Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական տվյալներ 2016-18 թթ արտասահմանցիների կողմից երեխաների որդեգրումների վերաբերյալ

Նոյեմբեր 18,2019 15:55

«Քանի դեռ գործը գտնվում է իրավապահների դաշտում, մենք որեւէ կերպ չենք արձագանքելու որեւէ հրապարակման ու որեւէ մեկնաբանություն չենք տալու, որովհետեւ մեր կողմից ասված կամայական բան կարող է խոչընդոտել իրավական գործընթացին: Բազմիցս ասել ենք, որ սա լինելու է շղթայական բացահայտումների ընթացք, որեւէ կերպ այս փուլը չենք մեկնաբանելու, որ չխոչընդոտենք հետագա բացահայտումներին»,-Aravot.am-ին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ԱԱԾ բացահայտումներին ապօրինի որդեգրումների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ համաձայն ԱԱԾ հաղորդագրության՝ մանկաբարձական հաստատության աշխատակիցները երեխաների որդեգրման համաձայնություններ են ստացել դիտավորությամբ եւ շահադիտական դրդումներով: Նրանք 2016-2018 թթ. ընթացքում տարբեր պատճառներով հղիության ընդհատման համար ծննդատուն դիմած մեկ տասնյակից ավելի կանանց, առանձին դեպքերում հղիության փաստը բարձրաձայնելու սպառնալիքով, նորածնի հիվանդությունը չափազանցնելու, սուտ տեղեկություններով եւ հոգեբանորեն ճնշելու եղանակով, հակել են նրան, որ ծնողը հրաժարվել է երեխայից եւ տվել որդեգրման համաձայնություն: Ընդ որում, ծննդատանը որոշ դեպքերում չեն խորշել ծննդկաններից՝ մատուցած բժշկական ծառայությունների դիմաց որպես կաշառք գումար ստանալուց:

Թե 2016-2018 թվականներին կոնկրետ քանի երեխա է որդեգրվել իտալացիների կողմից, Սոնա Մարտիրոսյանն ասաց՝ այդ մասով վիճակագրություն չունեն, բայց ունեն տվյալներ, թե քանի երեխա է որդեգրվել արտասահմանցիների կողմից:

Ըստ այդ վիճակագրության՝ 2016 թվականին Երեւանի «մանկան տուն» ՊՈԱԿ-ից 30 որդեգրում արտասահմանցիների, 4 որդեգրում տեղացիների կողմից է եղել, Գյումրու «երեխաների տուն »ՊՈԱԿ-ից 5 որդեգրում արտասահմանցիների կողմից, Միսիոներների բարեգործական կազմակերպությունից՝ 2 որդեգրում, երկուսն էլ՝ արտասահմանցիների կողմից, Մարի Իզմիրլյան մանկատնից՝ երկու որդեգրում, երկուսն էլ՝ արտասահմանցիների կողմից, Վանաձորի մանկատուն ՊՈԱԿ-ից երկու որդեգրում տեղացիների կողմից, Տիրամայր Հայաստան կենտրոնից 5 որդեգրում տեղացիների կողմից, 2017-ին Գյումրու «երեխաների տուն»ՊՈԱԿ-ից 1 որդեգրում արտասահմանցու կողմից, Միսիոներների բարեգործական կազմակերպությունից 3 որդեգրում արտասահմանցիների կողմից, Տիրամայր Հայաստան կենտրոնից՝ 2 որդեգրում արտասահմանցիների կողմից, 2018-ին Երեւանի «մանկան տուն» ՊՈԱԿ-ից ՝ 17 որդեգրում  արտասահմանցիների, 12 որդեգրում՝ տեղացիների կողմից, Գյումրու «երեխաների տուն» ՊՈԱԿ-ից՝ 2 որդեգրում արտասահմանցիների կողմից, Մարի Իզմիրլյան մանկատնից՝ 2 որդեգրում արտասահմանցիների կողմից, Միսիոներների բարեգործական կազմակերպությունից, Տիրամայր Հայաստան կենտրոնից եւ Գավառի մանկատնից ունեցել ենք 1-ական որդեգրում, բոլորն էլ արտասահմանցիների կողմից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930