Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորն էլ «նախկին» են, կամ դառնալու են «նախկին»

Նոյեմբեր 19,2019 10:00

Այսօր հազվադեպ կարելի է հանդիպել իշխանության ներկայացուցչի կամ կողմնակցի հրապարակային ելույթի, որտեղ ելակետային փաստարկման կետը չլինի «նախկինների» մասին բացասական հիշատակումը, ինչպես նաեւ դժգոհությունն առ այն, որ այդ «նախկինները» երազում են վերադառնալ իշխանության: Միանգամից ասեմ, որ դա այս պահին անհնարին է, եւ եթե կան նման երազանքներ, ապա դրանց իրագործումը, կարծում եմ, հնարավոր կլինի ոչ շուտ, քան 10 տարի հետո:

Բայց ինքնին «նախկին» լինելու, ինչպես նաեւ իշխանության ձգտելու մեջ որեւէ արտառոց բան չկա: Հայաստանում, ինչպես նաեւ աշխարհի ցանկացած երկրում, գրեթե բոլոր քաղաքական ուժերը «նախկին» են՝ այն իմաստով, որ հասցրել են ունենալ իշխանություն կամ սերտորեն համագործակցել են օրվա իշխանության հետ:

Ընդհանրապես այսօր քաղաքական ասպարեզում են քաղաքական ուժեր, որոնք անցած 30 տարիների ընթացքում երկար կամ կարճ ճանապարհ են անցել: Թե որքանով են դրանք վարկաբեկված կամ սիրված՝ դա որոշելու համար կա մի չափանիշ՝ ընտրությունները: Եթե հավատում ենք, որ ընտրություններն օբյեկտիվորեն արտացոլում են կուսակցությունների վարկանիշը (իսկ մենք որեւէ հիմք չունենք կասկածելու 2018 թվականի ընտրությունների արդյունքներին), ապա կարող ենք ասել, որ «Իմ քայլին» (Փաշինյանին) շատ են վստահում, ԲՀԿ-ին եւ «Լուսավոր Հայաստանին» վստահում են, բայց ոչ այնքան, իսկ ահա ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ մնացածի վարկանիշն առանձնապես բարձր չէ: Բոլորը պետք է ընդունեն այդ պարզ եղելությունը եւ չփորձեն խոսել հավերժ սիրո կամ հավերժ վարկաբեկվածության տեսանկյունից: 2023 թվականին կլինեն նոր ընտրություններ, ի հայտ կգա ուժերի նոր դասավորություն, եւ հնարավոր է՝ «ներկաները» դառնան «նախկին»: Սա քաղաքական առօրյա է:

Երբ «ներկաները» օրուգիշեր խոսում են «նախկինների» թալանի մասին, դա վկայությունն է այն բանի, որ նրանք՝ այսօրվա իշխանությունները դեռեւս չեն հասել այնպիսի տպավորիչ արդյունքների, որպեսզի մոռանան մերժողական հռետորաբանությունը:

Երբ «նախկինները» բողոքում են, թե ներկա իշխանությունները խաբում են ժողովրդին, զբաղվում են պոպուլիզմով եւ մանիպուլյացիաներով, դա նշանակում է, որ «նախկինները» չունեն դրական օրակարգ ու դեռեւս, այսպես ասած, ամոքում են իրենց քաղաքական վերքերը:

Իսկ թե ինչն է ավելի վատ՝ խաբել հռետորաբանությամբ, թե իշխանության գալ (մնալ) կեղծիքներով, դրա պատասխանը նույնպես հայտնի է:

…«Մեր հասարակությունում կան մարդիկ, որոնք մոլի «նիկոլական» չեն եւ միաժամանակ «նախկինների» վերադարձը չեն փափագում», – գրում է Արա Թադեւոսյանն իր սյունակում։ Համաձայն եմ հոդվածում արտահայտած թե՛ այս եւ թե՛ այլ մտքերի հետ: Բայց արի ու բացատրի դա մոլի նիկոլականներին եւ «նախկինների» վերադարձը փափագողներին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Պարզ ու յստակ գրել էք:
    Ինձ արդէն անասելի յոգնեցրել է, որ «թաւշեաները» ամէն առիթ բաց չեն թողնում «նախկիններին» քննադատելու համար: Դա մի բան է նշանակում. գործ անել չգիտեն, դրա համար էլ իրենց անկարողութիւնն այդ կերպ են պարտակում:
    Ես 2018-ի դեկտեմբերին աջակցեցի շարժումը, բայց այսօր դժգոհ եմ Փաշինեանից, քանզի շօշափելի (յեղափոխական) արդիւնքներ չկան (ու ցաւօք չեն էլ լինելու) ու առաջին պատճառը կադրերն են՝ նախարարներ, փոխնախարարներ, պատգամաւորներ, դեսպաններ, որոնք ԲԱՑԱՐՁԱԿ գլուխ չեն հանում իրենց գործից ու վստահաբար ոչ մի դրական արդիւնք էլ չեն տալու (թէկուզ եւ ամբողջ կեանքը իրենց աթոռներից կառչած մնան):

    Լրագրող Թաթուլ Յակոբեանը, որին անձամբ ճանաչում, սիրում ու յարգում եմ, (ցուցակա)գրեց, թէ Փաշինեանին քննադատողները բոլորը ‘սեւ են ու աբիժնիկ’: Անցած լինի …

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930