Ուրսուլա Ֆոն դեր Լայենի գլխավորած Եվրոպական հանձնաժողովը դեկտեմբերի 1-ից կսկսի աշխատանքները, այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանի երկու խոշոր ուժերը հավանություն տան հունգարացի Օլիվեր Վարհելիի թեկնածությանը Եվրոպական հարևանության և ընդլայնման քաղաքականության հանձնակատարի պաշտոնում:
Վարհելին, որն այժմ Հունգարիայում ԵՄ դեսպանն է, կանաչ լույս է ստացել արտաքին հարաբերությունների կոմիտեից այն բանից հետո, երբ վստահեցրել է, որ անկախ է գործում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանից:
Ավելի վաղ խորհրդարանի որոշ անդամներ մտահոգություն էին հայտնել անցյալ ամիս Բաքվում Օրբանի հայտարարության կապակցությամբ, երբ նա Վարհելիի կողմից աջակցություն էր խոստացել Հունգարիայի կառավարության դաշնակիցներ Թուրքիային և Ադրբեջանին:
Հարցուպատասխանի ընթացքում թեկնածուին հարցրել են՝ արդյոք Հունգարիայի և Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերությունները չեն խախտի հավասարակշռությունը Հայաստանի նկատմամբ դիրքորոշման հարցում:
Կարդացեք նաև
«Եվրամիությունն Ադրբեջանի կարևոր առևտրային գործընկերն է, աջակցում է տնտեսության դիվերսիֆիկացմանը և նպաստում է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումներին: Մենք նաև փոխադարձ հետաքրքրություն ունենք էներգետիկ համագործակցության հարցում: Այնուամենայնիվ, ես չեմ խուսափի ինչպես հանրայնորեն, այնպես էլ ուղղակիորեն Ադրբեջանի իշխանությունների հետ ամենաբարձր մակարդակներում, հստակ մատնանշել Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը և բարձրացնել համապատասխան հարցեր, ինչպիսիք են քաղբանտարկյալների հարցը, հավաքների ու խոսքի ազատությունը», – ասել է հունգարացի թեկնածուն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ