ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է Արամայիս Փաշինյանի թեկնածությունը: ԱԺ-ն այսօրվա նիստում քննարկում է նրա թեկնածության հարցը:
Պատգամավորներին ներկայացնելով իր կենսագրությունը՝ Արամայիս Փաշինյանը տեղեկացրեց, որ տնտեսագետ-հաշվապահ է, աշխատել է առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպություններում՝ այդ թվում որպես ֆինանսական ղեկավար, աուդիտոր, գործակցել է միջազգային կազմակերպության հետ՝ աշխատելով որպես անհատ խորհրդատու, քաղաքականությամբ երբեւէ չի զբաղվել, բայց անտարբեր չի եղել գործընթացների հանդեպ: «Միշտ հստակ քաղաքացիական դիրքորոշում եմ ունեցել իրադարձությունների նկատմամբ, մասնակցել եմ քաղաքացիական նախաձեռնությունների, բնապահպանական շարժումների»,-հայտնեց Փաշինյանը:
«Իմ քայլի» պատգամավոր Սարգիս Խանդանյանն Արամայիս Փաշինյանից հետաքրքրվեց՝ «Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանի հետ ազգակցական կապ ունե՞ք»: Արամայիս Փաշինյանը պատասխանեց. «Անձամբ չեմ ճանաչում վարչապետին եւ Սիփան Փաշինյանին, երբեւէ չեմ հանդիպել, չեմ զրուցել, ոչ էլ միջնորդավորված: Ազգակցական կապ չունեմ: Ինձ հայտնի ազգակցական կապ, համենայն դեպս, չկա»:
Արամայիս Փաշինյանը նաեւ նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի իր սկզբունքը պայմանավորված չէ որեւէ պաշտոնով եւ կարգավիճակով, բայց պատասխանատվության մեծ զգացումով է ընդունել ԲԴԽ-ի առաջարկը. «Ընտրվելու դեպքում հնարավորություն կունենամ ավելի մեծ գործիքակազմով պայքարելու կոռուպցիոն երեւույթների դեմ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ