Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստեփան Դանիելյան. «Գործող կառավարությունը չունի քաղաքական օրակարգ, թեպետ իրենց դեպքում կարելի է ասել՝ պետության զարգացման օրակարգ». «Փաստ»

Նոյեմբեր 19,2019 12:46

Օրակարգերի ձևավորման խնդիրը, դրանց բացակայությունը կամ, լավագույն դեպքում, այդ օրակարգերի մակարդակն ու նշաձողը հայաստանյան քաղաքական իրականության համատեքստում մշտապես են հարցադրումների առիթ տվել։

Այս առումով բացառություն չեն նաև ներկայիս ժամանակները, հատկապես, երբ գործընթացներն ուղեկցվում են ներքաղաքական որոշակի հստակեցումներով, նոր ուժերի ձևավորմամբ ու որոշակի վերադասավորումներով։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ զրույցում խոսել ենք վերոնշյալ թեմայի, ինչպես նաև մի շարք այլ հարցերի շուրջ, որոնք վերաբերում են առաջնահերթություններին, դրանցից բխող սահմանումներին և խնդիրներին, որոնք այդպես էլ չեն ձևակերպվել ու պատասխաններ չեն ստացել։ Անդրադառնալով օրակարգին՝ Ստեփան Դանիելյանը խոսեց մի շարք հանգամանքների մասին։ «Գործող կառավարությունը չունի քաղաքական օրակարգ, թեպետ իրենց դեպքում կարելի է ասել՝ պետության զարգացման օրակարգ։

Արտախորհրդարանական ուժերը նույնպես օրակարգի հետ կապված խնդիրներ ունեն և չեն կարողանում ձևակերպել այն։ Իմ տեսակետից՝ հանրությունը նույնպես անորոշության մեջ է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը։ Իսկ թե ի՞նչն է խանգարում օրակարգ ձևավորել՝ քաղաքագետը նկատում է.

«Եթե խոսում ենք իշխանության մասին, ապա առաջին հերթին քաղաքական մտածողություն է պետք։ Իսկ քաղաքական մտածողության առումով, օրինակ՝ նույն խորհրդարանում հիմնականում ոչ քաղաքական մտածողության մարդիկ են, որոնք չեն կարողանում ձևակերպումներ տալ։

Իրենք անգամ դրա իրավունքն էլ չունեն, որովհետև միայն մեկ մարդ է որոշում կայացնողը։

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա ընդդիմության այն հատվածը, որը նախկինում եղել է իշխանություն, նույնպես խնդիրներ ունի. իրենք առաջին հերթին պետք է կարողանան վերլուծել իրենց անցյալը, իրենք իրենց գնահատական տալ այն առումով, թե ինչո՞ւ ձախողվեցին, ինչո՞ւ հանրությունն իրենց դեմ դուրս եկավ, և ո՞րն է պատճառը։

Դրանից հետո միայն կարող էին առաջ անցնել և իրենց ապագա գործունեության օրակարգը մշակել։

Իսկ ուժերը, որոնք նոր են ձևավորվում, չեն կարողանում դուրս գալ ինչ-որ մի փակ շղթայից ու այս ամենին վերևից նայել»։ Փակ շղթայից դուրս չգալու խնդիրը քաղաքագետը նաև ավելի լայն համատեքստում է դիտարկում։

«Քանի դեռ չի վերլուծվել մինչև 2018թ. առկա իրավիճակը, քանի դեռ հստակ, մի շարք կետերով չտրվի գնահատականը, թե ինչո՞ւ այդպես եղավ և ինչո՞ւ առաջացավ այսպիսի մի ուժ, օրակարգ ձևավորելը դժվար կլինի։

Պետք է նկատել, որ առաջացած ուժն իր տեսակով նույնպես դեստրուկտիվ է, թեպետ այդ հանգամանքը ևս ունի իր պատճառը. նրանք նույնպես նախկինում առկա իրավիճակի հետևանքներն են։

Միայն այս գնահատականներից հետո կկարողանային փակ շղթայից դուրս գալ ու այս ամենին ավելի լայնորեն նայել, որի արդյունքում արդեն հստակ ինստիտուցիոնալ փոփոխություններ կառաջարկեին Հայաստանին»,- ասաց քաղաքագետը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930