Ազգային ժողովն այսօր քննարկում է «Դեղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Այս օրինագիծը, որը հեղինակել է կառավարությունը, վերաբերում է Առողջապահության նախարարությանը, որը պետական որոշակի ծրագրերի շրջանակներում հնարավորություն կունենա բնակչության համար ձեռք բերված եւ դեղատոմսով բացթողնվող դեղերի մասին ԶԼՄ-ների միջոցով հանրային իրազեկում իրականացնել: Օրինագծի վերաբերյալ արտահայտված պատգամավորները, սակայն, դեղերը գովազդելու եւ ոչ մրցակցային պայմանների ապահովման միտում տեսան:
Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը համաձայն չէր: Նա գտնում է, որ հանրային իրազեկումը գովազդ չէ, այլապես կառավարությունը նման օրինագծով հանդես չէր գա. «Որոշակի հանրային առողջապահական նկատառումներից ելնելով՝ մտադիր ենք հանրությանը սպառիչ տեղեկատվություն տալ պետբյուջեի միջոցով ձեռքբերված դեղերի մասին: Այստեղ որեւէ կոռուպցիայի մասին խոսք լինել չի կարող: Սա գովազդ չի կարող ընկալվել, որովհետեւ ուղղված չէ դեղի վաճառքի խթանմանը, որովհետեւ այդ դեղն արդեն իսկ ձեռքբերված է պետբյուջեով՝ նախարարության կողմից»:
Փոխնախարարի հետ համակարծիք էր միայն «Իմ քայլի» պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը: Նա հայտարարեց, որ հանձնաժողովում օրինագծի քննարկման ժամանակ միայն ինքն է կողմ քվեարկել, թեեւ հանձնաժողովն օրինագծին բացասական եզրակացություն է տվել:
Ըստ Հերիքնազ Տիգրանյանի՝ նշյալ կարգավորումն անհրաժեշտություն է, երբ, օրինակ, կարմրուկի դեմ պատվաստվելու անհրաժեշտության դեպքում հանրության շրջանում տարընկալումներ են առաջանում պատվաստանյութի որակի կամ պատվաստվել-չպատվաստվելու հարցի վերաբերյալ:
Կարդացեք նաև
«Իմ քայլի» մեկ պատգամավոր Քրիստինե Պողոսյանն էլ պնդեց, որ «հանրային իրազեկում» անվան տակ իրականում դեղի գովազդն է թաքնված. «Դեղերի գովազդն արգելվում է: Այդպես էլ խելամիտ բացատրություն չլսեցի, թե դեղատոմսով բաց թողնվող դեղերն ինչու եք ուզում գովազդել»:
Հավելենք, որ օրինագիծն առաջին ընթերցմամբ դեռ պետք է քվեարկվի ԱԺ լիագումար նիստում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ