«Մենք կարծում ենք, որ «Արզնի» հանքային ջրերի գործարանի օտարման գործարքում բանկը չի խախտել որեւէ նախապես ձեռք բերված պայմանավորվածություն»,-այսօր այս մասին «Արմենպրես» մամուլի սրահում ասաց IDBank-ի (նախկինում՝ «Անելիք բանկ») վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը:
«Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ն եւ դրա սնանկության կառավարիչը հայց էին ներկայացրել ընդդեմ «Անելիք բանկ»-ի, այս տարվա սեպտեմբերի 20-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը վճիռ է կայացրել բանկից բռնագանձել 22 միլիոն դրամ հօգուտ «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ի:
IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը գտնում է՝ դատարանը վճիռը կայացրել է մի շարք խախտումներով:
Բանկի եւ ընկերության միջեւ վեճը ծագել է տարիներ առաջ. 2010 թվականին «Անելիք Բանկ»-ը, որն այժմ IDBank-ն է, եւ «Բյուրակն» ընկերության միջեւ կնքվել է վարկային պայմանագիր, որով իրական շահառու Գեւորգ Աֆանդյանի ընկերությունը բանկից ստացել է 7 միլիոն դոլար վարկ՝ գրավադրելով այդ բիզնես-խմբի անդամ «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ին պատկանող «Արզնի» հանքային ջրերի գործարանի շենքը: Եվ քանի որ արդեն 2015 թվականի հունվարին «Բյուրակն» ընկերությունը չէր կատարում իր վարկային պարտավորությունները, բանկը ստիպված էր գրավադրված գույքի բռնագանձում կատարել: Բայց նույն թվականի մարտի 4-ին «Անելիք բանկ»-ի եւ «Բ.Մ.Լ. Արզնի» ընկերության միջեւ կնքվել է համաձայնագիր, որով բանկը պարտավորվել է գրավատուին կամ նրա նշած 3-րդ անձին տրամադրել գնման իրավունք:
Կարդացեք նաև
Այս համաձայնագիրը կնքվել էր, քանի որ տվյալ ընկերությունը չուներ ո՛չ իրավական, ո՛չ էլ ֆինանսական կարողություններ հետ գնելու բռնագանձված գույքը, նա սնանկ էր: Ուստի, ինչպես ներկայացրեց Մհեր Աբրահամյանը, 2016-ի օգոստոսին ստեղծվել էր նոր ընկերություն՝ «Տարմակ» ՍՊԸ-ն եւ նույն թվականի նոյեմբերի 6-ին, ըստ համաձայնագրի, բանկը այս «Տարմակ» ՍՊԸ-ին է վաճառել Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ին պատկանող գրավադրված գույքը: «Տարմակ» ՍՊԸ-ի 100% մասնակիցը Վերջինյան կղզիների օֆշորային գոտում գրանցված «Փրայվիթ ինթերնեյշնլ քոմփանի» Ս.Ա. ընկերությունն է, որտեղ ըստ Գ.Աֆանդյանի հետ ձեռք բերված համաձայնության, 33.3% բաժնեմաս է տրվել իր ավագ որդուն՝ Վահե Աֆանդյանին՝ «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ի 100% սեփականատիրոջը: Գույքն օտարվել է ըստ համաձայնագրի եւ Գեւորգ Աֆանդյանի նշված անձին: Ամիսներ հետո սնանկ ճանաչված «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ի սնանկության կառավարիչ Հ. Ասոյանը հայց է ներկայացրել ընդդեմ «Անելիք բանկ»-ի այն հիմքով, որ խախտվել է ընկերության՝ գրավի առարկան 2 տարվա ընթացքում անձամբ կամ իր կողմից նշված անձի կողմից ձեռք բերելու նախապատվության իրավունքը:
Ըստ Ասոյանի՝ բանկը գույքը վաճառել է ավելի շուտ, ինչի համար համաձայնությամբ սահմանված էր տույժ՝ գույքի արժեքի հնգապատիկի չափով՝ 21, 863, 856.35 դոլար:
«Հայաստանի բանկային համակարգի ամբողջ պատմության ընթացքում չի եղել նման մեծության դատական գործընթաց, եւ այս առումով այն աննախադեպ է»,-ասաց Մհեր Աբրահամյանը: Նա նաեւ ասաց, որ այս գործընթացը վերաբերում է «Անելիք բանկ»-ին, սակայն տվյալ գործարարը եւ նրա հետ կապված ընկերություններն ունեն բազմաթիվ դատական գործընթացներ Հայաստանի մի շարք բանկերի հետ եւս:
Մանրամասները՝տեսանյութում
Հիշեցնենք, «Ազգային ժողովում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ի պատասխան պատգամավորների հարցի՝ անդրադարձել էր այս խնդրին, նշելով՝ անբարեխիղճ տնտեսավարողի գործունեությունը վտանգում է Հայաստանի բանկային եւ ֆինանսական համակարգի կայունությունը:
Մանրամասները՝ տեսանյութում
IDBank-ի իրավաբանական վարչության ղեկավար Արթուր Մելիքյանն էլ ասաց, որ սկզբում դատական գործը արհեստական մեխանիզմի կիրառմամբ, տրամաբանությունից դուրս քննվել է Կոտայքի մարզում, մինչդեռ բանկը գրանցված է Երեւանում: Կոտայքի մարզի դատարանը գործը քննել է 5 ամսում, 8 դատական նիստից հետո վճիռը կայացրել է հօգուտ հայցվորի: Բանկն այս վճիռը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում՝ ներկայացնելով հիմքերը: Վերաքննիչ դատարանը բեկանել է դատական ակտը, եւ գործն ուղարկվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան: Բանկի ներկայացուցիչները պնդում են՝ դատարանը ակնհայտ կոպիտ սխալներով վճիռ է կայացրել, թույլ է տվել խախտումներ եւ հաշվի չի առել փաստական մի շարք հանգամանքներ, ուստի կրկին բողոքարկել են վճիռը:
Այս համաձայնագիրն ունի մի շարք անորոշություններ, ընդ որում այն կնքվել է բանկի նախկին ղեկավարների կողմից, այսինքն՝ «Անելիք բանկի» հետ: Արթուր Մելիքյանն ասաց, որ դատարանն ամբողջությամբ խորությամբ չի ուսումնասիրել համաձայնագրի բանակցությունների էությունը, իսկ Աֆանդյանը դատարանում ցուցմունք է տվել, ըստ որի ինքը տեղյակ է բանակցություններից, մասնակցել է, բայց «Տարմակ» ՍՊԸ-ն այն ընկերությունը չէ, որին պետք է վաճառվեր գույքը: Մինչդեռ հիշեցնենք՝ այս ընկերության բաժնետեր է Աֆանդյանի որդին, իսկ դատարանն այս հանգամանքը հաշվի չի առել:
Մանրամասները՝տեսանյութում
IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի ներկայացմամբ՝ առաջին ատյանը չի անդրադարձել եւ չի կատարել Վերաքննիչ դատարանի տված այն հանգամանքները, որոնք պարտավոր էր ուսումնասիրել.«Այս ամենը մեզ թույլ է տալիս ենթադրել, որ հնարավոր է եղել է կոռուպցիոն միջնորդություն, թեեւ փաստեր չունենք»:
Ներպետական ատյանները սպառելուց հետո բանկը չի բացառում, որ կարող է դիմել միջազգային դատարան:
Պարոն Աբրահամյանը վստահեցրեց՝ չնայած այս դատական այս գործընթացին, բանկը ֆինանսական կայուն վիճակում է, այն դինամիկ զարգանում է, շատ լուրջ ծրագրեր ունի Հայաստանում, իրենք նպատակ ունեն բանկը դարձնել միջազգային բանկ.«Բանկի որեւէ հաճախորդ չի կարող տուժել, բանկն ունի առավել քան բավարար կապիտալ եւ իրացվելիություն»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ