Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Գյուլումյանը` նախարարին. «Թող այդ խնդիրները լուծի ՀՅԴ Գերագույն մարմնի հետ, ոչ թե մեզ կապի քաղաքական գործընթացների հետ»

Նոյեմբեր 19,2019 13:09

Շարունակվում են ուսանողական բողոքի դժգոհությունները` Հայոց լեզուն, հայ գրականությունը եւ Հայոց պատմությունը հայեցողական դարձնելու որոշման դեմ, ինչպես նաեւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով:

«Եթե դաշնակցության հետ նախարարը ունի խնդիրներ, ուրեմն խնդիրներ ունի ՀՅԴ Գերագույն մարմնի հետ, թող այդ խնդիրները լուծի Գերագույն մարմնի հետ, ոչ թե 18 տարեկան աղջկան կապի քաղաքական գործընթացների հետ, մեզ՝ նույնպես: Մենք ի՞նչ կապ ունենք քաղաքականության հետ… Մեկն էլ ասաց, որ կաշառք ենք բաժանում, ո՞ւր են ապացույցները, եթե քաղաքականացված ենք, ո՞ւր են ապացույցները…

Հայաստանն այնքան փոքր երկիր է, որ ամեն մարդ ունի տարբեր քաղաքական հայացքներ ունեցող ընկերներ, այնքան փոքր է, որ ապաքաղաքական մարդ չկա…Ի՞նչ անենք, գնանք, կորչե՞նք այստեղից…Այս ամենը ծաղրի է վերածվում: Պատկառելի դասախոսները բան են ասում, ինքը գրիչը վերցրած խոսում է»,- ասաց ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանող, դասադուլի կազմակերպիչ Գեւորգ Գյուլումյանը:

«Նախարարը կամ աշխատում է ըստ էության, կամ մենք պահանջում ենք նրա հրաժարականը, եթե ինքը լսում է մեր պրոֆեսորադասախոսական կազմի հորդորները, խնդրանքները, հաշվի է նստում հիմնավորված փաստի հետ, մեր պահանջները կփոխվեն, որովհետեւ մենք միտում չունենք սա դարձնելու հակակառավարական շարժում, մանավանդ շատերս եղել ենք 2018թ իշխանափոխության հիմքում, գոնե շարքերում…Մենք ուզում ենք այս կառավարությունը հաջողի, բայց այնպես չլինի, որ մեր հանդուրժողականության հաշվին հայագիտությունը մղվի հետին պլան»,-հավելեց ԵՊՀ ուսանողը եւ ընդգծեց, որ այս պահին դասադուլը դադարեցնելու ակնարկ անգամ չկա:

Գյուլումյանը վիրավորված է, որ նախարարը արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել իր հետ հանդիպմանը մասնակցող դասախոսների հանդեպ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930