն ու վարքագիծը: Բնականաբար, բակային ընկերությունը չի մտնում այս օրինագծի տակ: Մենք սահմանել ենք նպատակը, որն ունենում է քրեական ենթամշակույթ կրող խումբը՝ հանցանք կատարել, այլ անձանց ներգրավել: Օրինակ՝ որեւէ վեճի շուրջ անձը դիմում է քրեական հեղինակությանը եւ ակնկալում, որ նա իր հարցը լուծելու է սպառնալիքով կամ բռնությամբ»:

Պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն էլ հետաքրքրվեց՝ այս օրինագծի ընդունումից հետո քրեական աշխարհում ի՞նչ է տեղի ունենալու. «Վրաստանում, օրինակ, ֆիզիկական եւ աշխարհագրական փոփոխություններ են տեղի ունենում»:

Ռուստամ Բադասյանն արձագանքեց. «Իրավապահ մարմինները մանրամասն տեղեկություններ ունեն այսպես կոչված «օրենքով գողերի» եւ նրանց ազդեցության տակ գտնվող անձանց շրջանակի մասին, իսկ քրեակատարողական ծառայությունը տիրապետում է ՔԿՀ-ներում հեղինակություն ունեցող անձանց տվյալներին: Այդ տեղեկություններն օպերատիվ են եւ հրապարակման ենթակա չեն: ՔԿՀ-ներում կա «զոն նայող» հասկացություն: Բոլորը պատկերացնում են, թե դա ինչ է նշանակում: Ակնհայտ է, թե այս համակարգին վերջ դնելն ինչպիսի դրական ազդեցություն կունենա հանրային կյանքի վրա, թե հանցագործությունների քանակն ինչպես կկրճատվի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930