Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի գնահատումը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման չափանիշավորումը որն է համարվում, չկան. Նախկին փոխնախարար. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 19,2019 11:40

Այսօր Ազգային ժողովում պատգամավորները կսկսեն քննարկել Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որով, ըստ էության, կքրեականացվի քրեական աշխարհին հարելը։ Մինչ նախագիծը հանրային քննարկման դնելը, ապա նաեւ կառավարության կողմից ընդունվելը այն բազմիցս քննարկվել է տարբեր շրջանակների կողմից եւ արժանացել նաեւ քննադատության։

Այս նախագծի դեռ սաղմնային վիճակում շատերն էին հետաքրքրվում, թե ինչպես է կիրառվելու այն գործնականում, ինչպես են ապացուցելու, որ այս կամ այն անձն իսկապես հարում է քրեական միջավայրի։ Հենց այստեղ են նախագծի բացերը։ Օրինակ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերով հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց, թե օրենքի կիրառման առումով խնդիրներ չեն առաջանա, եւ կարեւոր համարեց հենց այս փուլում նման նախագծի ընդունումը։

«Եթե դուք ուսումնասիրեք անկախ Հայաստանի ամբողջ պատմությունը՝ սկսած 1991 թվականից մինչեւ հիմա, ամենալեգիտիմ միակ կառավարությունն այսօր է ձեւավորված, եւ եթե այս ուժը չէ, ապա էլ ո՞ր ուժը պետք է դրանով զբաղվեր։ Իշխող ուժն այն նպատակն է հետապնդում, որ Հայաստանի Հանրապետությունում տիրի օրենքի գերակայությունը, ուստի բոլոր մյուս օրենքները պետք է բերվեն, եւ դառնա մի իրավիճակ, որ Հայաստանում պետք է լինի օրենքի գերակայություն։ Ես չեմ կարծում, թե նախագծի վերաբերյալ կա աղմուկ։ Բոլոր օրենքներն ինչպես կիրառվում են, կարծում եմ, կկիրառվի նաեւ այդ օրենքը»,- նշեց Դավթյանը՝ ընդգծելով, թե կիրառության ժամանակ խնդիրներ չեն լինի։

Իսկ, ահա, արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանն այլ տեսակետի կողմնակից է եւ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեսակետ արտահայտեց, թե այստեղ կիրառության խնդիր է լինելու, որը կարող է առաջացնել հայեցողական մեկնաբանություն եւ կիրառում։ «Խնդիրն այստեղ գաղափարի ու դրա իրացման կենսաձեւերի մեջ է, ինչը բնորոշ է այս նախարարության՝ վերջին ժամանակներում ներկայացրած բոլոր օրենսդրական նախաձեռնություններին։ Գաղափարը լավն է, որովհետեւ ծրագրային բնույթ ունի, բայց իրացման կենսաձեւն այնպիսին է, որ խաթարում է գաղափարի բուն բովանդակությունն ու իրական նշանակությունը։ Հոդվածն այս պահին ձեւակերպված է այնպես, որ հնարավոր է որեւէ անձի նույն արարքի համար երեք տարբեր հոդվածներով ենթարկել պատասխանատվության։ Սա անթույլատրելի գաղափար է։ Նախագիծը պետք է բերել այն տեսքի, որ չվերածվի մահակի»,- նկատեց Խաչիկյանը։

Նա ընդգծեց, որ անգամ վարչապետի աշխատակազմն է քննադատել շատ դրույթներ, որոնք հակասում են իրավական որոշակիության սկզբունքին։ «Կիրառելու են խիստ հայեցողաբար եւ մի պարզ պատճառով, որ ուղենիշները հստակ սահմանված չեն եւ առհասարակ չկան։ Ըստ էության, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի գնահատումը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման չափանիշավորումը որն է համարվում, չկան, եւ նույնիսկ մոտարկված սահմանում չկա, եւ հենց դա է պատճառը, որ դրա շրջանակներում հայեցողական գնահատման ռիսկերը չափազանց շատ են, ինչը հանգեցնելու է խեղաթյուրված մեկնաբանությունների»,- նկատեց Խաչիկյանը։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930