Լրահոս
Օրվա լրահոսը

«Կամ Հայկ Մարությանը կոռուպցիայի մեջ է, կամ Տարոն Մարգարյանը կոռուպցիայի մեջ չէր». Թեհմինա Վարդանյան

Նոյեմբեր 18,2019 14:58

Այսօր «Հայելի» մամուլի ակումբում Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Անի Խաչատրյանը եւ Թեհմինա Վարդանյանն անդրադարձան Երեւանի աղբահանության խնդրին: Նախկինում, քաղաքային իշխանությունը «Սանիթեք» ընկերությանը տրամադրում էր 5 միլիարդ 146 միլիոն դրամ գումար, այժմ, նորաստեղծ ընկերությանը տրամադրվում է 4 միլիարդ 600: Բայց «Սանիթեքը» 20 տոկոս ԱԱՀ էր վճարում պետությանը, նոր ստեղծված հիմնարկն ազատված է այդ հարկերից եւ ստացվում է, որ շուրջ 600 միլիոն դրամ ավելի գումար է ունենում: Անի Խաչատրյանն ասում է`իր գնահատմամբ, նոր հիմնարկը գոնե որակական առումով պետք է ավելին լիներ «Սանիթեքից», գոնե «Սանիթեքի» առաջին երկու տարիների նման պետք է ապահովեր սանմաքրումը: «Բայց ես խիստ կասկածու եմ, որ ունենալու ենք, որովհետեւ Երեւանում սանմաքրում պարզապես չկա: Սանմաքրումը միայն աղբամանները դատարկելը չէ: Ներդրումների համար էլ 1 միլիարդ 130 միլիոն գումար ենք տրամադրում: Ավել գումար ենք տրամադրում, որի իմաստը չկա»,- ասաց նա:

Երեկ երեկոյան, ի դեպ, Անի Խաչատրյանին տեսանյութ են ուղարկել, թե արդեն ինչ վատ վիճակում են աղբահանության համար գնված նոր «Կամազները»:

Թեհմինա Վարդանյանն էլ հավելեց, որ ավելի տրամադրվող 1 միլիարդ 130 միլիոնն, ըստ փոխքաղաքապետի, մեքենաների ամորտիզացիայի եւ պահպանման համար է, բայց «Կամազի» ծախսերը վստահաբար ավելի քիչ են, քան այն մեքենաները, որոնք ուներ «Սանիթեքը»:

Ավագանու ընդդիմադիր անդամները կարծում են, որ տրանսպորտի հարցում, երբ պետք էր սկսել այն կետից, որտեղից նախորդ իշխանությունն էր թողել, չարվեց, նորից սկսեցինք ամենը եւ հիմա ունենք կորսված մեկ տարի: Ավելին, նորից խոսվում է մեկ օպերատորի մասին, մրցակցային դաշտ չի լինելու:

«Լույս» դաշինքի անդամներն անդրադարձան քաղաքապետարանի հնգամյա ծրագրին, որտեղ նոր վերելակների մասին ոչինչ չկա: Աջափնյակ եւ Մալաթյա-Սեբաստիա համայնքների առաջարկած բյուջեում անգամ վերելակների վերանորոգման համար նախատեսված գումարներ չկան: Մինչդեռ Երեւանում կա մոտ հինգ հազար վերելակ, որոնց կեսը վերանորոգման կամ առհասարակ փոխելու կարիք ունի: Ստորգետնյա, վերգետնյա անցումների մասին էլ ոչինչ չկա, մետրոյի, ճոպանուղու, Կասկադի մասով էլ գրված է`կախված ներդրումներից: Իսկ այդ ներդրումներին սպասում են դեռ խորհրդային տարիներից:

Անի Խաչատրյանի կարծիքով, քաղաքային իշխանությունը հասկանալով, որ մետրոյի Աջափնյակ կայարանը հնարավոր չէ կառուցել, նոր խոստում են տվել`մետրոյի կայարան`«Սուրմալու» եւ «Փեթակ» առեւտրի կենտրոնների հատվածում: «Այդտեղ բաց տարածքով է գնացքն ընթանում`կամրջի վրայով, այսինքն, պետք է ունենալ ընդամենը կայարան`աստիճան եւ ծածկ, ուրիշ ոչինչ»,- ասաց նա:

Փոխարենը, այս հնգամյա ծրագրում էլ կա 44 միլիոն դրամ`նախատեսված դրոշների համար, մի բան ինչում իրենք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մեղադրում էին Տարոն Մարգարյանին:

Կանգառասրահների հարցն էլ նախկինի նման մնում է օդում: Ավագանիները հիշեցրին Հայկ Մարությանի նախընտրական տեսահոլովակը`ֆուտբոլի դաշտերի մոտ կանգնում էր երեխաների հետ եւ ասում`կառուցելու ենք: Հինգ տարվա ծրագրով 30 ֆուտբոլի դաշտ է ընդամենը կառուցվելու:

Ամանորյա ծախսերը բանախոսները դեռ չեն ուսումնասիրել, բայց կարծում են, որ դա է միակ արդարացված ծախսը, քանի որ գեղեցիկ ծրագիր է նախապատրաստվում:

Թեհմինա Վարդանյանը հիշեցրեց նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հայտարարում էր, թե նստարանները 65-70 հազար դրամով կարելի է ձեռք բերել 160 հազարի փոխարեն, մինչդեռ այս տարի դրանք 164 հազար դրամով են ձեռք բերվել: «Նիկոլ Փաշինյանը Տարոն Մարգարյանին մեղադրում էր`կոռուպցիոն գործարքի մեջ: Ես հորդորում եմ`ՊՎԾ-ն ուղարկեք, թող ստուգեն, եթե կոռուպցիա չկա ներողություն խնդրենք Տարոն Մարգարյանից եւ պարոն Փաշինյանից, որ հիմա մենք ենք այդպես մտածում`անալոգիաներ անցկացնելով: Կամ Հայկ Մարությանը կոռուպցիայի մեջ է, կամ Տարոն Մարգարյանը կոռուպցիայի մեջ չէր»,- ասաց նա:

Երեւանի Կոնդ թաղամասի մասով էլ քաղաքային իշխանությունը «հեղափոխական ձեռքբերում» ունի`հինգ տարվա ընթացքում կքննարկեն հանձնաժողով ստեղծելու հարցը: Հնգամյա ծրագիրը, ըստ ընդդիմադիր ավագանիների, մեծամասամբ հանձնաժողովներ, խմբեր ստեղծելու եւ հարցերն ուսումնասիրելու մասին է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930