Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարության բաժնի պետը` խեղդված երեխաների եւ դեպքը հատուկ գիշերօթիկների փակման հետ կապելու մասին

Նոյեմբեր 18,2019 14:47

Օրերս Նոր Հաճնի տներից մեկում հայտնաբերվել էին 77-ամյա տատիկի ու 4 թոռների դիերը, որոնք, ըստ նախնական տեղեկությունների, մահացել են խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից: Նիկոլ Փաշինյանն այցելել էր Նոր Հաճնի Սուրբ Հովհաննես եկեղեցի և մոմ վառել նրանց հոգիների հանգստության համար։

«Մեդիա կենտրոնում»` «Հատուկ հաստատությունները փակվում են. խնդիրներն ու առաջին արդյունքները» թեմայով քննարկման ժամանակ խոսելով ողբերգական դեպքի մասին ` ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը նշեց, որ դա իրենց համար եւս սահմռկեցուցիչ էր, ինչի մասին նախարար Բաթոյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել: Նրա խոսքով, ոչ միայն հատուկ հաստատությունների այդ երեխաները, այլեւ ցանկացած ոք ապահովագրված չէ նման ողբերգությունից, եւ այն կարող էր նաեւ տանը ապրող երեխաների հետ էլ տեղի ունենալ:

«Այսօր հաստատությունների հետ կապված պատճառահետեւանքային կապ փորձել գտնելը տեղին չէ: Մանավանդ այս ընտանիքն ընդգրկված է եղել մեր աջակցության ծրագրերում եւ այսօր արդեն պետք է ստանային հաջորդ փուլը աջակցության: Սա այն ընտանիքն է, որտեղ հրաշալի հարաբերություններ եւ կապեր կան: Ընտանիքն ընդամենը սոցիալական աջակցության կարիք ուներ: Վարչապետն էլ հայտարարությամբ հանդես եկավ, որ բոլորս պետք է փորձենք ապահովել մեր անվտանգության կանոնները գազի կաթսայի հետ կապված, քանի որ սեզոնն է այդպիսին»,-ասաց Անահիտ Քալանթարյանը:

Քալանթարյանը փաստեց, որ այս պահի դրությամբ ռիսկային խմբերում գտնվող երեխաների մեծ թիվ ունեն, որոնց վերադարձը բացառում են, դրանով է պայմանավորված, որ օրինակ՝ Գյումրու թիվ 2 գիշերօթիկ հաստատությունը գործելու է մինչեւ 2020թ հուլիսի 25-ը: Ընդգծեց, որ որոշակի ապատեղեկատվության տարածում կա, ու այն երեխաները, որոնք դուրս են գրվել հատուկ հաստատությունից, եղել է ծնողների ցանկությամբ: Ինչ վերաբերում է այն երեխաներին, որոնք կարող են հայտնվել խնամատար ընտանիքներում, նրանք չունեն ծնողներ, իսկ դա, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետի խոսքերով, այլընտրանք է մանկատանը:

Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի ղեկավար Միրա Անտոնյանը նշեց, որ ավելի մեծ թվով կարիքավոր երեխաներ կան, որոնք որեւէ հաստատությունում չեն գտնվում, եւ գրեթե հիմնավորված չէ, թե ինչու տասնյակ հազարավոր երեխաներից հատկապես 260-ն են պետք է լինեն հատուկ հաստատություններում: «Աղքատությունից հավասարաչափ տուժում են շատ ընտանիքներ, հատուկ հաստատություններ երեխաներին հանձնում են քչերը, պետությանը դիմում է կարիք ունեցողների փոքր մասը…Բայց ընդունում ենք, որ այն երեխաների պարագայում, որոնք գտնվում են հատուկ հաստատություններում, ռուբիկոնի սահման կա անցած…Դեպքերն, իհարկե, տարբեր են, բայց մարդկանց մի մասը իներցիայով շարունակում է պետությունից աջակցություն ակնկալել, մինչդեռ իրականում պետությունից պետք է պաշտպանություն ակնկալել, ոչ թե բարեկեցություն…Այլ հարց է, որ երբեմն ծնողները չեն կարողանում բարեկեցություն ապահովել»:

Միրա Անտոնյանի ձեւակերպմամբ, վերջապես իրերն իրենց անուններով կոչելու քաղաքական կամք է դրսեւորվել եւ շատ կարեւոր սկզբունք կա. «Երեխայի` հաստատությունից տուն վերադառնալու պարագայում հաստատությունում ստացված ծառայությունների ծավալը չպետք է զիջի տուն վերադառնալուց հետո այդ ծառայությունների ստացմանը, դա կամ հավասար պետք է լինի, կամ մեծ…Եթե երեխան վերադառնում է X գյուղ, որտեղ կան հարյուրավոր երեխաներ, եւ ոչ մեկը խմբակ չի գնում, ուրեմն եկեք խմբակ ստեղծենք այդ գյուղում, ու ոչ թե խմբակ գնալու համար երեխային իր գյուղից կտրենք եւ տանենք թիվ այսինչ գիշերօթիկը: Արդյոք դա խելացի՞ լուծում է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը ` «Մեդիա կենտրոնի» ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930