ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանը, որ շարունակում է բողոքի գործողություններն ու նստացույցը ԿԳՄՍ նախարարության շենքի առաջ, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ չէր սպասում նման վերաբերմունք նախարարի կողմից իր հետ հանդիպած դասախոսների հանդեպ:
«Շատ վատ տպավորություն ստացա, ավելի շատ համոզվեցինք մեր պահանջի մեջ, որ մեր երկրում նման նախարար պետք չէ: Այն տոնայնությամբ, այն ոճով ու մեղադրանքներով, որ Արայիկ Հարությունյանը խոսում էր դասախոսական կազմի հետ, ուղղակի անընդունելի է: Նրանք մարդիկ են, որ տարիներով սերունդ են դաստիարակել` անկախ ամեն ինչից, թե նախարարի ու նրա քաղաքական թիմի սրտով են եղել նախկին նախարարները, թե ոչ… Ընդունելի չէ մարդկանց մեղադրելը, որ ակտիվիստ չեն եղել կամ հարցից շեղվելը, գրիչը շարժելով խոսելը…Այդ մարդիկ ի վերջո ավանդ ունեն գիտության ու կրթության ոլորտում եւ իր գործընկերներն են»,-ասաց Գոռ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է նախարարի կրկին արած այն ակնարկին, որ քրեական գործեր է լցնելու արկղերի մեջ, ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամը նշեց. «Արդեն զզվել ենք արկղերի ու քրեական գործերի մասին խոսակցություններից… Տասն անգամ հայտարարեցիք, հստակ անցեք գործողությունների: Անուն առ անուն ներկայացրեք այդ մարդկանց, անկախ նրանից՝ դաշնակցական են, թե ոչ, թող ձերբակալեն եւ այս հարցը մեկընդմիշտ փակվի: Մենք բովանդակությունից ենք խոսում, իրենք հարցը էլի շեղում – տանում են ուրիշ տեղ»:
Գոռ Սարգսյանը ասաց, որ իրենք իրենց պայքարը շարունակելու են:
Կարդացեք նաև
Մանրամասն` տեսանյութում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ