Լրահոս
Օրվա լրահոսը

Եկել է ժամանակը, որ չբաժանենք մեզ հայաստանցիների և սփյուռքահայերի․ ՀՀ նախագահը հանդիպել է Կատարի հայ համայնքի ներկայացուցիչներին

Նոյեմբեր 19,2019 12:12

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն ու նախագահի տիկին Նունե Սարգսյանը հանդիպել են Կատարի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին՝ ընդգծելով, որ բարեկամ Կատարում Հայաստանն արդեն ունի իր դեսպանատունը, ինչը նոր որակ է հաղորդելու երկկողմ հարաբերություններին։ «Սա շատ կարևոր է և էական։ Կարևոր է մեր միջպետական հարաբերությունների համար, քանի որ այն մեկ ուրիշ՝ հարաբերությունների ավելի բարձր մակարդակ է ապահովում, և հույս ունեմ մոտ ապագայում Կատարը ևս կբացի իր դեսպանությունը Հայաստանում,-նշել է նախագահը։ – Այդպիսով, երկու երկրների միջև հարաբերություններն ավելի կխորանան, կամրապնդվեն, կընդարձակվեն, և հույս ունեմ, որ ձեզանից յուրաքանչյուրը հնարավորություն կունենա իր ներդրումն ունենալ մեր համագործակցության բոլոր ոլորտներում՝ գիտության, մշակույթի, արվեստի, ճարտարապետության, շինարարության, գործարար կյանքի, ինչպես նաև քաղաքականության»։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ու Կատարը հարաբերությունների զարգացման հսկայական հնարավորություններ ունեն, և Հայաստանը հետաքրքրված է փոխգործակցության խորացմամբ․ «Հնարավորություն ունեցա այցելել Կատարի հիմնադրամ, հանդիպել հիմնադրի հետ։ Այդ հաստատությունը հոյակապ է և տպավորիչ։ Այս փոքր երկիրը գիտակցում է կրթության, մշակույթի, գիտության կարևորությունը և նայում է դեպի ապագա։ Մեզ համար սա ինչ-որ իմաստով լավ ու բարեկամ մրցակցի օրինակ է, որովհետև 21-րդ դարում մենք նույնպես մեր ներդրումը պետք է բերենք ոչ միայն մեր երկրի, այլև համաշխարհային մշակույթի, գիտության ու նոր տեխնոլոգիաների զարգացման գործում, քանի որ դա է ապագան»։

Նա նշել է, որ ներկայում աշխարհում տեղի ունեցող ցանկացած մեծ փոփոխություն բոլորի համար առաջացնում է խնդիրներ, բայց յուրաքանչյուր դժվարություն նաև հնարավորություն է այն ժողովուրդների համար, որոնք ունեն կենտրոնանալու, համախմբվելու ունակություն և առաջ շարժվելու հստակ ծրագիր։ «Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ չբաժանենք մեզ հայաստանցիների և սփյուռքահայերի։ Աշխարհագրական տեղը, հայրենիքից հեռու լինելը չի նշանակում, որ մենք բոլորս չենք պատկանում նաև այդ հայրենիքին։ Իհարկե, դուք ապրում եք այս երկրում, ու շատ էական է, որ դուք այս երկրի լավ քաղաքացի լինեք, բայց, միևնույն ժամանակ, չմոռանաք ձեր ինքնությունը, թե ով եք, որտեղից եկել և ուր եք ուզում գնալ, ուր եք ուզում տանել ձեր երեխաներին,- ընդգծել է նախագահ Սարգսյանը։ – Ես ակնկալում եմ, որ մենք բոլորս միասին մեր ներուժը, եռանդը, փորձառությունը, գիտելիքները համախմբված ներդնենք մեր երկրի հաջողության համար՝ միաժամանակ երբեք չմոռանալով մեր ինքնությունը։ Շատ էական է, որ ցանկացած նոր ծնված հայ երեխա կրի ոչ միայն իր մայրենի լեզուն, այլև մեր ժողովրդի պատմությունը, մշակույթը։ Ճանապարհը, թե ուր ենք գնում մենք, անցնելու ենք միասին, ձեռք ձեռքի տված, քանի որ հաջողության և հաղթանակի ուրիշ ուղի չկա»։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930