Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ոխերիմ հարեւանները զբաղված են իրենց տարաբնույթ մասնագետներին կեղծ պատմություն սովորեցնելով, իսկ մենք հանում ենք հայագիտական առարկաները

Նոյեմբեր 18,2019 21:21

ԵՊՀ  դասախոսները  հանդիպել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Նրանք նախարարին ներկայացրին բազմաթիվ հիմնավորումներ, որ հայոց լեզուն եւ հայոց պատմությունը բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում ոչ պարտադիր առարկա դարձնելը սխալ որոշում է:

Դասախոսներից  մեկը ասաց. «Ի վերջո, ցանկացած քննարկում պետք է նայվի նաեւ պետական տեսանկյունից: Դուք էլ պետական իշխանություն ներկայացնող անձ եք: Ինչի՞ համար է ստեղծված հայկական պետությունը: Այն ստեղծված է հայկական արժեքների, հայկականության պահպանման եւ զարգացման, հայ անհատ կերտելու եւ զարգացնելու համար: Հիմա եթե Հայաստանի Հանրապետությունը պետական օրենքում գրում է, որ հայոց լեզուն եւ հայոց պատմությունը պարտադիր են, այստեղ պետությունը գտնում է, որ ինքը ունի ասելիք: Իսկ եթե դա հանում ենք, նշանակում է՝ մենք հրաժարվում ենք այդ ասելիքից: Առաջին պարագայում մենք հայկականության, սերունդ զարգացնելու ոլորտը վերցնում ենք ղեկավարման տակ, երկրորդ դեպքում հաստատում ենք կառավարման բացակայություն. գնացեք, ինչ ուզում եք՝ արեք: Հայկական իրականության մեջ ինքնավարություն բառը այս պահի դրությամբ ծուղակային է: Մենք ունենք վարչական ինքնավարություն, քաղաքային ինքնավարություն… բոլոր տեղերում մենք ունենք հասունացման եւ կայացման կարիք: Այդ թվում նաեւ՝ բուհական ինքնավարության առումով: Դրա համար այս հարցը պետությունը պետք է պահի իր ուշադրության տակ, իր կարգավորման ոլորտում:

Խնդրի քաղաքական կողմը: Աշխարհը գլոբալիզացված է՝ գիտաժողովներ, համաժողովներ եւ այլն: Մեր ոխերիմ հարեւանները ամենուր զբաղված են իրենց տարաբնույթ մասնագետներին կեղծ պատմություն սովորեցնելու խնդրով: Հիմա ի՞նչ է տեղի ունենում, առավել եւս, որ դպրոցական մասն էլ թույլ է դասավանդված: Հիմա մեր մասնագետը վեր է կենում գնում է ամենատարբեր գիտաժողովների, որտեղ նաեւ ադրբեջանցի ու թուրքեր են մասնակցում: Նրանք լինեն ֆիզիկոս, արբանյակների կամ այլ մասնագիտությունների կրող, անմիջապես սկսում են պատմությունից խոսել, եւ գործնականում մեր մասնագետները հայտնվում են ծանր վիճակում: Բուհական կրթության մեջ հայոց պատմության ուսուցանումը պետք է լուծի նաեւ որոշակի քաղաքական խնդիր՝ պատմական գիտության առումով գրագետ մասնագետներ պատրաստելու խնդիր: Այսինքն, մենք այս տիրույթում պետք է հասկանանք, որ այս հարցը պետք է լուծել: Իսկ եթե թողնում ենք այս վիճակում, ապա մենք ունենալու ենք բավական թույլ վիճակ: Ես կարող եմ ասել, որ որոշ պարագաներում մենք կարիք ունենք լավ պատրաստված պատմաբան նախարարների, դեպուտատների, որոնք կկարողանան ամեն տեղ հայկական շահը բարձր պահել: Սա հանելով՝ մենք խնդիրը կդնենք կասկածի տակ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930