Հայկական խոհանոցի ն նվիրված «Լավաշ» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Վաշինգտոնի Ամերիկյան պատմության ազգային թանգարանում: Միջոցառմանը գրքի համահեղինակները պատրաստեցին լավաշ ու մի շարք այլ հայկական ուտեստներ: Վաշինգտոնում Ամերիկյան պատմության ազգային թանգարանը օրերս հյուրընկալել էր հայկական խոհանոցին նվիրված միջոցառում:
«Լավաշ» անունը կրող գրքի համահեղինակներ Քեյթ Լեհին, Ջոն Լին և Արա Զադեն Սմիթսոնյան հիմնադրամի հովանու ներքո ցուցադրեցին, թե ինչպես են պատրաստվում հայկական լավաշը, ղափաման և ժինգյալով հացը:
Միջոցառումը նվիրված էր հայկական խոհանոցի մասին գրքի շնորհանդեսին: Սմիթսոնյան հիմնադրամի ներկայացուցիչ Հեյլի Բատվինի խոսքերով գրքի շնորհանդեսն ու հայկական ուտեստների պատրաստումը անցած տարվա Հայաստանին նվիրված սմիթսոնյան փառատոնի շարունակությունն է:
Հայկական խոհանոցն այս ծրագրի կարևոր տարրերից է: Բատվինը վստահեցնում է՝ Սմիթսոնյան հիմնադրամը կշարունակի աշխատանքները հայ մշակութային ժառանգության ներկայացման հարցում: «Այս գիրքն այն առաջին փորձերից է, որտեղ ներկայացված է, թե ինչպիսին է հայկական խոհանոցը»,- ասում է նա:
Կարդացեք նաև
Գրքի համահեղինակ Արա Զադենը վստահ է՝ գիրքը կարևոր բաց է լրացնում՝ ժամանակակից Հայաստանի խոհանոցն ավելի ճանաչելի դարձնելու համար: Հայաստանում եղած օրերին նա արձանագրել է զգալի տարբերություն Սփյուռքի ու Հայաստանի խոհանոցների միջև, բացառություններից է, թերևս, լավաշը: «Լավաշը չափազանց կարևոր տեղ է զբաղեցնում հայկական մշակույթում: Այն առկա է հայկական յուրաքանչյուր հյուրասիրության սեղանի վրա, ուստի մենք որոշեցինք վերնագրել գիրքը «Լավաշ»,- ասում է Զադեն:
Մեկ այլ համահեղինակ Ջոն Լեհինին հայկական խոհանոցը հրապուրել է իր բազմազանությամբ: Նա այն բնութագրում է յուրահատուկ ամերիկյան տեսանկյունից, սակայն չափազանց համեղ ու ստեղծագործական: Հիմնական գաղափարն այն է, որ մի քանի բաղադրիչներից հնարավոր է բազմաթիվ ուտեստներ պատրաստել: «Չափազանց ուրախ եմ, որ միջոցառմանը ներկա էին ոչ միայն հայեր, այլև այլազգիներ: Հույս ունենք, որ մեր գիրքը հասանելի կլինի նաև ոչ հայ ընթերցողին»,- շեշտում է Լին:
Իր հերթին Սան Ֆրանցիսկոյում բնակվող գրքի երրորդ համահեղինակհամահեղինակ Քեյթ Լեհին, ով նաև տարբեր խոհանոցների մասին մի շարք գրքերի հեղինակ է, պատմում է, որ հայկական խոհանոցին ծանոթ է դեռևս մանկուց իր ամերիկահայ ընկերների միջոցով:
Մշտապես տպավորված եմ եղել հայկական հյուրասիրությամբ, ընդգծում է նա: Վերջինս նախկինում զբաղվել է հայկական խոհանոցի ու ամերիկահայ ինքնության հետազոտմամբ: 2018 թվականի թավշյա հեղափոխության օրերին նա գտնվում էր Հայաստանում:
«Լավաշ» գիրքը ներառել է որոշ դրվագներ նաև այդ օրերից: «Մեր գրքում ներառել ենք նկարներ, թե ինչպիսի տոնակատարություն էր տիրում այդ օրերին Հայաստանի փողոցներում: Մարդիկ ամենուր խորոված էին պատրաստում փողոցներում ու հյուրասիրում միմյանց:
Չնայած խորովածի բաղադրատոմսը կապ չունի թավշյա հեղափոխության հետ, սակայն ինձ համար խորովածը հաղորդակցվում է այս իրադարձության հետ»,- ասում է Քեյտ Լեհին: Նույն օրը երեկոյան ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը կայացավ «Լավաշ» գրքի շնորհանդեսն ու այդ առիթով ընդունելություն:
Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանն իր խոսքում ընդգծեց նման միջոցառումների կարևորությունը հայկական մշակութային ժառանգության պահպանման համար, իսկ նախաձեռնության հեղինակները իրենց տպավորություններով կիսվեցին հայկական խոհանոցի ու Հայաստանի մասին: