Թբիլիսիի ոստիկանությունը հավաքել է ցուցարարների վրանները և ջրցան մեքենաների օգնությամբ հեռու տարել ցույցը խորհրդարանի շենքի մոտից:
BBC-ի թղթակիցը հայտնում է, որ ոստիկանները ջրցան մեքենաների օգնությամբ բացել են նոյեմբերի 14-ից արգելափակված Ռուսթավելի պողոտան: Սակայն մարդիկ շարունակում են մնալ խորհրդարանի շենքի առաջ, ցույցը շարունակվում է:
Վրաստանի ՆԳՆ-ից հայտնել են, որ ակցիայի ընթացքում ոստիկանությանը չենթարկվելու և խուլիգանության համար բերման է ենթարկվել 18 մարդ:
Ցուցարարները հատուկ նշանակության ուժերին դիմավորել են վեր բարձրացրած ձեռքերով՝ ի նշան իրենց խաղաղ մտադրությունների: «Մենք դեմ ենք բռնությանը»,- հնչեցրել են բարձրախոսով:
Կարդացեք նաև
Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ պահանջելով ընդդիմության առաջնորդներին դադարեցնել անօրինական գործողությունները: Ընդդիմությունը հրաժարվել է կատարել ոստիկանության պահանջները:
«Մենք ունենք ժողովրդի մանդատը, որը հիմա կարծում է, որ գործող խորհրդարանը կարող է վերսկսել աշխատանքները միայն կառավարությունը ցրելու և համամասնական ընտրակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին հայտարարության ստորագրմամբ»,- ասել է «Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ