Նոյեմբերի 16-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ամփոփվեց Պարսկական պոեզիայի ասմունքի հանրապետական մրցույթ-փառատոնը. կայացավ մրցույթի մրցանակաբաշխությունը: 2019 թ.-ի մայիսին մեկնարկած երկփուլ մրցույթին մասնակցում էին Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6, թիվ 136 և 100, Լեոնիդ Ազգալդյանի անվան թիվ 200, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի, Գյումրի, Մեղրի, Կարբի և Աբովյան համայնքներից 12-15 տարեկան շուրջ 200 սան:
Մրցույթի առաջին փուլը հաղթահարել էին 52 մասնակից, որից մրցանակային տեղերի արժանացան 8-ը. ժյուրիի կողմից սահմանված պարսկերեն և հայերեն լավագույն ասմունքողների 3-ական մրցանակներին համակազմակերպիչներ՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի կողմից շնորհվեց ևս 1-ական հատուկ մրցանակ համապատասխանաբար՝ հայերենի և պարսկերենի համար:
Մրցանակները հանձնեցին ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Մուհամմադ Ռեզա Հեյդարին, դեսպանության մշակույթի կենտրոնի ներկայացուցիչները, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս Գառնիկ Գևորգյանը:
Պարսկերեն ասմունքի I մրցանակի արժանացավ Վլադ Ստեփանյանը (Մեղրիի մարզամշակութային կենտրոն), II մրցանակը տրվեց Ալբերտ Առաքելյանին (Գյումրիի թիվ 6 հիմն. դպրոց), III մրցանակը՝ Միլենա Հակոբյանին (Երևանի Լեոնիդ Ազգալդյանի անվան թիվ 200 դպրոց): Պարսկերենով ասմունքի հատուկ մրցանակ ստացավ Լիլիթ Ստեփանյանը (Աբովյանի Ա. Վանոյանի անվան թիվ 6 ավագ դպրոց):
Կարդացեք նաև
Հայերեն ասմունքի համար I մրցանակի արժանացավ Արաքսյա Գրիգորյանը (Կարբիի Վ. Թեքեյանի անվ. միջն. դպրոց), II մրցանակի՝ Գրիգոր Շահբազյանը (Երևանի Հ. Կարապենցի անվ. դպրոց), III մրցանակ՝ Միլենա Փալթաջյանը (Երևանի թիվ 136 հիմն. դպրոց): Գրադարանի հատուկ մրցանակ ստացավ Անի Արղությանը (Մխ. Սեբաստացի կրթահամալիր). նրանք արժանացան պատվոգրերի և հուշանվերների:
Մրցանակաբաշխությանը Ազգալդյանի անվան դպրոցի սաները ներկայացրեցին Ֆիրդուսու «Շահնամե» վիպերգությունից մանրապատումներ, մյուսները պոեմից ասմունքեցին հատվածներ: Երաժշտական կատարումով հանդես եկան Պետական կոնսերվատորիայի IV կուրսի ուսանողուհի Լ. Դավթյանը՝ Մ. Հայրապետյանի նվագակցությամբ, և «Կապույտ մզկիթ»-ի ուսանող Գ. Գալթավյանը:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան