Նիկոլ Փաշինյանը 2050 թվականի համար ուտոպիստական կանխատեսում էր արել, ասելով, թե ՀՆԱ-ն կտասնհինգապատկվի, բայց դրան հասնելու համար յուրաքանչյուր տարի առնվազն 9,5 տոկոս միջին տնտեսական աճ պետք է գրանցել, մինչդեռ 2020-ի բյուջեով դրա կեսն է նախանշվում: «Իրատեսի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ ԳՄ ֆինանսների հանձնախմբի նախագահ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ նշելով, որ 2020-ի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի աճի միտումներն էական ու թռիչքային չեն:
-Բյուջեով համախառն ներքին արդյունքի համար կանխատեսվում է 4,9 տոկոս աճ, հնարավո՞ր է, սակայն, սրան զուգահեռ, գնաճ լինի, ու աճը զրոյական լինի:
-Գնաճն անխուսափելի է, կանխատեսումները ցույց են տալիս, որ մինչև 4,5 տոկոս գնաճ կարող է լինել, ու դա կարող են հիմնավորել հաջորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները: Օրինակ՝ ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող օղիները կթանկանան՝ 1 լիտրի համար ակցիզային հարկը 835 դրամից դարձնելով 1560 դրամ: Սա թռիչքային բարձրացում է: Ծխախոտը, յուղերը, դիզելային վառելիքը, սեղմված գազը, գարեջուրը և այլ ապրանքատեսակներ նույնպես կթանկանան: Իշխանություններն այսօր պարծենում են, թե տարին կարող են փակել գերակատարված ցուցանիշներով, բայց եթե այդպես է, ապա, հետաքրքիր է՝ ինչու՞ են ավելի վախվորած տնտեսական աճի ցուցանիշ ուղարկում: Սա երկու պատասխան ունի. առաջին՝ հաջողելու համար վստահության պակաս կա, երկրորդ՝ որպեսզի թեկուզ փոքրիկ գերակատարումը պարծենալու լրացուցիչ առիթ տա:
-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձավ գազի սակագնին, նշեց, որ բանակցությունները մինչև հիմա շարունակվում են, գազի գինն առնվազն մինչև ապրիլի 1-ը չի բարձրանա։ Փոխվարչապետն ընդգծեց, որ բանակցությունների միջանկյալ արդյունք կարող ենք համարել այն, որ ձմռան ամիսներին գազը չի թանկանա։ Կարո՞ղ ենք ասել, որ ապրիլից հետո այլևս անհնար կլինի զսպել թանկացումը։
-Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այդպիսի հայտարարություն արել էր նաև հոկտեմբերի սկզբին, վստահեցրել էր, որ չի կարող այնպես լինել, որ դեկտեմբերին հայտարարեն հունվարից գազի սակագնի բարձրացման մասին: Հիմա ավելի հստակ ժամկետ է նշվում, թե երբ կթանկանա գազի սակագինը, բայց թանկացումը զսպելու հնարավորություն չի նշմարվում: Ստիպված եմ հիշեցնել 2018-ի դեկտեմբերի՝ այն ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերը, որում մասնավորապես ասում էր. «Ստացվել է այնպես, որ «Գազպրոմ Արմենիա» և «Գազպրոմ» ընկերությունները պետք է վերանայեն գազի մատակարարման գինը: Գնի մեջ որոշակի փոփոխություն տեղի է ունենալու, գինը որոշակի բարձրանալու է, բայց մեր ներքին որոշակի կարգավորումների շնորհիվ հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենալու»: Դրանից հետո 2019-ի հունվարի 1-ից գազի գինը սահմանին թանկացավ յուրաքանչյուր 1000 խմ-ի համար 15,0 ԱՄՆ դոլարով։ Թեև, այս թանկացմամբ պայմանավորված, մեր քաղաքացիների համար գազի սպառման սակագինը չփոխվեց, բայց «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը քաղաքական պայմանավորվածության հետևանքով ավելի քան 30,0 մլն ԱՄՆ դոլարի չափով պարտք կուտակեց: Գազի սակագինը սպառողների համար, այնուամենայնիվ, կբարձրանա. դրա մասին տևական ժամանակ ու պարբերաբար խոսում է ռուսական կողմը: Նշվել էր, որ կթանկանա 30 տոկոսով, բայց անգամ այդ դեպքում, իրանական գազի գնի համեմատ, մրցակցությունից դուրս չի մնա: Այս խնդրի լուծումը քաղաքական բաղադրիչ ունի, ու պետք է այնպիսի քաղաքականություն վարել, որ մենք վնասով դուրս չգանք։
Կարդացեք նաև
Զրույցը` Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում: