Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Մաքսազերծում հաշված րոպեների ընթացքում․ բացվեցին Գյումրու նորակառույց ավտոմաքսատան դռները

Նոյեմբեր 18,2019 21:12

Այսօր առաջին անգամ գործարկվեց Գյումրու նորակառույց ավտոմաքսատունը․ ավտոկրող տրեյլերով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն իրականացվեցին այդ կառույցում, որի մասնաշենքերից մեկն արդեն պատրաստ է՝ տաք, հարմարավետ։

Հսկայական կառույցի շինարարությունը, բնականաբար, դեռ չի ավարտվել, ընթանում է, այն շահագործման կհանձնվի փուլ առ փուլ, և ինչպես նախատեսված է՝ դառնալու է արտաքին գործունեության տնտեսական կենտրոն։

Ավտոմեքենաներ ներկրած անձինք այսօր անչափ գոհ էին, նրանք մաքսազերծել են առանց հերթերի, 30 րոպեի ընթացքում։

Նրանցից մեկը՝ Սուրեն Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «3 մեքենա եմ բերել, կես ժամ է տևել ամբողջ գործընթացը, եթե այսպես շարունակվի, շատ լավ կլինի, հերթերից կպրծնենք։ Թե ինչու պիտի Գյումրիում կատարվի մաքսազերծումն, այդ հարցը մեզանից կախված չէ, որոշել են, որ այստեղ պետք է մաքսազերծվի, եկել, հասել ենք այստեղ։ Ես էլի եմ շեշտում, թեկուզ այսքան ճանապարհ ենք կտրում, թող կտրենք, բայց հերթերը երկար չլինեն, մենք էլ ժամանակին լույս աչքով հասնենք մեր տները։ Ցանկալի կլիներ, որ մեզ մոտիկ լիներ, բայց ամենակարևորը հերթ չլինելն է, նորմալ ձևակերպումներն անեն, շուտ վերջացնեն։ Ինչպես տեսնում ենք՝ մեծ կառույց է, սարքել են հարմարավետ, սպասարկումն էլ երևի թե այսպես էլ կշարունակվի»,- ասաց Սուրեն Հարությունյանը։

3 մեքենա ներկրած մեկ այլ անձ էլ՝ Սևակ Բադալյանն ասաց․ «Հերթերի գոյանալը նաև մեզանից է կախված, առաջ մի հոգին 2-3 մեքենա էր բերում, այսօր կա մարդ, որ միանգամից 30 մեքենա է ներկրում, ոնց կարող է հերթեր չառաջանալ։ Այսօր շատ գոհ ենք, հենց եկել ենք, ոտք են դրել, ձևակերպել են, կառույցն էլ շատ հարմարավետ է։

Չեմ ասում Նորագավիթում վատ էր, բայց ամեն ինչի թազեն լավ է էլի, ասում են՝ ընկերոջ հինն է լավ, ամեն ինչի էլ թազեն։ Թող հեչ չդժգոհեն, որ Գյումրիում է մաքսազերծվելու, եթե պետք լինի, հարյուր կիլոմետր կկտրեն, կանցնեն, որ մեքենա առնեն, թող մի 100 կիլոմետր էլ ավել քշեն, հասնեն Գյումրի, ինչ է եղել որ, ում է խանգարում, չի խանգարում։ Նորմալ է, սա արվել է երկրի համար, ժողովրդի համար, այնպես չէ, որ արվել է ինչ-որ մեկի շահերի համար։ Ինձ թվում է՝ այդ գործոններն այլևս չեն գործում Հայաստանում, ամեն ինչ նորմալ է»։

Գյումրեցի Անահիտ Խլղթայանն էլ , որն իր մեքենան մաքսազերծել էր ուղիղ 25 րոպեի ընթացքում և շատ գոհ էր կառույցի պայմաններից, պատասխանելով ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու հետ կապված բողոքի դուրս եկած անձանց, ասաց․ «Այն ժամանակ, երբ որ գյումրեցիներն էին գնում Երևան, 30 տարի շարունակ, երբևիցե մի անգամ եղա՞վ, որ գյումրեցին դժգոհեր, թե ինչո՞ւ պիտի գնամ Երևան։ Հիմա էլ թող Գյումրիում լինի, ի՞նչ կա դրա մեջ, հայ չե՞նք։

Մի ընկեր ասաց՝ եթե պետք է 50 դոլարը կթողնեմ գյումրեցիներին, գյումրեցիները չեն մնացել այդ 50 դոլարին, գյումրեցիներն աղա եղել են, աղա էլ մնալու են։ Ի՞նչ նշանակություն ունի Գյումրիո՞ւմ է մաքսատունը, թե՞ Երևանում, բոլորս էլ հայ ենք, չի կարելի նման արտահայտություն անել։ 30 տարի գնում էինք Երևան, մի անգամ չդժգոհեցինք, աղմուկ չբարձրացրեցինք, բայց երևանցիները սկսել են մեծ աղմուկ բարձրացնել։ Ի՞նչ տարբերություն, եկեք, գոնե Գյումրին կտեսնեք, մարդ կա, 30 տարի է ՝ չգիտի Գյումրին որտեղ է։ Առիթ է թող գան, տեսնես այս հրաշք, հյուրընկալ քաղաքը»:

ՊԵԿ փոխնախագահ Շուշան Ներսիսյանն էլ ասաց, որ այսօր մոտ 100 քաղաքացի սպասարկվել են, չնայած որ ավտոքարշակները դեռ չեն հասել Գյումրի։ Կադրային ռեսուրսների առումով ամբողջովին պատրաստ են սպասարկելու, միայն ավտոաքարշակները ձևակերպող տեսուչների թիվը 12 է։

Ըստ պաշտոնյայի, վերջնական այստեղ տեղափոխվելու դեպքում ի վիճակի կլինեն մեկ օրվա ընթացքում մինչև 1000 ավտոմեքենա սպասարկելու։

«Ավտոքարշակները սպասարկելուն ամբողջովին պատրաստ ենք, և ինչպես հայտարարել ենք, ամեն ինչ անելու ենք, որ բեռնարկղերով եկած մեքենաներն էլ կարողանանք սպասարկել այստեղ։ Բեռնարկղերով սահմանը հատած մեքենաները միակն են, որ մնացել են այսօր Երեւանում, այն պահից, երբ բեռնարկղերով մեքենաներն էլ կտեղափոխենք այստեղ, դա մոտ ապագայում է տեղի ունենալու, կարող ենք հայտարարել, որ արդեն մաքսազերծման գործընթացը տեղափոխեցինք Գյումրի»,-ասաց Շուշան Ներսիսյանը։

Մեկնաբանելով ավտոներկրողների բողոքները, Շուշան Ներսիսյանն ասաց․ «Տեսեք ես մի առիթ ունեցել եմ սա ասելու, մենք խոսում ենք հերթերի մասին, բայց մի հատ հասկանանք՝ ինչ ենք հասկանում հերթ ասելով։ Մաքսատան բացվելուն պես դռան մոտ կանգնած է լինում 300-350 ավտոմեքենա։ Եվ, եթե մենք ուզում ենք, որ այդ 350 մեքենան 15 րոպեում սպասարկվի, ուրեմն ժամը 09:00-ին ՊԵԿ-ը պետք է 350 ձեւակերպող տեսուչ ունենա, որ միանշանակ արդարացված ծախս չէ այս կարճ ժամկետի համար։ Դրա համար մենք ունենք նպատակ և այդպես էլ շարժվում ենք, ովքեր մուտք են գործում մաքսային տարածք մինչև ժամը 18․00-ը, նույն օրվա մաքսազերծվում են, հաջորդ օրվա չենք թողնում ոչ մի ավտոմեքենա»։

Պաշտոնյան ասաց, որ բանկերի հետ ևս ունեն պայմանավորվածություն, կա նաև պայմանավորվածություն, որ Գյումրիում ավելի երկար են աշխատելու։

Նա անդրադարձավ նաև Գյումրիում տեղակայված Հյուսիսային մաքսատան դիմաց առաջացած հերթերին, որոնք հասնում են մինչև Անի թաղամաս, ձգվում են 1-1,5 կիլոմետր։ Պատասխանելով այն հարցին, թե ՊԵԿ-ը ի՞նչ քայլեր է ձեռնարկել հերթ ծախսելու հետ կապված դեպքերը կանխելու ուղղությամբ, ասաց, որ ՊԵԿ-ը գործառույթը չունի դա բացահայտելու․ դրանք կատարվում են փողոցում, բայց համագործակցում են ոստիկանության հետ, մի քանիսին արդեն հրավիրել են բաժանմունք։

Այն հարցին էլ, որքանով են իրականության համապատասխանում այն տեղեկությունները, որ մի հոգին ասենք 500 մեքենա է ներկրում ու ողջ օրվա ընթացքում այդ անձին են սպասարկում, Շուշան Ներսիսյանն ասաց, որ մի անձը հնարավոր է 100-ից ավելի մեքենա բերի, բայց դրանք մի օրում չեն գալիս, մի հոգին հնարավոր է 5-6 մեքենա մաքսազերծի, բայց ոչ 500։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930