Լրահոս
Օրվա լրահոսը

Պակիստանը չի ճանաչում Հայաստանը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն։ Բայց դա չի խանգարում, որ ՀՀ-ն Պակիստանից կարտոֆիլ ներկրի. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 19,2019 12:24

Հայաստանը շարունակում է մեծ քանակությամբ գյուղմթերք ներկրել։ Ներկրվում է ոչ միայն լոլիկ, վարունգ, այլեւ կարտոֆիլ, կաղամբ։ Ընդ որում՝ նշված մթերքների ներկրման ծավալները այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալի ավելացել են։

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ Հայաստան այս տարվա առաջին կիսամյակում ներմուծվել է 3496 տոննա լոլիկ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներմուծված լոլիկը կազմել է 20 տոննա։ Մեկ տարվա ընթացքում տարբերությունը հսկայական է։ Ի դեպ, տեղեկացնենք, որ լոլիկ Հայաստան ներկրվել է Իրանից 693 տոննա, Վրաստանից՝ 46.1 տոննա։ Սակայն հիմնական քանակությունը՝ 2756 տոննան, Հայաստան մտել է Թուրքիայից:

Նույն պատկերն է նաեւ վարունգի դեպքում, այսինքն՝ վարունգի ներկրման ծավալները եւս աճել են։ «Ժողովուրդ» օրաթերթը ՊԵԿ-ից տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ ներմուծվել է 915 տոննա վարունգ՝ նախորդ՝ տարվա նույն ժամանակահատվածի 335 տոննայի դիմաց։ Նշենք, որ վարունգ ներկրվել է հիմնականում Իրանից՝ 893 տոննա, Վրաստանից՝ 11 տոննա, իսկ Թուրքիայից Հայաստան մտել է 10.5 տոննա վարունգ։

Այն, որ Հայաստանը վերջին տարիներին սկսել է մեծ քանակությամբ կարտոֆիլ ներկրել, դա հայտնի փաստ է՝ տարեցտարի դրա քանակությունն ավելացնելով։ Օրինակ, 2018 թվականի վեց ամիսներին Հայաստանը ներկրել է 1941 տոննա, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 4041 տոննա կարտոֆիլ։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ գյուղացիները ինչպես լոլիկի, այնպես էլ կարտոֆիլի դեպքում սկսել են տարեցտարի քիչ մշակել, քանի որ իրացման խնդիր ունեն։ Մեծ ծախսեր են անում, բայց բավականին էժան գնով այն վաճառում են, որը ձեռնտու չէ։ Փոխարենը Հայաստան կարտոֆիլ ներկրվում է Բելառուսից՝ 471 տոննա, Իրանից՝ 343 տոննա, Նիդերլանդներից՝ 1044 տոննա, Ռուսաստանից՝ 1590 տոննա։ Ի դեպ, Պակիստանից եւս ՀՀ ներմուծվել է կարտոֆիլ 150 տոննայի չափով։ Չնայած սրան՝ նկատենք, որ Պակիստանը միակ երկիրն է աշխարհում, որը չի ճանաչում Հայաստանը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն։ Բայց, փաստորեն, դա չի խանգարում, որպեսզի Հայաստանը Պակիստանից կարտոֆիլ ներկրի։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

«Առավոտի» կողմից նշենք, որ Պակիստանը միակ երկիրը չէ, որ Հայաստանը չի ճանաչել, ասենք՝ չի ճանաչել նաեւ Սաուդյան Արաբիան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930