ԱԺ-ն այսօր քննարկում է «Իմ քայլի» պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Նարեկ Զեյնալյանի եւ Բաբկեն Թունյանի հեղինակած՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը: Համաձայն օրինագծի՝ 2020թ.-ի հունվարի մեկից ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձը 55 հազար դրամից դառնում է 68 000 դրամ: Օրենքը գործելու է մեկ տարի ժամկետով, որից հետո կվերանայվի, եւ հետագա բարձրացումը բացառված չէ:
Պատգամավոր Վարազդատ Կարապետյանը հայտարարեց՝ մամուլում շատ են հրապարակումներն այն մասին, որ նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումը կազդի գործարար ոլորտի վրա եւ կհանգեցնի գործազրկության:
«Բացի այն, որ կառավարությունը 1500 ընկերության շրջանում հարցում է կատարել, մենք էլ հանդիպել ենք 150 գործարարների հետ: Փարատեմ մտահոգությունները. մարդիկ գիտակցում են, որ շահույթի մի մասը պետք է հատկացնեն ցածր աշխատավարձ ստացողների վարձատրությանը»,-վստահեցրեց Վարազդատ Կարապետյանը:
Նա այս իրողությունը դիտարկեց նաեւ սոցիալական պատասխանատվության ենթատեքստում եւ մեկ օրինակ մեջբերեց. «Վերջերս ԱԺ էին եկել Սեւան, Գավառ եւ Սարուխան համայնքների աշակերտներ: Տարօրինակ էր, բայց բոլորն ինձ հարցնում էին, թե ինչ կարծիք ունեմ ներառական կրթության լինել-չլինելու մասին: Տարօրինակ էր աշակերտների մտահոգությունը, որ իրենք վտանգներ էին տեսնում դրանում: Երկար քննարկման արդյունքում բացահայտեցին, որ հոգատար պետք է լինենք իրար հանդեպ, եւ եթե մեկը խնդիր ունի, մյուսները եւս պետք է աշխատեն այդ ուղղությամբ»:
Կարդացեք նաև
Հավելենք, որ նվազագույն աշխատավարձին առնչվող նշյալ օրինագիծը վերաբերում է մոտ 85 000 աշխատողների:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ