Այս օրերին Երեւանում է Եվրոպական կանանց լոբբիի Բուլղարիայի հարթակի համահիմնադիր եւ նախագահ Իլիանա Բալաբանովան, որը ԵԽ-ի եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից կազմակերպված կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության թեմայով ԶԼՄ-ների համար սեմինարի փորձագետներից մեկն էր:
Aravot.am-ի հետ բացառիկ հարցազրույցում խոսելով Հայաստանում աղմուկ հանած Ստամբուլյան կոնվենցիայից, տիկին Բալաբանովան նշեց, ԵԽ Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան նպատակ չունի քայքայել հասարակության արժեհամակարգը, ազգային արժեքները, նպատակը տղամարդկանց եւ կանանց նույն մակարդակի վրա դիտարկելն է, քանի որ երկուսն էլ հասարակության մեջ հավասար դերակատարություն ունեն, եւ կանանց տեղը միայն խոհանոցը չէ:
Մանրամասն` տեսանյութում:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված թյուրըմբռնում կա, եւ հատկապես գենդեր հասկացությունն է թյուրիմացության մեջ ցցում, մարդիկ մտածում եմ, որ Ստամբուլյան կոնվենցիան դուռ է բացում նույնասեռ ամուսնությունների համար, մինչդեռ այնտեղ որեւէ նման նշում չկա: «Ստամբուլյան կոնվենցիան ընտանեկան բռնության մասին է, այն ԼԳԲՏ հանրության, տրանսգենդերների մասին չէ, միասեռ ամուսնությունների մասին չէ, այն բռնության ենթարկվածների մասին է,ի թիվս այլնի, այն ներառում է շատ մասնագետների, այդ թվում լրագրողների վերապատրաստումները, նպատակն է, որ բոլորը դեմ լինեն ընտանեկան բռնությանը»,-ասաց տիկին Բալաբանովան:
Մանրամասն` տեսանյութում:
Իլիանա Բալաբանովան զուգահեռ տարավ այլ երկրների հետ, որտեղ եւս գենդեր բառը այլ ընկալումների տեղիք էր տվել: Նրա ասելով, հաճախ գենդերը կապում են տրանսգենդեր բառի եւ այլնի հետ, եւ այդպես են վարվում հատկապես նահապետական հասարակություններում, որտեղ կնոջ հիմնական տեղը համարում են խոհանոցը, մինչդեռ կինն իբրեւ մասնագետ կարող է շատ հաջողակ լինել, եւ այդտեղ մարդու սեռը բնավ նշանակություն չունի, քանի որ նա անհատ է դիտարկվում:
Նրանից հետաքրքրվեցինք` իր կարծիքով կնոջ սոցիալական վիճակը եւ կրթվածության աստիճանը կապ ունի՞ ընտանեկան բռնության ենթարկվելու հետ, արդյոք ավելի հաճախ վատ կրթված ու վատ պայմաններում ապրող կանա՞յք են ընտանեկան բռնության զոհ դառնում: Փորձագետն ասաց, որ կրթությունն ու սոցիալական վիճակը նշանակություն չունեն, պարզապես շատերը չեն ցանկանում դրա մասին բարձրաձայնել բազմաթիվ պատճառներով, ոմանք էլ այն պատճառով, որ հանրային դեմքեր են ու ճանաչված են: Իլիանա Բալաբանովան ընդգծում է` բռնության զոհերը պետք է աջակցություն ստանան, իսկ բռնարարները հասարակության կողմից թշնամի ճանաչվեն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ