ՀՀ դատական համակարգի շուրջ ստեղծված մթնոլորտի, բարեփոխումների մասին «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը։
-Ինչպես 1990-ականների սկզբներին, 2000-ականների սկզբներին, այնպես էլ 2020-ի նախաշեմին՝ ունենք խնդիր դատական իշխանության անկախության աստիճանը բարձրացնելու, հասարակության վերաբերմունքը փոխելու առումով։ Նախ` որն եք համարում պատճառը եւ ինքներդ ունե՞ք Ձեր բանաձեւը, առաջարկը՝ ինչ անել, որպեսզի հնարավոր լինի վերափոխել ոչ միայն հանրային կարծիքը, այլ նաեւ իշխանության մյուս ճյուղերի վերաբերմունք առ դատական համակարգ։
– Այս պարագայում թվականները կապ չունեն: Դատական իշխանության անկախությունը, գրեթե բոլոր ժամանակներում, կախված է մեծամասամբ հենց դատավորներից: Եթե իշխանությունները տարիներով նույնիսկ ակնարկ չանեն այս կամ այն գործի վերաբերյալ իրենց դիրքորոշման մասին, երբևէ չհիշատակեն դատական իշխանությունը, սակայն դատավորն ինքը փնտրի այդ տրամադրությունները և, ըստ այդմ, դատական ակտ կայացնի, ապա նման պարագայում էական չէ, թե այդ երկրում ինչ աստիճանի է ապահովված դատական անկախությունը: Այնպես, որ դատական իշխանության անկախության աստիճանը, մեծամասամբ, կախված է, առաջին հերթին՝ հենց դատավորներից: Ինչ վերաբերում է հանրային կարծիքին, ապա այն ուղղակի կախված է վերոհիշյալ հանգամանքներից, բացի այդ էլ՝ այն սուբյեկտիվ է, քանի որ անհրաժեշտ է ուսումնասիրել հասարակության ողջ զանգվածի կարծիքը, ոչ թե միայն շահագրգիռ զանգվածինը, ով այս կամ այն կերպ առնչություն է ունեցել դատական իշխանության հետ և դժգոհ է մնացել դրանից: Կոնկրետ այս ժամանակահատվածում դատավորները թիրախավորված են իշխանության մյուս ճյուղերի ներկայացուցիչների կողմից, ինչը նպաստում է դատավորի կոչման հեղինակազրկմանը և առիթ հանդիսանում, որ մյուս քաղաքացիներն իրենց իրավունք վերապահեն վիրավորելու ու պիտակավորելու դատավորներին:
– Պարոն Բալայան, Դուք միակ դատավորն եք, ով մայիսի 20-ին փորձեց մուտք գործել դատարան եւ կատարել դատավորի իր գործառույթները, թեեւ գործադիր իշխանությունը որոշել էր արգելափակել դատարանի մուտքերը։ Հայտնի է, որ ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցել դատավորի գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ՝ մտադի՞ր եք հետամուտ լինել Ձեր խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ։
Կարդացեք նաև
– Հավաստիացնում եմ, որ միակ դատավորը չեմ, ով այդ օրը փորձել է մուտք գործել դատարան իր պարտականությունները կատարելու նպատակով, շատերին հաջողվել է դա, ուղղակի տեսախցիկները իմ անհաջող փորձն են ֆիքսել: Իմ մուտքը դատարան խոչընդոտելու կապակցությամբ ես իրավապահ մարմիններին հաղորդում չեմ ներկայացրել: Չեմ ցանկանում մեկնաբանել փաստաբանի կողմից սեփական նախաձեռնությամբ ներկայացված հաղորդման կապակցությամբ քրեական գործի հարուցումը մերժելու և դրա բողոքարկման գործընթացները, քանի որ չեմ ուզում դրանց գնահատական տալ որոշակի օբյեկտիվ պատճառներով: